Open post
Legal-Consulting

«Խորը մտահոգություն են հայտնում բարեփոխումների արտաքին եւ ներքին սպառման օրակարգերում առկա հակասությունների առնչությամբ»

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանում տարբեր ոլորտներում նախատեսված բարեփոխումների արտաքին եւ ներքին սպառման օրակարգերում առկա հակասությունների առնչությամբ։

Մասնավորապես, լրագրողական մի քանի կազմակերպություններ տեղեկացվել էին, որ մինչեւ սթ հուլիսի 14-ը կարող են առաջարկություններ ներկայացնել  «Լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի, ԲԴԽ դատարանների եւ դատավորների փոխհարաբերության կարգը հաստատելու մասին» որոշմաննախագծի վերաբերյալ։ Վերոհիշյալ փաստաթուղթը պարունակում է մի շարք խոստումնալից դրույթներ, օրինակ այն, որ «Բարձրագույն դատական խորհրդի դռնբաց նիստերին եւ աշխատանքային խորհրդակցություններին կարող են ազատորեն ներկա գտնվել լրատվության միջոցների ներկայացուցիչները, կատարել տեսա-լուսանկարահանումներ, այդ թվում՝ անմիջապես ուղիղ եթեր հեռարձակմամբ»:

Փաստորեն, այն ժամանակահատվածում, երբ լրագրողական հանրության ներկայացուցիչները պետք է առաջարկություններ մշակեին որոշման նախագծի վերաբերյալ, հուլիսի 3-ին տեղի ունեցավ աղմկահարույց դեպք՝ ԲԴԽ-ն լրագրողներին չթույլատրեց ներկա լինել իր՝ նախապես հայտարարված դռնբաց նիստին, որտեղ քննարկվում էր հանրային հետաքրքրության առաջացրած հարց։ Դրան հաջորդած օրերին, երբ մենք եւ մեր բազմաթիվ գործընկերներ տարբեր հարթակներից քննադատեցինք այդ միջադեպը եւ սպասում էինք տեղի ունեցածի մասին Բարձրագույն դատական խորհրդի բացատրություններին, ինչպես նաեւ ապագային միտված հետեւություններին, ավաղ, ոչ մի արձագանք չեղավ, ինչը չէր կարող չստիպել՝ գտնել երկու գործընթացների միջեւ առկա հակասության գաղտնիքը։

Հիմքեր ունենք եզրակացնելու, որ ԲԴԽ որոշման նախագծի բովանդակության լայնախոհությունը պայմանավորված է այն պարզ հանգամանքով, որ այն ստեղծվում է Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի հետ համատեղ ծրագրի շրջանակներում եւ Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, ինչի համար միայն շնորհակալ ենք։ Իսկ Բարձրագույն դատական խորհրդի հուլիսի 3-ի նիստը տեղի էր ունենում մեր ներքին իրականությունում, միջազգային հանրության աչքից հեռու։ 

Այս հայտարարությամբ մենք վճռականորեն վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են միջազգային համագործակցության օրակարգերում եւ երկրում «բարեփոխումների» պրակտիկայում գոյություն ունեցող նման անջրպետները։

Մեր սկզբունքային մոտեցումն է՝ նպաստել Հայաստանի տարբեր ոլորտների ինստիտուցիոնալ առաջընթացում լրատվամիջոցների դերի բարձրացմանն ուղղված քայլերին, սակայն անընդունելի ենք համարում մեր մասնակցությունը ձեւական, ցուցափեղկային նախաձեռնություններին։

Կոչ ենք անում նաեւ ՀՀ պետական կառույցների միջազգային գործընկերներին հետեւողական լինել եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել տեղի ունեցող գործընթացների արդյունավետությանը, որպեսզի թղթի վրա հայտարարագրված բարեփոխումներն իրենց համարժեք անդրադարձն ունենան իրական կյանքում։

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ–ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

Հայտարարությունը բաց է ստորագրման համար

Open post
Nagorno-Karabakh -- "Civilnet" correspondent Hayk Ghazaryan, Stepanaker, 12Jul2023

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են «Սիվիլնեթի» արցախյան թղթակցի դեմ հարձակումները

