Գիրք և արտաքին քաղաքականություն․ շաբաթվա տեղեկատվական պատկերը (մարտի 9-15)

Նվեր, հրաժարական և մի քանի օր շարունակվող քննարկումներ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին արցախյան հիմնահարցին վերաբերող գիրք նվիրելու պատճառով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ազատվեց աշխատանքից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Ղարաբաղյան շարժում չկա․․․։ Էն պետական պաշտոնյան, ով որ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք ա ազատվի աշխատանքից։ Այսինքն մենք պետությո՞ւն ենք, թե՞ սա ինքնագործ խմբակ ա, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք փորձարկում»։ 

Հայտարարությունն արագ դարձավ տեղեկատվական դաշտի գլխավոր թեմաներից մեկը։ Միջադեպն ակտիվորեն օգտագործվեց իշխանություններին վարկաբեկելու նպատակով՝ այն ներկայացնելով որպես ազգային և պատմական հարցերում զիջողական քաղաքականության արտահայտություն։ Այս համատեքստում Փաշինյանը որոշ հրապարակումներումբնութագրվում էր որպես «Հայաստանի Աբդուլհամիդիկ» և ներկայացվում որպես պետականության չգոյության խորհրդանիշ։

Մարտի 9-15-ը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի իրականացված մոնիտորինգի արդյունքները (2101 հրապարակում) վկայում են, որ քաղաքական հակառակորդների քննադատությունն ու վարկաբեկումը շարունակում են պահպանել բարձր ակտիվություն (338 հրապարակում)։ 

Ինֆոգրաֆիկա — Linechart

Իշխանություններին վարկաբեկելու համար լրացուցիչ առիթ ստեղծվեց նաև մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո։ Վարչապետը հայտարարեց, որ որոշ հոգևորականներ «իրենք իրենց դարձրել են օտարերկրյա հատուկ ծառայությունների համար խոցելի» և ներգրավված են «պատերազմի կուսակցության» ձևավորման մեջ։ Այս հայտարարությունը տեղեկատվական դաշտում ակտիվորեն օգտագործվեց՝ մի կողմից սրելով եկեղեցի-իշխանություն հարաբերությունների շուրջ քննարկումները, մյուս կողմից՝ արտաքին ազդեցության թեման դարձնելով ներքաղաքական հակադրության առանցք։

Միևնույն ժամանակ, նույն այցի շրջանակում ակտիվացավ նաև Եվրոպա և Հայաստան թեման (168 հրապարակում)։ «Եվրոպա և Հայաստան. դաշնակիցներ, գործընկերներ, բարեկամներ» ձևակերպմամբ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի X-ում կատարած գրառումը իշխանամետ մեդիայի կողմից ներկայացվեց որպես եվրոպական աջակցության ապացույց։

Արտաքին քաղաքականություն և էներգետիկա

«Միջին միջանցք»՝ «Զանգեզուրի միջանցքի» փոխարեն․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Բաքվի 13-րդ գլոբալ ֆորումում ուշադրության կենտրոնում հայտնվեց ոչ միայն բովանդակությամբ, այլև կիրառված ձևակերպմամբ։ Սոցիալական մեդիա հարթակներում նկատվեց «միջին միջանցք» տերմինի տարածման միտում։

Տարածաշրջանային հաղորդակցությունների և տնտեսական կապերի թեման շարունակվեց նաև էներգետիկ օրակարգում (191 հրապարակում)։ Որպես աստիճանական ակտիվացման ազդակ դիտարկվեց Երևանի և Անկարայի միջև էներգետիկ համագործակցության քննարկումը։ Ուշադրության արժանացավ նաև Փարիզում մեկնարկած Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։

Այլ թեմաներ

Ներքաղաքական օրակարգում զուգահեռ ակտիվ էր նաև ընտրական գործընթացների շուրջ դիսկուրսը (237 հրապարակում)։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ «ամենամեծ ռիսկը, որ այս պահին կեղծ տեղեկատվությունն է, կեղծիքը, որը մեր պարագայում նաև միտված է ընտրական համակարգի նկատմամբ անվստահություն ձևավորելուն»։ Այսպիսով, կեղծ տեղեկատվության և մանիպուլյացիաների տարածումը ընտրական շրջանում դիտարկվում է որպես համակարգային ռիսկ՝ էական ազդեցություն ունենալով ընտրողների վարքագծի վրա։

Սոցցանցային դերաբաշխում

Մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ տեղեկատվական դաշտում սոցիալական հարթակների միջև կա ֆունկցիոնալ բաժանում։ YouTube-ը (906 հրապարակում) հիմնականում օգտագործվում է երկար ձևաչափի վերլուծական բովանդակության տարածման համար․ այստեղ առավել հաճախ դիտարկվել է որպես անվտանգային և ռազմավարական թեմաների ավելի խորքային քննարկման միջավայր։

Ինֆոգրաֆիկա — Նարատիվների դերաբաշխումը սոցիալական մեդիայում

Telegram-ում (710 հրապարակում) առավել նկատվել են «Եկեղեցի և պետություն» և «Զինված ուժեր» նարատիվներին վերաբերող նյութեր, որոնք հաճախ ներկայացվում են արագ արձագանքների, կարճ մեկնաբանությունների և քաղաքական դիրքորոշումների ձևաչափով։

Facebook-ը (388 հրապարակում) հիմնականում ծառայել է քաղաքական պայքարի և ներքաղաքական օրակարգի ձևավորման հարթակ։ Այստեղ առավել շատ դիտարկվել են «Մրցակիցների վարկաբեկման» և «Ընտրությունների» թեմաներով հրապարակումները, որոնք ուղղված են լայն լսարանի վրա ազդեցություն ունենալուն և քաղաքական բևեռացման խորացմանը։

Հոդվածը հիմնված է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից իրականացված «ՀՀ տեղեկատվական միջավայրը և նարատիվների դինամիկան մարտի 9-15-ը» մոնիտորինգի զեկույցի վրա։ Մոնիտորինգի մեթոդաբանությունը և զեկույցները հասանելի են այստեղ:

Հոդվածի հեղինակ՝ Սեդա Առաքելյան
Տվյալների վերլուծությունը՝ Հրայր Զորհրաբյան

Related Articles