Կոշտ վիճաբանություն, ապա հերքում, հետո՝ ներողություն․ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև Երևանի մետրոյում մի քանի րոպե տևած խոսակցությունը վեր հանեց երկրում տարիներ շարունակ կուտակված լարվածությունը։
Մարտի 22-ին վարչապետն իր թիմակիցների հետ Երևանի մետրոյում բաժանում էր Հայաստանի քարտեզով կրծքանշաններ։ Երբ նա փորձեց դրանցից մեկը նվիրել մի երեխայի, միջամտեց երեխայի մայրը՝ հրաժարվելով վերցնել և խնդրելով չխանգարել իրենց։ Սակայն կարճ խոսակցությունը արագ վերածվեց լարված վիճաբանության, որի ընթացքում Փաշինյանը մատ թափ տալով հայտարարեց․ «Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնացել։ Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։
Բարձր տոնով ընթացող այս խոսակցությունը արագ դուրս եկավ մետրոյի սահմաններից՝ տեղափոխվելով սոցիալական մեդիա։ Այն արժանացավ ինչպես առողջ քննադատության, այնպես էլ դարձավ իշխանության և նրա գործելաոճի նկատմամբ քննադատության ու վարկաբեկման գործիքի։ Միջադեպում հնչած ձևակերպումներն արագ ընդհանրացվեցին որպես իշխանության վերաբերմունք տեղահանվածների նկատմամբ՝ «փախածներ» արտահայտության շուրջ սրելով հանրային քննարկումները։
Սակայն, միայն այս միջադեպը չէր իշխանության վարկաբեկման առիթ․ շաբաթվա ընթացքում տեղեկատվական դաշտում ակտիվ շրջանառվում էր նաև «ուրախ ավտոբուսը»։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավային ավտոբուսը ընդդիմության կողմից ներկայացվում էր որպես քաղաքական ցուցադրականության և վարչական ռեսուրսի կիրառման օրինակ։
Մարտի 16-22-ը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի իրականացրած մոնիտորինգի արդյունքները (2596 հրապարակում) ցույց են տալիս, որ քաղաքական հակառակորդների վարկաբեկման թեման շարունակում է պահպանել բարձր ակտիվություն (380 հրապարակում), իսկ երկրորդ տեղում ընտրությունների վերաբերյալ հրապարակումներն են (353)։
Ընտրություններին ընդառաջ
Ընտրական օրակարգում սկսեցին ավելի հստակ ձևավորվել հիմնական դերակատարները և քաղաքական դիրքավորումները։ Հայտարարվեց, որ «Հայաստան» դաշինքը և Հայ հեղափոխական դաշնակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանդես կգան միասնական ձևաչափով՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Ռոբերտ Քոչարյանին։ Այս դաշինքի հանդիպումների ընթացքում ընտրությունները հաճախ ներկայացվում էին որպես էքզիստենցիալ սպառնալիք՝ երկրի ապագայի համար վճռորոշ պահ, պետականության պահպանման հարց։ Աշտարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «առաջիկա ընտրությունները ճակատագրական են և վերաբերում են երկրի լինել-չլինելուն»՝ շեշտելով, որ դրանց արդյունքներից են կախված Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Զուգահեռաբար, քաղաքական դաշտում հայտ ներկայացրեց նաև «Նոր ուժ» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ որպես թեկնածու առաջադրելով Հայկ Մարությանին և ընդլայնելով մրցակցության շրջանակը։
Ընտրական թեմատիկայի շուրջ ակտիվ էին նաև ռիսկերի վերաբերյալ քննարկումները։ Մասնավորապես, բարձրաձայնվում էին մտահոգություններ արհեստական բանականության միջոցով ստեղծված դիփֆեյքերի և կեղծ տեսանյութերի կիրառման մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրողների վարքագծի վրա։ Այս մտահոգությունները համընկնում են նաև նախորդ շաբաթ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գնահատականի հետ, ըստ որի՝ «ամենամեծ ռիսկն այս պահին կեղծ տեղեկատվությունն է»։
Հրապ. բաշխումն ըստ շաբաթվա օրերի եւ նարատիվի
