TV Towers

Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարությունն իր վերջին՝ նոյեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին եւ հարակից օրենսդրության մեջ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին ու որոշել է սահմանված կարգով դրանք ներկայացնել Ազգային ժողով։ Սա հերթական աղաղակող փաստն է, երբ իշխանությունը խիստ գաղտնի պայմաններում մշակում եւ խորհրդարան է ուղարկում կարեւոր օրենքի նախագիծ՝ առանց քաղաքացիական հասարակության կառույցներին այդ գործընթացում ներգրավելու եւ նրանց հետ որեւէ քննարկում անցկացնելու։

Մինչդեռ 2000 թվականից ի վեր եւ հատկապես 2010-ին, երբ անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացի առնչությամբ վերախմբագրվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, պետական տարբեր ատյաններին ու հանրությանը ներկայացրել ենք մեր դիրքորոշումները, փորձագիտական եզրակացություններն ու օրենսդրական առաջարկությունները։ Ցայսօր ոլորտի պատասխանատուների գզրոցներում են մնում միջազգային փորձագետների առաջարկների հիման վրա պատրաստված՝ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին մեր նախագծերը, որոնցով նախատեսվում էր արմատական բարեփոխումներ իրականացնել հեռարձակման ոլորտում։ Իշխանական ամենաբարձր ատյաններում մեզ հավաստիացրել են, որ այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը վերանայելիս հաշվի կառնվեն մեր մոտեցումները, իսկ նոր օրենք մշակելիս անպայման կներգրավվեն նաեւ մեր փորձագետները։ Հետեւաբար, հիմքեր կային ակնկալելու, որ մեզ հնարավորություն կընձեռվի կառուցողական ներդրում ունենալու ընդունվող որոշումներում եւ կարգավորումներում։

Ցավոք, հերթական անգամ իշխանությունները տեր չեղան իրենց խոստումներին եւ անտեսեցին մասնագիտացված հասարակական կառույցների մասնակցությունը կարեւոր գործընթացին։ Այսպիսի գործելաոճն առավել եւս անընդունելի է այն պահին, երբ պաշտոնական Երեւանը պատրաստվում է Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր ստորագրել, որում քաղաքացիական հասարակության անմիջական ներգրավվածությունը քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու պարտադիր պայման է դիտարկվում։ Կառավարության այս մոտեցումը փաստորեն արհամարհում է նաեւ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ 2017 թվականի սեպտեմբերի 27-ին ընդունած Քաղաքական որոշումների կայացմանը քաղաքացիական մասնակցության վերաբերյալ ուղեցույցի դրույթները:

Մոտակա ժամանակահատվածում մենք դեռ կանդրադառնանք նոր օրենքի նախագծի բովանդակությանը` վերլուծությունների, եզրակացությունների ու

հայտարարությունների տեսքով։ Սակայն այսօր իսկ անհրաժեշտ ենք համարում նշել, որ այն ընդամենը մեկտեղել է անցած 7 տարվա ընթացքում կատարված փոփոխություններն ու լրացումները եւ համապատասխանեցվել է նոր Սահմանադրությանը։ Անդրադարձ չի արվել ոլորտի բազմաթիվ խնդիրներին, որոնք կուտակվել ու խորացել են այս տարիների ընթացքում՝ որեւէ լուծում չստանալով ոչ օրենսդրական, ոչ էլ պրակտիկ քաղաքականության մակարդակներում։

Մասնավորապես, չլուծված է մնում կարգավորող մարմնի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախության խնդիրը։ Գործող օրենքից այս օրինագիծ անցած անընդունելի պայմանների հետեւանքով չի ստեղծվելու թվային հեռարձակման մասնավոր ցանց՝ մուլտիպլեքս։ Չի լուծվելու մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերությունների հարցը, որոնք 2010 թվականի քաղաքականացված եւ անարդար մրցույթների հետեւանքով դուրս մնացին թվայնացման գործընթացից եւ ստիպված են շարունակել անալոգային ռեժիմով գործել՝ կորցնելով լսարանն ու գովազդատուներին։ Այս թվարկումը կարելի է շարունակել։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք.

– ՀՀ Ազգային ժողովից՝ վերադարձնել օրինագիծը կառավարություն, պահանջելով վերանայել այն՝ հաշվի առնելով հանրության, մասնագիտացված հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային փորձագետների առաջարկություններն ու մոտեցումները,

– ՀՀ կառավարությունից՝ ստեղծել պետական կառույցների մասնագետներից ու անկախ փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող օրինագիծ մշակելու նպատակով։

Մենք կոչ ենք անում նաեւ միջազգային կազմակերպություններին եւ հատկապես Եվրամիությանը՝ առավելագույնս նպաստել այս գործընթացին՝ հայաստանյան հեռարձակման ոլորտը բարեփոխելու եւ արդիականացնելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to top