
Ժամանակահատված — 1 ապրիլ 2026 — 31 մայիս 2027
Դոնոր կազմակերպություն — Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոն
Իրականացնող կազմակերպություն — Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Ծրագիրը նպատակն է ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների դեմ 2026թ. ընտրական և հետընտրական շրջանում՝ բարելավելով արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության հայտնաբերման ու վերլուծության կարողությունները, միաժամանակ տրամադրելով թիրախային կիբեռանվտանգության աջակցություն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, լրատվամիջոցներին և այլ ռիսկային խմբերին։
Ծրագիրը ներառում է երկու փոխլրացնող բաղադրիչ
- Առաջին բաղադրիչը կենտրոնացած է արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության մշտադիտարկման վրա՝ Facebook, TikTok, Telegram և YouTube հարթակներում։ Արդյունքները կամփոփվեն ամսական վերլուծական զեկույցներում և կտարածվեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մեդիա դերակատարների շրջանում։
- Երկրորդ բաղադրիչը, որն իրականացվելու է CyberHUB-AM նախաձեռնության շրջանակում, ուղղված է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մեդիա դերակատարների կիբեռանվտանգության դիմակայունության ամրապնդմանը։ Այն ներառում է արագ արձագանքման և տեխնիկական աջակցության տրամադրում, կիբեռանվտանգության ռիսկերի գնահատում, ինչպես նաև թվային անվտանգության, ԱԲ ռիսկերի, փաստերի ստուգման ու ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ թիրախային դասընթացներ։
Այս երկու բաղադրիչների համատեղ իրականացման արդյունքում ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանում առավել անվտանգ և դիմակայուն տեղեկատվական միջավայրի ձևավորմանը՝ լրագրողներին, մեդիա մասնագետներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տրամադրելով անհրաժեշտ վերլուծական և տեխնիկական գործիքներ՝ զարգացող տեղեկատվական և կիբեռսպառնալիքներին արձագանքելու համար։

