Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում» լրագրողական 3-րդ մրցույթը՝ շարունակելով խթանել Հայաստանում իրականացվող փոփոխությունների լուսաբանումը: Նպատակն է խրախուսել որակյալ լրագրողական պատմությունների ստեղծումն ու տարածումը, հասարակության իրազեկման բարձրացումը երեք ոլորտային ռեֆորմների (թափանցիկություն և հաշվետվողականություն, տեղական ինքնակառավարում, սոցիալական ոլորտ), ինչպես նաև՝ մարդու իրավունքների մասին:
«Թվապատում 2017. պատմություններ փոփոխությունների մասին» մրցույթին ներկայացված հայտերը պետք է համապատասխանեն հետևյալ թեմաներից որևէ մեկին`
- հանրային սեկտորի թափանցիկության ու հաշվետվողականության խնդիրներ ու ձեռքբերումներ
- տեղական ինքնակառավարմանը, համայնքների խոշորացմանն առնչվող խնդիրներ
- սոցիալական ոլորտում առկա խնդիրներ, բացթողումներ և բարեփոխումների
- մարդու իրավունքներին առնչվող հարցեր
«Թվապատում 2017» մրցույթի անվանակարգերն են՝
Homo Agendi (Գործող անձ)
Նյութի առանցքում հերոսն է՝ իր անձնական նվաճումներով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, միջավայրը, իրավիճակը բարելավելուն և մարդկանց օգնելուն ուղղված քայլերով։
Այս անվանակարգում կպարգևատրվեն թե՛ հաղթող նյութի հեղինակը, թե՛ հերոսը՝ յուրաքանչյուրը 300 000-ական դրամով:
Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում
Նյութերը պետք է պատմեն վերոնշյալ ոլորտներում իրականացվող փոփոխությունների էության, ընթացքի, խնդիրների և խոչընդոտների, հաջողությունների ու անհաջողությունների, այս գործընթացում ներգրավված կառավարության, հանրության, տարբեր կառույցների դերի, նրանց միջև համագործակցության հաջողված փորձերի, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների թեմաներին առնչվող խնդիրների ու հարցերի մասին:
Այս անվանակարգում հաղթող նյութի հեղինակը կստանա 250 000 դրամ:
Դիտակ. հետաքննական լրագրություն
Նյութերը պետք է լինեն լրագրողական հետաքննության ժանրում կամ պարունակեն լրագրողական հետաքննության տարրեր: Աշխատանքները գնահատելիս հաշվի կառնվեն քողարկված կամ անորոշ տեղեկատվության բացահայտումը, փաստերի ստուգումն ու ճշգրտումը, տվյալների լրագրության գործիքների օգտագործումը:
Այս անվանակարգում հաղթողի համար նախատեսված է 250 000 դրամ:
Մեդիա 3.0․ տեխնոլոգիաների լավագույն կիրառում
Նյութերում պետք է օգտագործված լինեն վիզուալացման տարբեր գործիքներ ու տեխնոլոգիաներ, ինչպիսիք են ինֆոգրաֆիկան, քարտեզն ու գծապատկերը, խաղային տարրերը, քրաուդսորսինգը, ինտերակտիվությունը, լոնգրիդի կամ այլ մուլտիմեդիա ձևաչափեր, և այլն:
Այս անվանակարգի հաղթողը կստանա 200 000 դրամ:
Ես քվեարկում եմ
Թվապատում 2017 մրցույթի այս անվանակարգի հաղթողին կորոշեն հենց մրցույթին մասնակցած լրագրողները: Մրցանակաբաշխությունից առաջ ավանդական քննարկումների ժամանակ ժյուրիի կողմից ընտրված նյութերը կդրվեն փակ քվեարկության:
Ամենաշատ քվե ստացած նյութի հեղինակը կստանա 100 000 դրամ:
Կազմակերպիչներն ակնկալում են, որ մրցույթին ներկայացված աշխատանքները վերոնշյալ թեմաներին համապատասխանելուց բացի աչքի կընկնեն համակողմանի լուսաբանմամբ, քննադատական և ստեղծագործական մոտեցումներով, կլինեն տեղեկատվական, բացատրական, բացահայտող, նորարարական։ Կգնահատվի նաև նյութի տեխնիկական որակը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, հետաքրքիր լուծումներն ու մոտեցումները։
Մրցույթին ներկայացվող նյութերը պետք է հրապարակված լինեն 2016 թ․ օգոստոսի 1-ից մինչև 2017 թ․ հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից (հեռուստաընկերություն, ռադիո, տպագիր, օնլայն) և ժանրից (լրատվական նյութ, հատուկ ռեպորտաժ, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, հեղինակային սյունակ, վավերագրական ֆիլմ, ֆոտոռեպորտաժ, ժամանակակից մուլտիմեդիա ժանրեր և այլն): Հայաստանյան ենք համարում Հայաստանում գրանցված և Հայաստանի բնակչությանն ուղղված լրատվամիջոցները: Լրագրողական պատմությունները կարող են լինել ինչպես հայերենով, այնպես էլ օտար լեզուներով:
Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ՝ միևնույն կամ տարբեր անվանակարգերում:
Լրագրողն իր պատմությունը ներկայացնում է առավել համապատասխան անվանակարգում՝ լրացնելով առցանց հայտը մինչև 2017 թ. հուլիսի 23-ը ներառյալ: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերին:
Մրցույթի մասին մանրամասներ կարող եք գտնել մրցույթի կայքում: Հարցերի դեպքում կարող եք դիմել
Արեն Մանուկյանին, էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010 583620 (ներքին՝ 112)
Սոնա Քոչարյանին, էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010 583620 (ներքին՝ 126)
«Թվապատում» մրցույթը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուսի հետ համատեղ: