Պատերազմն արդեն նախընտրական սպառնալիք է․ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններն այլևս չի ներկայացնում որպես քաղաքական մրցակցություն, այլ՝ գոյատևման հարց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հղում անելով իր 7 տարվա փորձին, ուղղակիորեն հայտարարել է, որ սահմանադրական մեծամասնություն չստանալու դեպքում «սեպտեմբերին աղետալի պատերազմ կլինի»։ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ ավելացրել է, որ «օլիգարխների առաջարկած ուղին» անխուսափելիորեն տանելու է դեպի պատերազմ։
Այսպիսով, մարտի վերջին շաբաթը կոնսոլիդացվում է մեկ կոշտ թեզի շուրջ՝ ՔՊ-ի սահմանադրական մեծամասնության բացակայությունը ներկայացվում է որպես նոր պատերազմի ռիսկ, իսկ արտաքին քաղաքական հարթակում հնչող գնահատականներն այդ կապը տարածում են ավելի հեռու՝ այլընտրանքային սցենարների դեպքում հարցականի տակ դնելով անգամ Հայաստանի գոյությունը որպես անկախ պետություն։
Ընդդիմադիր դաշտն էլ նույն տրամաբանությունից դուրս չի գալիս՝ նույնքան կոշտ ձևակերպումներով բարձրացնելով խաղադրույքը․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Կոտայքում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարում է. «Այս ընտրությունը պարզ, քաղաքական ընտրություն չէ, սա գոյաբանական հարց է»։
Մարտի 23-31-ը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի իրականացրած շաբաթական մոնիտորինգը (2459 հրապարակում) ցույց է տալիս, որ հայաստանյան տեղեկատվական դաշտում ընտրական գործընթացը վերաձևակերպվել է որպես անվտանգային և գոյաբանական ընտրություն (252 հրապարակում):
Շաբաթվա ավարտին տեղեկատվական դաշտում եկավ մի պահ, երբ մեկ իրադարձություն որոշեց գրեթե ամբողջ օրակարգը։
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպը դարձավ առանցքային իրադարձություն, որից հետո երեք անձի նկատմամբ սկսված քրեական հետապնդումները լայնորեն մեկնաբանվեցին որպես իշխանությունների կողմից ձայները ճնշելու փորձ։
Մոնիտորինգի տվյալները ցույց են տալիս, որ հենց այս ժամանակահատվածում զգալի աճ է գրանցվել իշխանություններին վարկաբեկող նարատիվների հրապարակումների քանակում։ Գրաֆիկում ակնհայտ է, որ այդ աճը համընկնում է միջադեպի ժամանակագրության հետ՝ վկայելով դրա անմիջական ազդեցության մասին։
Ինֆոգրաֆիկա — ժամանակագրություն
Արտաքին ազդեցություն
Նախորդ հոդվածներում արդեն նշել էինք, որ ԵՄ-ի կողմից հիբրիդային սպառնալիքների դեմ արագ արձագանքման խումբ ուղարկելու թեմայով ակտիվ քննարկումներ են ձևավորվել, որոնք հաճախ մեկնաբանվում էին որպես արտաքին ազդեցություն Հայաստանի ներքին գործընթացների վրա։ Այս շաբաթ փաստերի ստուգման հարթակը (Fip.am) հրապարակեց տեսանյութ, ըստ որի` շրջանառվող միտքը, թե արտաքին ուժերը փորձում են ազդել ընտրությունների վրա, շարունակում է ակտիվորեն քննարկվել։ Միևնույն ժամանակ, այս թեման տարածում գտավ նաև ռուսական մեդիայում, որտեղ այն ներկայացվում էր որպես Հայաստանի ներքին գործերին դրսից միջամտություն։
Որպես օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիա և միջամտություն որակվող մեկ այլ օրինակ էլ կապված էր Հայաստանի զինված ուժերի հետ․ փուլային կերպով տարածվեց պնդում, թե իբր իշխանությունները պատրաստվում են հետ վերցնել պատերազմի մասնակիցներին տրված պարգևները։ Տեղեկությունը պաշտոնապես հերքեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Սոցցանցային դերաբաշխում
Մարտի վերջին շաբաթվա մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ սոցիալական հարթակներից առավել մեծ ակտիվություն գրանցվել է Telegram-ում (1035 հրապարակում), որը պահպանել է իր դիրքը որպես ամենաօպերատիվ տեղեկատվական միջավայր։ Այստեղ գերակշռել են կարճ ձևաչափի, արագ արձագանքող հրապարակումները՝ հիմնականում ընտրական գործընթացների և ներքաղաքական զարգացումների շուրջ։
Ինֆոգրաֆիկա — Նարատիվների դերաբաշխումը սոցիալական մեդիայում
Ընտրությունները որպես անվտանգային և նույնիսկ գոյաբանական սպառնալիք ներկայացնող դիսկուրսը առավել ակտիվորեն շրջանառվել է YouTube-ում (876 հրապարակում)՝ վերլուծական, երկար ձևաչափի և խորքային մեկնաբանությունների տեսքով։
TikTok-ում (315 հրապարակում) ակտիվ է եղել կարճ և հուզական բովանդակության տարածումը, որտեղ քաղաքական թեմաները հաճախ ներկայացվել են սեղմ, երբեմն հեգնական կամ սատիրական ձևաչափերով՝ ապահովելով արագ ներգրավվածություն։ Հատկապես նկատելի ակտիվացում արձանագրվեց մարտի 29-ին՝ Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ վարչապետի այցի ընթացքում տեղի ունեցած քաշքշուկի տեսանյութերը լայն տարածում ստացան հենց այս հարթակում։
Հոդվածը հիմնված է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից իրականացված «ՀՀ տեղեկատվական միջավայրը և նարատիվների դինամիկան մարտի 16-22-ը» մոնիտորինգի զեկույցի վրա։ Մոնիտորինգի մեթոդաբանությունը և զեկույցները հասանելի են այստեղ:
Տվյալների վերլուծությունը՝ Հրայր Զորհրաբյան
Հոդվածի հեղինակ՝ Սեդա Առաքելյան