Այլ թեմաներ
Բացի ներքաղաքական զարգացումներից, տեղեկատվական դաշտում ակտիվ էին նաև արտաքին ազդեցության, եկեղեցի-իշխանություն հարաբերությունների և եվրոպական ներդրումների շուրջ ձևավորվող թեմաները։
Հայաստանի վրա արտաքին ուժերի ազդեցության վերաբերյալ հրապարակումներում (261) ուշադրության կենտրոնում հայտնվեց «VT Foreign Policy» կայքում հրապարակված նյութը, որը վարչապետի մամուլի քարտուղարի կողմից հերքվեց՝ որակվելով որպես տեղեկատվական-հիբրիդային ազդեցության հերթական դրսևորում։ Նյութում ներկայացված էին վարչապետի և մի շարք պաշտոնյաների հասցեին ուղղված անհիմն մեղադրանքներ՝ կապված թրաֆիքինգի և օրգանների վաճառքի հետ, որոնք կառուցված էին էմոցիոնալ թեմաների շահարկման վրա։ Հրապարակումը արագ դուրս եկավ տեղական տեղեկատվական դաշտից՝ հասնելով միջազգային հարթակներ։
Այս պատմությունը ցույց տվեց, թե ինչպես են արտաքին կասկածելի աղբյուրներն ու տեղեկատվական հիբրիդային գործիքները ինտեգրվում ներքին քաղաքական քննարկումներին՝ դառնալով պաշտոնյաների նկատմամբ վարկաբեկման մեխանիզմների մաս։
Եկեղեցի-իշխանություն հարաբերությունների թեման (219 հրապարակում) նույնպես պահպանեց բարձր ակտիվություն։ Ընդդիմադիր մի շարք գործիչներ շարունակում էին եկեղեցին ներկայացնել որպես իշխանության կողմից թիրախավորված ազգային ինքնության կարևոր հենասյուն։ Որպես ճնշման հերթական դրսևորում ներկայացվեց նաև Գարեգին Բ կաթողիկոսի՝ երկրից բացակայելու արգելքը հանելու միջնորդության մերժումը, ինչի հետևանքով նա չմասնակցեց Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորությանը։
Միաժամանակ, ուշադրության կենտրոնում հայտնվեց ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք լրացուցիչ 140 մլն եվրոյի ֆինանսական աջակցության մասին տեղեկությունը։ Իշխանությունները սա ներկայացրին որպես եվրոպական ինտեգրման խորացման և իրականացվող բարեփոխումների նկատմամբ միջազգային վստահության կարևոր ազդակ։
Սոցցանցային դերաբաշխում
Սոցիալական հարթակներում բովանդակության տարածումը շարունակեց պահպանել տարբերակված բնույթ՝ յուրաքանչյուրի վրա առանձնացնելով իր բնորոշ թեմատիկ ուղղությունները։ YouTube-ը (1014 հրապարակում) առանձնացավ որպես վերլուծական և երկար ձևաչափի բովանդակության հիմնական միջավայր։ Մոնիտորինգի արդյունքներով այստեղ առավել հաճախ հանդիպել են էքզիստենցիալ սպառնալիքի (145) և եկեղեցի–պետություն հարաբերություններին վերաբերող (139) հրապարակումներ՝ կենտրոնացած արժեքային և անվտանգային հարցերի խորքային մեկնաբանության վրա։
Նարատիվների բաշխումը սոցիալական մեդիայում
16–22 մարտ, 2026 թ.Telegram-ում (825 հրապարակում) գերակշռել են ընտրական (144) և զինված ուժերին առնչվող (106) նարատիվները՝ հիմնականում ներկայացված կարճ և արագ հաղորդագրությունների ձևաչափով։
Facebook-ը (537 հրապարակում) պահպանել է իր դերը որպես ներքաղաքական օրակարգի ձևավորման հարթակ․ այստեղ առավել տեսանելի են մրցակիցների վարկաբեկման և քաղաքական գործիչների հայտարարություններին վերաբերող հրապարակումները։ TikTok-ը (220 հրապարակում) ևս առավել ակտիվ կիրառվել է մրցակիցների վարկաբեկման նպատակով՝ կարճ և էմոցիոնալ հոլովակների տարածման համար (43)։
Հոդվածը հիմնված է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից իրականացված «ՀՀ տեղեկատվական միջավայրը և նարատիվների դինամիկան մարտի 16-22-ը» մոնիտորինգի զեկույցի վրա։ Մոնիտորինգի մեթոդաբանությունը և զեկույցները հասանելի են այստեղ:
Հոդվածի հեղինակ՝ Սեդա Առաքելյան
Տվյալների վերլուծությունը՝ Հրայր Զորհրաբյան