Խոր մտահոգությամբ և վրդովմունքով տեղեկացանք երեկ՝ հուլիսի 11-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում «Սիվիլնեթ» լրատվական կայքի սեփական թղթակից և «Անալիտիկոն» պարբերականի լրագրող Հայկ Ղազարյանի նկատմամբ ֆիզիկական բռնության մասին։ Մի խումբ անձինք դարանակալել են, փորձել առևանգել նրան, և երբ դա չի հաջողվել, ծեծի են ենթարկել։ Լրագրողն այդ մարդկանցից ոմանց ճանաչել է և ասում է, որ նրանք ԼՂՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի շրջապատից են։ Այս միջադեպին նախորդել է երկու օր առաջ Հայկ Ղազարյանի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումը․ Ստեփանակերտում բողոքի ակցիան լուսաբանելիս նրա ձեռքից մի ոստիկան խլել է հեռախոսը, որը ավելի ուշ վերադարձվել է, բայց նկարահանված կադրերը ջնջված են եղել։

Տեղի ունեցածը հատկապես դատապարտելի է, եթե հաշվի առնենք, որ անցած տարվա դեկտեմբերից Ադրբեջանը շրջափակել է Արցախը, որի բնակչությունը հայտնվել է հումանիտար աղետի եզրին, և այս պայմաններում տեղի իշխանությունները պետք է առավել ջանքեր գործադրեն և հանդուրժողականություն ցուցաբերեն հանրային համերաշխություն ձևավորելու համար։ Մինչդեռ, կիրառված բռնությունը վկայում է, որ ընտրվել է միանգամայն այլ՝ նեղ քաղաքական, խմբային խնդիրների սպասարկման ճանապարհ։

Ուշագրավ է, որ աղմկահարույց այս միջադեպից հետո Արցախի իշխանությունների կողմից որևէ արձագանք կամ գնահատական չի հնչել։ Սա ևս մի անուղղակի ապացույց է այն ենթադրությունների, որ Հայկ Ղազարյանի նկատմամբ բռնության կազմակերպմանն առնչություն ունեն բարձրաստիճան պաշտոնյաներ։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է․ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե «Անալիտիկոն»-ի ու «Սիվիլնեթ»-ի աշխատակից Հայկ Ղազարյանի գլխից մի մազ պակասի, ապա մե՛զ հետ եք գործ ունենալու, ու ոչ միայն մեզ հետ։ Խոսքս Արցախի պատկան մարմիններին է ուղղված։ Այս իրավիճակից փոքրիշատե պատվով դուրս գալու շանս դեռ ունեք»։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտելով Հայկ Ղազարյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը, պահանջում ենք․

  • Արցախի դատախազությունից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները լրագրողին ծեծի ենթարկած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար,
  • ԱՀ խորհրդարանից ու կառավարությունից՝ դիրքորոշում արտահայտել տեղի ունեցած բռնության վերաբերյալ,
  • Արցախի նախագահից՝ պաշտոնանկ անել ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին, եթե ապացուցվի նրա առնչությունը վերոհիշյալ միջադեպին։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Armenia -- Deputy Mayor of Yerevan Tigran Avinyan, Yerevan, 07Feb2023

Հայտարարություն՝ Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ -ի և լրագրող Դավիթ Սարգսյանի գործի կապակցությամբ

Մարտի 31-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ -ի և լրագրող Դավիթ Սարգսյանի՝ ներողություն խնդրելուն, պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատասխանողներից 9 միլիոն դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով։ Հայցի առիթը փետրվարի 25-ին «168․am» կայքի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութն է՝ «Տիգրան Ավինյան. նորահայտ մեծահարուստը» վերնագրով, որի հեղինակը՝ Դավիթ Սարգսյանը, փոխքաղաքապետին, մասնավորապես, ներկայացնում է որպես «անսահմանափակ վարչական ռեսուրսի տիրապետող» պաշտոնյա, որի ընտանիքը «անշեղորեն հարստանում է»։

Մայիսի 2-ին դատարանը վարույթ է ընդունել դատական գործն ու բավարարել է հայցվորի միջնորդությունը հայցի ապահովում կիրառելու մասին, այն է՝ 9 միլիոն դրամի չափով կալանք դնել լրագրողին և լրատվամիջոցին պատկանող գույքի և բանկային հաշիվների վրա։ Ըստ պատախանողների՝ այդ որոշումը կայացնելուց առաջ իրենց հետ որևէ քննարկում չի եղել, ավելին՝ իրենք չեն տեղեկացվել միջնորդության մասին և հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու իրենց առարկությունները:

Եթե այս տեղեկությունները հաստատվեն, վերադաս դատական ատյաններն ուղղակի պարտավոր են լինելու գնահատական տալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այս գործելակերպին։

Դատական ընթացակարգի առերևույթ խախտումներից զատ, այս գործում խիստ մտահոգիչ են հետևյալ  փաստերը․ 1) լինելով բարձրաստիճան պաշտոնյա՝ Տիգրան Ավինյանը փորձ չի կատարել խնդիրը լուծել արտադատական կարգով, այդ թվում չի դիմել խմբագրությանը՝ հերքում հրապարակելու պահանջով, 2) գնալով դատարան՝ նա ներկայացրել է գումարային առավելագույն փոխհատուցման պահանջ, 3) չբավարարվելով դրանով՝ Ավինյանը նաև այդ ահռելի գումարի չափով հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել, որը նախադեպը չունի ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների դատական գործերի մեր բազմամյա մշտադիտարկումների ընթացքում,   և 4) դատարանը անշեղորեն բավարարել է այդ պահանջը։

Առայժմ ձեռնպահ մնալով վիճարկվող նյութը գնահատելուց, դրանում վիրավորանքի և զրպարտության առկայությունը կամ բացակայությունը որոշելուց (այս փուլում դա դատարանի գործն է)՝  մենք հայտարարում ենք, որ վերոհիշյալ փաստերը հստակ վկայում են, որ Տիգրան Ավինյանը նպատակ է հետապնդել ոչ այնքան ճշտում կատարել, հերքել կամ պատասխանել հրապարակմանը, այլ պատժել, ճնշում գործադրել լրագրողի և լրատվամիջոցի վրա։ Իսկ դատավորը փաստորեն նպաստել է Ավինյանի այդ մտադրություններին։ Սա անթույլատրելի է, և համոզված ենք, որ այս աղաղակող փաստերը չեն վրիպի նաև միջազգային կազմակերպությունների ու փորձագետների աչքերից, քանի որ հակասում են Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին։ Մասնավորապես, հայցի ապահովում կիրառելիս պետք է մանրամասն պատճառաբանվի դրա անհրաժեշտությունը՝ թե՛ հայցվորի, թե՛ դատարանի կողմից։ Մինչդեռ այս գործով հասկանալի չէ, թե ինչու է հայցվորը կարծել, իսկ դատարանը հաստատել նրա մոտեցումը, որ եթե պատասխանողի գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք չդրվի, դատական ակտը չի կարող կատարվել: Էլ չենք ասում, որ դատարանները պարտավոր են վիրավորանքի և զրպարտության գործերով հայցի ապահովում կիրառելիս պահպանել դրա համաչափությունը, հաշվի առնել լրատվամիջոցի կանոնավոր գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու հանգամանքը, ինչը տվյալ դեպքում բացակայում է:

Համոզված ենք, որ այս դատական գործընթացի անընդունելի դրսևորումների մի մասը ուղիղ կապ ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում 2021 թվականի մարտի 24-ին իրականացված փոփոխությունների հետ, ըստ որոնց՝ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման վերին շեմերը եռապատկվեցին՝ դառնալով համապատասխանաբար 3 միլիոն և 6 միլիոն դրամ։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արտահայտելով մեր խորը մտահոգությունը Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի դատական գործընթացի առնչությամբ՝ պահանջում ենք․

  • Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ անհապաղ չեղարկել վերոհիշյալ գործով հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը, հանել արգելանքը պատասխանողների գույքի և բանկային հաշիվների վրայից և անցնել բուն վեճի քննությանը,
  • Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանից՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա, ցուցաբերել առավել հանդուրժողականություն, դրսևորել զբաղեցրած դիրքին առավել հարիր վարքագիծ և դատական գործում կենտրոնանալ իր մասին հրապարակման ճշգրտման ու, եթե հիմքեր կան, հերքման վրա, կամ, ինչը գերադասելի է, հետ վերցնել հայցը և խնդիրը լուծել արտադատական կարգով՝ դիմելով Տեղեկատվական վեճերի խորհուրդ կամ ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմին՝ փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Armenia -- People holding phones in their hands, Yerevan, 26Apr2023

Առցանց անանունությունը Հայաստանում 

Թվային դարաշրջանում առցանց անանունությանը (ինչպես անանունությունն ընդհանրապես) արտահայտվելու ազատության երաշխիք է, իսկ անանունության բացակայությունն ըստ այդմ կաշկանդում է արտահայտվելու ազատությունը:

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի՝ «Առցանց անանունության իրավունքը Հայաստանում» զեկույցը փորձ է հետազոտելու առցանց անանունության իրավական կարգավորումները մեր երկրում, նախանշել առկա կարգավորումների խնդրահարույց կետերը և նախանշել այս հիմնարար իրավունքի ապահովման ու պաշտպանության համար անհրաժեշտ քայլերը։

