ՀՀ կառավարության, միջազգային համայնքի, քաղհասարակության ավելի քան 60 ներկայացուցիչներ առցանց միջոցառման ընթացքում ծանոթացան ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության վիճակին, առկա կարիքներին, աշխատանքային վեճերի վերաբերյալ դատական պրակտիկային, աշխատանքային իրավունքների վրա COVID-19-ի ազդեցությանը, ինչպես նաև ԵՄ-ում արհմիությունների ստեղծման լավագույն փորձին վերաբերող հետազոտությունների արդյունքներին։ Հինգ հետազոտությունները կատարել են Եվրոպական միության աջակցությամբ ոլորտում երեք ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների խմբերը։
«Կառավարության և քաղհասարակության հետ մշտական երկխոսության շրջանակում ԵՄ-ն աջակցում է Հայաստանում աշխատանքային իրավունքների բարելավմանը և հարգանքին։ Աշխատանքային օրենսդրությունը պետք է ընկալվի ոչ թե ձեռնարկատիրական ազատությունների իրացման խոչընդոտ, այլ սոցիալական երկխոսությունը խթանող գործիք»,- իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինը։ Միջոցառմանը ներկա էին և մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։
Հետազոտությունները բացահայտել են ՀՀ-ում աշխատանքային իրավունքների իրավիճակի հետ կապված մի շարք խնդիրներ։ Մասնավորապես՝ Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակի վերաբերյալ հետազոտությունը (հետազոտության ամբողջական զեկույցը), Կարիքների գնահատման համապարփակ հետազոտությունը և Աշխատանքային վեճերի վերաբերյալ դատական պրակտիկայի ուսումնասիրությունը մատնանշել են իրենց իրավունքների վերաբերյալ աշխատողների իրազեկվածության պակասի խնդիրը։ Երեք հետազոտություններն էլ առաջարկություններ են ներառում հանրային իրազեկվածության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ՝ կապված արձակման նպաստի, ազատվող աշխատողների արտոնությունների և փոխհատուցումների, ինչպես նաև իրավական պաշտպանության առկա միջոցների հետ՝ հատկապես մարզերում, մասնավոր հատվածում աշխատողների, ինչպես նաև կանանց շրջանում՝ նրանց իրավազորելու իրենց իրավունքներին հետամուտ լինելու հարցում։
Հետազոտությունների այլ բացահատումներ փաստում են, որ՝
- հարցվողների 16․7%-ը չունի աշխատանքային պայմանագիր.
- հարցվողների 6.8%-ը նշել է աշխատավայրում վտանգի գործոնների բարձր մակարդակի մասին, իսկ 79.2%-ը ոչ մի փոխհատուցում չի ստանում, եթե աշխատավայրում առկա են վտանգի գործոններ.
- իրենց գործատուին, անմիջական ղեկավարին կամ վերադաս մարմնին աշխատանքային պայմանների վերաբերյալ դժգոհություն հայտնածների միայն 15.2%-ն է հասել հարցի լուծման, 45.8%-ի դեպքում հարցը մասնակիորեն է լուծվել, իսկ 35.6%-ը չի հասել որևէ լուծման.
- հարցվողների միայն 28.3%-ն է նշել իրենց աշխատավայրում արհեստակցական միությունների առկայության մասին։ Մեծամասնությունը (85.7%) նշել է, որ երբևէ գործընկերների հետ ջանքերը չեն միավորել ընդդեմ գործատուի՝ որևէ հարց լուծելու կամ իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով.
- երիտասարդները դժվարություն ունեն համապատասխան աշխատանք գտնելու հարցում` աշխատանքային փորձի պակասի կամ բացակայության պատճառով, կամ գտնում են շատ ցածր վարձատրվող աշխատանք։ Հարցվողների 26%-ի դեպքում երիտասարդ տարիքը բացասական դեր է խաղացել աշխատանք գտնելու հարցում, իսկ 50%-ի դեպքում փորձի բացակայությունը կամ պակասը նրանց թույլ չի տվել անցնել իրենց ուզած աշխատանքին.
- որոշ կանայք խոչընդոտների են բախվում աշխատանք փնտրելիս կամ աշխատանքը փոխելու կամ առաջխաղացման հարցում։ Կին հարցվողների 22.7%-ի դեպքում կին լինելը վճռորոշ դեր է խաղացել աշխատանք փնտրելիս կամ աշխատանքային գործունեության ընթացքում, ընդ որում՝ նրանց 52%-ի դեպքում այդ դերը եղել է բացասական.
- Հայաստանի թե պետական, թե մասնավոր հատվածում գործող կազմակերպությունների մեծ մասը չունի անհրաժեշտ հնարավորություններն ու պայմանները հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի համար, ինչը մեծ խոչընդոտ է այդպիսի մարդկանց աշխատանքի վերցնելու հարցում։ Շատ գործատուներ էլ պարզապես խուսափում են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի վերցնելուց՝ անհանգստանալով, որ նրանց առողջությունը կարող է հանգեցնել հաճախակի բացակայությունների.
- Հայաստանում բնակչությունը շատ քիչ է տեղեկացված աշխատանքային իրավունքների պաշտպանության և վերահսկողության կառույցների մասին։ Հարցվողների կեսից ավելին՝ 54%-ը, տեղյակ չէ, թե որտեղ է պետք դիմել իրենց աշխատանքային իրավունքների խախտման դեպքում.
- Աշխատանքային իրավունքների վերաբերյալ դատական գործերի մեծամասնությունը պետական և համայնքային պատկանելության կազմակերպությունների դեմ է, ինչպիսիք են դպրոցները, առողջապահական հաստատությունները, բուհերը, ինչպես նաև հենց նախարարւթյուններն ու համայնքապետարանները։ Համաձայն հետազոտական տվյալների՝ մասնավոր հատվածում աշխատանքից ազատումների բողոքարկումների մակարդակը շարունակում է ցածր մնալ։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև «COVID-19 համավարակի ազդեցությունը Հայաստանում աշխատանքային իրավունքների վրա» և «ԵՄ-ում արհմիությունների ստեղծման լավագույն փորձը» հետազոտությունների արդյունքները։
ՀՀ-ում աշխատանքային իրավունքների հետ կապված իրավիճակի բարելավմանն ուղղված երեք ծրագրերն իրականացնող կազմակերպությունները պայմանավորվեցին շարունակել ոլորտում համակարգված ջանքերը՝ լավագույն արդյունքի հասնելու համար։
Միջոցառման ամբողջական տեսագրությունը հասանելի է ԱՅՍՏԵՂ։ Բոլոր հետազոտությունների զեկույցները կհրապարակվեն վերջնականացվելուց հետո։
***
Աշխատանքային իրավունքների պատպանության ուղղությամբ Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող երեք ծրագրերը
«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ:
«Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոնի և «Կիրակի» զարգացման հիմնադրամի կողմից:«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ‑ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: