Կարկանդակի շուրջ սոցցանցային աղմուկը և ընտրությունները․ շաբաթվա տեղեկատվական պատկերը (մարտի 1-8)

Փետրվարի վերջին օրվա նախաճաշը՝ կարկանդակով, իսկ մարտի 1-ին՝ եգիպտացորենով։ 16 վայրկյան տևողությամբ տեսանյութերը, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկուսակցական քարոզարշավի ընթացքում ավտոբուսում նախաճաշում են, արագ վերածվեցին սոցիալական ցանցերի ամենաքննարկվող քաղաքական թեմաներից մեկի՝ դառնալով առիթ իշխանությունների վարքագիծը գնահատելու, քննադատելու և ծաղրելու համար։

Տեսանյութերը ստեղծվել և տարածվում էին այն ժամանակ, երբ լրահոսում ակտիվորեն քննարկվում էին ԱՄՆ-Իսրայել-Իրան ռազմական գործողությունները։ Տարածաշրջանային լարվածության այդ ֆոնին կադրերը ներկայացվում էին որպես իշխանության «ոչ ադեկվատ» պահվածք և անվտանգային մարտահրավերներին անհամապատասխան արձագանք։

Մարտի 1-8-ը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի իրականացրած շաբաթական մոնիտորինգը (2155 հրապարակում) ցույց է տալիս, որ հայաստանյան տեղեկատվական դաշտում քաղաքական մրցակիցների վարկաբեկման դիսկուրսը շարունակում է մնալ ակտիվ։ Սակայն այս շաբաթ տեղեկատվական հոսքերի ամենամեծ բաժինը վերաբերում էր առաջիկա խորհրդարանական ընտրություններին և դրանց շուրջ ձևավորվող քաղաքական պայքարին, որտեղ վարկաբեկման նարատիվը հաճախ հանդես էր գալիս որպես այդ պայքարի հիմնական գործիք։

Հրապ. բաշխումն ըստ շաբաթվա օրերի եւ նարատիվի

Ընդհանուր հրապ.
2 155
Մարտ 1–8, 2026
Ամենաակտիվ օրը
Չոր.
434 հրապ. · 04.03.2026
Ամենաակտիվ նարատիվը
Ընտրություններ և ԿԸՀ
327 հրապարակում
Օրվա ֆիլտրը
նարատիվի ֆիլտր

Վարկաբեկման այս մեխանիզմը հաճախ դրսևորվում էր նաև առանձին միջադեպերի քաղաքական մեկնաբանման միջոցով։ Օրինակ` ԱԱԾ շենքի վրա դյուրավառ առարկա նետող տղամարդու տեսանյութի տարածումից հետո շրջանառվեցին պնդումներ, թե գործողությունն իրականացնողը Սամվել Կարապետյանի աջակիցն է։

Ընտրություններին ընդառաջ 

Մոնիտորինգի ընթացքում ընտրությունների թեմայով արձանագրվել է 327 հրապարակում։ Քննարկումների կարևոր խթաններից մեկը դարձավ ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցումը, ըստ որի՝ եթե խորհրդարանական ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկեր ընտրողների 24%-ը։ Հետազոտությունը ցույց է տալիս նաև ընտրազանգվածի տարիքային և տարածքային տարբերություններ․ իշխող ուժի աջակցությունն առավել բարձր է տարեցների և գյուղական համայնքների շրջանում, մինչդեռ երիտասարդների և Երևանի բնակիչների շրջանում այն զգալիորեն ավելի ցածր է։ Հարցման համաձայն՝ երկրորդ տեղում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է՝ 9 տոկոսով, իսկ երրորդ տեղը կիսում են Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքն ու Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն՝ երեքական տոկոսով։

Ընդդիմադիր շրջանակները, սակայն, հարցման արդյունքները վիճարկում են՝ պնդելով, որ իրենց անցկացրած հարցումները այլ պատկեր են ցույց տալիս։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ Հայաստանում առկա վախի մթնոլորտը կարող է ազդել պատասխանների վրա․ մարդիկ հաճախ խուսափում են ընտրությունների մասին անկեղծ կարծիք հայտնել։ Նրա պնդմամբ՝ ընդդիմության ներքին հարցումները ավելի «հուսադրող» պատկեր են ցույց տալիս, իսկ հավաքական ընդդիմությունը կարող է ունենալ ավելի մեծ աջակցություն, քան Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ, արտաքին ազդեցության մասին քննարկումները հաճախ հատվում են ընտրությունների թեմայի հետ։ Առանց որևէ հիմքի շրջանառվում է կանխատեսում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը («բրիտանացիների բերած իշխանությունը») չի վերընտրվելու։ Առաջ է քաշվում թեզ, թե գոյություն ունի «աշխարհաքաղաքական որոշում», ըստ որի՝ տարածաշրջանային պայմանավորվածությունների արդյունքում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են ունենալ իրենց նախընտրած թեկնածուն, սակայն դա չի լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս ֆոնին ընդդիմադիր դաշտում ակտիվանում են նաև իշխանությունների գործողությունների վերաբերյալ քննադատական մեկնաբանությունները։ Հնչում են պնդումներ, որ իշխանությունները «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի անվան տակ փորձում են լեգիտիմացնել տարբեր սահմանափակումներ և ճնշումներ ընդդիմախոսների նկատմամբ։

Սահմաններ և Զինված ուժեր

Շաբաթվա ընթացքում տեղեկատվական դաշտում ակտիվ քննարկման թեմա դարձան նաև սահմանային իրավիճակն ու զինված ուժերին վերաբերող հարցերը։ Դրանց նոր թափ տվեց մարտի 4-ին «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հրավիրած ասուլիսը, որտեղ նա հայտարարեց, թե 2025-ի հուլիսի 31-ից հետո ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի տարածքում նոր ներխուժումներ են իրականացրել և նոր դիրքեր տեղակայել՝ մասնավորապես Վարդենիսի և Ջերմուկի ուղղություններով։ Նույն օրը Ազգային ժողովում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հակադարձեց այս պնդումներին՝ հայտարարելով, թե Թաթոյանը «ստում է»։ Սակայն #CivilNetCheck-ի հետագա ուսումնասիրությունը ցույց տվեց, որ իրավիճակն ավելի բարդ է, քան ներկայացվում էր։ Թաթոյանի մատնանշած օրինակների մի մասը իսկապես վերաբերում էր Հայաստանի դե յուրե տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերին կամ այնտեղ իրականացված աշխատանքներին, սակայն դրանց զգալի մասը նոր չէր և գոյություն ուներ ավելի վաղ։ Միևնույն ժամանակ ՊՆ նախարարի կոշտ հակադարձումն էլ չհաստատվեց։ 

Այս դրվագը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ սահմանային թեման ոչ միայն անվտանգային, այլև տեղեկատվական պայքարի կարևոր գործիք է, որտեղ մասնակի ճշմարտությունները կարող են վերածվել քաղաքական բախման նյութի։

Սոցցանցային դերաբաշխում

Նարատիվների բաշխումը սոցիալական մեդիայում

1–8 մարտ, 2026 թ.
Ընդհանուր
2,155
Ամենաակտիվ
YouTube  ·  979
Facebook
Telegram
YouTube
TikTok
Հրապ. ·
Նարատիվի մասնաբաժին

Մոնիտորինգի տվյալների համաձայն՝ տեղեկատվական հոսքերի հիմնական մասը կենտրոնացած է եղել YouTube-ում (979 հրապարակում) և Telegram-ում (708), որոնք հիմնականում ծառայում են վերլուծական բովանդակության և օպերատիվ տեղեկատվության տարածման համար։ Facebook-ը (352) և TikTok-ը (116), թեև հրապարակումների քանակով ավելի փոքր մասնաբաժին ունեն, սակայն առանձնանում են էմոցիոնալ և վիրուսային բովանդակության արագ տարածմամբ։ Հենց այս հարթակներում էր ռիլ ֆորմատով ակտիվորեն շրջանառվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավտոբուսում կարկանդակ ուտելու կարճ տեսանյութերը։ Դրանք հաճախ համադրված էին տարածաշրջանում ռազմական լարվածության պատկերների հետ՝ ստեղծելով հեգնական հակադրություն։ Այսպիսով սոցիալական ցանցերը այս շաբաթ աչքի ընկան որպես ոչ միայն տեղեկատվական բովանդակության տարածման, այլև քաղաքական նարատիվների հումորային և սատիրիկ ձևով ներկայացման կարևոր հարթակներ։

Հոդվածի հեղինակ՝ Սեդա Առաքելյան
Տվյալների վերլուծությունը՝ Հրայր Զորհրաբյան

Related Articles