Զեկույցը նախատեսված է լրատվամիջոցների, մեդիա կազմակերպությունների, իրավապաշտպանների, ոլորտի փորձագետների, պետական կառավարման մարմինների և օրենսդիրների համար։

Զեկույցը հասանելի է PDF ֆորմատով՝ այս հղումով։

Open post

Հայտարարություն՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում նոր սահմանափակման մասին

13 մարտի, 2023թ․, Երևան

Մարտի 1-ին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության առաջարկած օրինագծերի ծավալուն մի փաթեթ, որի հիմքում «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքն է։ Ի թիվս շատ այլ վիճահարույց փոփոխությունների, որոնց անհրաժեշտությունը լրացուցիչ մասնագիտական վերլուծության կարիք ունի, խորհրդարանը նոր սահմանափակում մտցրեց նաև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում։ Մասնավորապես՝ դրա 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, որը նախատեսում է տեղեկատվության մերժում, եթե այն «պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք», ավելացվեցին «կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» բառերը։ Այս փոփոխությամբ, ըստ էության, խեղաթյուրվեց և արժեզրկվեց ամբողջ այդ օրենքը։

Նախ՝ առնվազն հստակ չէ, թե ինչ չափանիշներով է առանձնացվում «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»-ը, և, բացի այդ, խիստ վիճահարույց է տվյալ սահմանափակման հիմնավորումը։ Ստացվում է, որ պետական կառույցներում շրջանառվող գրեթե յուրաքանչյուր փաստաթուղթ, նույնիսկ եթե այն որևէ գաղտնիություն չունի, կարող է բնութագրվել որպես «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» պարունակող։ Փաստորեն, օրենսդրական այս փոփոխությամբ պաշտոնական տեղեկատվությունը մերժելու նոր հիմքեր են ստեղծվում։

Ճիշտ է, «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքի հասկացություններում ներկայացված է, թե ինչ է նշանակում «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն», և դրա կարգավորումներին մի ամբողջ գլուխ է նվիրված։ Բայց նախ՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքից օգտվողը պարտավոր չէ վերոհիշյալ հասկացության իմաստը փնտրել այլ՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում։ Եվ ամենակարևորը՝ այդ հասկացության ձևակերպումը այնքան ընդհանրական է, որ դրա տակ ինչ ասես կարող է ընդգրկվել։ Այդ թվում՝ պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության ստվերոտ կողմերը, բացթողումներն ու չարաշահումները, որոնք ժողովրդավարությանը ձգտող ցանկացած երկրում պետք է հասարակության ու մամուլի քննադատության թիրախ դառնան։ Իսկ հիմա դրանց մեծ մասը կարող է փակ մնալ։

Պաշտոնական տվյալների մատչելիության սահմանափակմանը, բացթողումների ու չարաշահումների կոծկմանն է ուղղված նաև շրջանառության մեջ դրված մեկ այլ՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» նոր օրենքի նախագիծը։ Ըստ դրա՝ նույն տրամաբանությամբ խիստ սահմանափակվում է նաև բնապահպանությանը վերաբերող տվյալների տրամադրումը։ Հիշեցնենք նաև, որ անցած տարվա վերջից քննարկման է դրված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը, որը լայն հնարավորություններ է տալիս ինֆորմացիոն ոլորտում կամայական և անհամաչափ սահմանափակումներ կիրառելու համար։

Այսպիսով, գոյացել է տեղեկատվության ազատությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունների մի ամբողջ ռեգրեսիվ շղթա։ Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ պետական մարմիններից պաշտոնական տվյալներ ստանալն առանց այն էլ անասելի բարդությունների հետ է կապված, և բազմաթիվ անհիմն մերժումների են բախվում և՛ անհատ քաղաքացիները, և՛ լրատվամիջոցները, և՛ հասարակական կազմակերպությունները։

Ընդ որում՝ այդ հետադիմական օրինագծերը, նախքան դրանց հրապարակելը կամ շրջանառության մեջ դնելը, պատշաճ չեն քննարկվել մասնագիտացված հասարակական կառույցների հետ։ Մինչդեռ՝ անցած տարվա ապրիլի 19-ին մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Հուշագիր ստորագրեցինք օրենսդիր մարմնի (ի դեմս ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահի) և գործադիր իշխանության (ի դեմս ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի) հետ առ այն, որ ինֆորմացիոն ոլորտին վերաբերող օրենքների յուրաքանչյուր փոփոխություն պետք է իրականացվի այժմ մշակվող օրենսդրական բարեփոխումների Հայեցակարգի սկզբունքների հիման վրա՝ մասնագիտական քննարկումներ անցկացնելով գաղափարների ծագման փուլից սկսած։

Արձանագրում ենք, որ անցած մոտ մեկ տարվա ընթացքում Հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները մի շարք դեպքերում իշխանությունների կողմից չեն պահպանվել։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք՝

  • ՀՀ նախագահից՝ չստորագրել «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքի և դրա հետ ընդունված օրենսդրական փոփոխությունների փաթեթը, հատկապես ուշադրություն դարձնել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությանը և ուղարկել այն Սահմանադրական դատարան՝ որոշելու այդ փաստաթղթի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը,
  • Ազգային ժողովից և ՀՀ կառավարությունից՝  «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրինագիծը և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը հանել շրջանառությունից, դրանց վերաբերյալ նախաձեռնել լրացուցիչ  ուսումնասիրություններ և լայն քննարկումներ փորձագիտական շրջանակների հետ, ինչպես նաև ուղարկել այդ փաստաթղթերը միջազգային փորձաքննության։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post

Հայտարարություն ռազմական դրության պայմաններում նախատեսվող սահմանափակումների վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում, 2022թ. դեկտեմբերի 22-ից 2023թ․ հունվարի 6-ը քննարկման էր դրել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդմ՝ ռազմական դրություն հայտարարելու դեպքում  նշված օրենքի խմբագրված 8-րդ հոդվածի 13-15 կետերով նախատեսվում է.

  • կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաև՝ տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում,
  • հեռուստատեսությամբ հեռարձակվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը,
  • ՀՀ տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գիտակցելով ռազմական դրության պայմաններում որոշ սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը, այդուհանդերձ, համոզմունք ենք հայտնում, որ

օրինագծի վերոնշյալ դրույթներն այս տեսքով հիմնված չեն պատշաճ քննարկումների, ակնհայտ ռիսկերի գնահատման ու հնարավոր խիստ բացասական հետևանքների վերլուծության վրա, և հետևաբար ամբողջությամբ մերժելի են։

Զուտ մասնագիտական տեսանկյունից այդ դրույթներն այնքան խոցելի են և այնքան հարցեր են առաջացնում, որ դրանց մանրամասն անդրադառնալն անիմաստ ենք համարում։ Մեր խորը մտահոգությունն ենք նաև արտահայտում առ այն, որ ժողովրդավարությունը որպես ազգային բրենդ ներկայացնող երկրում իշխանությունը նման փաստաթուղթ է հրապարակել։

Կասկածից վեր է, որ հատկապես ռազմական դրության պայմաններում էլ ավելի է կարևորվում կեղծ լուրերի, ապատեղեկատվության, թշնամական քարոզչության և կիբերհարձակումների դեմ պայքարը։ Սակայն դրա հետ կապված օրենսդրական կարգավորումները պետք է լինեն ողջամիտ, առավել հստակ՝ առանց  կամայականությունների հնարավորություն տվող սողանցքների։ Եթե իշխանությունները հակված են այս մոտեցմանը, ապա ուղղակի պարտավոր են հանրության դատին ներկայացնել ծագած խնդիրները, դրանց հրատապ լուծումների հիմնավորումներն ու միջոցները, որից հետո միայն հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ կառավարությունից պահանջում ենք`

  • ձեռնպահ մնալ տվյալ օրինագիծը պաշտոնապես շրջանառության մեջ դնելուց և թեմայի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ, ընդ որում՝ զրոյական կետից՝ սկսած գաղափարի վերլուծությունից,
  • ձևավորել աշխատանքային խումբ, որը կհստակեցնի առաջարկվող փոփոխությունների նպատակներն ու խնդիրները և դրա հիման վրա կմշակի նոր օրինագիծ՝ զերծ պահելով այն սուբյեկտիվ մեկնաբանությունների և կամայական գործողությունների հնարավորություն տվող ձևակերպումներից,
  • օրինագծի նոր տարբերակն ուղարկել միջազգային փորձաքննության,
  • քննարկել ռազմական դրության պայմաններում սահմանափակումներ կիրառելու որոշումներ կայացնելիս փորձագիտական շրջանակների հետ խորհրդակցելու հնարավորությունները, ինչպես նաև՝  մեխանիզմներ մշակել այդ որոշումների կատարման նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Posts navigation

1 2
Scroll to top