Open post
Armenian Parliament Building

Հայտարարություն ԱԺ-ում պատգամավորների և լրագրողների միջև կոնֆլիկտի կապակցությամբ

            Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում կրկին կոնֆլիկտ է առաջացել իշխող խմբակցության պատգամավորների և խորհրդարանում հավատարմագրված՝ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև։ Այսպես՝ վեճի են բռնվել «MediaHub.am» լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։ Մասնավորապես՝ վերջինս հեռախոսով հարվածելու սպառնալիք է դրսևորել, Անի Գևորգյանն էլ ասել է, թե այդ պատգամավորի տեղը փողոցում է։ Լարվածություն է առաջացել նաև «Yerevan.Today»-ի թղթակից Սյուզի Բադոյանի՝ ՔՊ-ական պատգամավորների հետ շփվելու ընթացքում։

Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իրավապահներին հրահանգել է այս երկու լրագրողներին հեռացնել խորհրդարանի շենքից, ընդ որում՝ Անի Գևորգյանը դուրս է բերվել ուժի կիրառմամբ, քաշքշել են «Yerevan.Today»-ի օպերատոր Գեղազնիկ Հովակիմյանին, դուրս հրավիրել նաև «MediaHub.am»-ի օպերատոր Էրիկ Թովմասյանին։ Խորհրդարանի ղեկավարի այս քայլը կամայական է և անթույլատրելի, քանի որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողի նկատմամբ որևէ սահմանափակում չի կարող կիրառվել բանավոր ցուցումով, առանց քննարկման և համապատասխան որոշում կայացնելու։

Նույն օրը, ավելի վաղ, մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցում կազմակերպված բողոքի ակցիան լուսաբանելիս ֆիզիկական բռնության է ենթարկվել «24lurer.am»-ի թղթակից Արթուր Հայրապետյանը։ Ոստիկանության ծառայողները լրագրողի ձեռքից խլել են հեռախոսը, նրան ասֆալտին գցել ու հարվածներ են հասցրել, ապա՝ անօգնական թողնելով հեռացել։ Ի դեպ, Արթուր Հայրապետյանը նախապես ցույց է տվել լրագրողական բեյջը։

            Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում վերոհիշյալ միջադեպերի կապակցությամբ և պահանջում ենք՝

  • ԱԺ ղեկավարությունից և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ քննարկման առարկա դարձնել սեպտեմբերի 15-ին խորհրդարանում տեղի ունեցած կոնֆլիկտը, այդ առնչությամբ գումարել էթիկայի հանձնաժողովի նիստ և գնահատական տալ պատգամավորների վարքագծին։ Այսօրվա ճգնաժամային, պատերազմական իրավիճակում լրացուցիչ ներքին լարվածություններից խուսափելու համար առավել զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ։ Ապահովել բարենպաստ պայմաններ խորհրդարանում հավատարմագրված բոլոր լրագրողների գործունեության համար։
  • ՀՀ ոստիկանությունից` անկողմնակալ ծառայողական քննություն իրականացնել, բացահայտել իրենց լիազորությունները չարաշահած, լրագրողին ծեծի ենթարկած ծառայողներին և նրանց պատասխանատվության ենթարկել։ Միաժամանակ խստորեն հրահանգել չմիջամտել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին և անվտանգ պայմաններ ստեղծել նրանց գործունեության համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
TV Tower of Yerevan

Հայտարարություն «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի մասին

Վաղը՝ հունիսի 21-ին, ավարտվում է պաշտոնական e-draft.am հարթակում տեղադրված` «Տեսալսողական մեդիայի մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ներկայացման ժամկետը։ Ըստ էության, այս փաստաթուղթը պատշաճ ուշադրության չի արժանացել. առայսօր դրա վերաբերյալ արձանագրվել է 0 կողմ և 0 դեմ ձայն։ Մինչդեռ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հեղինակած այս օրենսդրական նախաձեռնությունը, որին մասնակցել են նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, Հանրային հեռարձակողի խորհուրդը և «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն, խոր մտահոգություն է առաջացրել տասնյակից ավելի մասնագիտացված լրագրողական կազմակերպությունների շրջանում, ընդ որում՝ և՛ օրինագծի բովանդակության, և՛ դրա մշակման ու ներկայացման գործընթացի առումներով։

Նախ՝ առնվազն տարակուսելի է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում այսպիսի ծավալուն փոփոխություններ ու լրացումներ կատարելու գաղափարի առաջադրումը, քննարկումն ու բուն նախագծի մշակումը տեղի են ունեցել առանց Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի իմացության և գործուն մասնակցության։ Դա հատկապես անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ տվյալ նախաձեռնությամբ ենթադրվում է փոփոխություններ իրականացնել ոչ միայն վերոնշյալ, այլ նաև ոլորտին վերաբերող 7 այլ օրենքներում, այդ թվում` ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող «Զանգվածային լրատվության մասին» մայր օրենքում։

Բացի այդ, գործընթացում որևէ կերպ չեն ներգրավվել լրագրողական հասարակական կազմակերպությունները, որոնց մեջ կան տասնամյակներ շարունակ հեռարձակման ոլորտի խնդիրներով զբաղվող, բազմաթիվ հետազոտություններ անցկացրած, միջազգային փորձը ուսումնասիրած, վերլուծություններ, առաջարկություններ և օրինագծեր պատրաստած կառույցներ։

Ի վերջո, անընդունելի է, օրինակ, օրենքի նախագծում ներառել լրագրողական էթիկային վերաբերող դրույթներ՝ չխորհրդակցելով այն կազմակերպությունների հետ, որոնք Հայաստանում մասնագիտական էթիկայի կանոնագրի մշակման և ԶԼՄ-ների ինքնակարգավորման  գործընթացը ներդնելու նախաձեռնողներն ու սատարողներն են։ Առհասարակ օրինագծում այնքան շատ են բովանդակային թերություններն ու բացթողումները, որ հնարավոր չէ դրանց անդրադառնալ այս հայտարարության շրջանակներում։ Այդուհանդերձ, նշենք մի քանիսը․ մասնավորապես՝ հասկանալի չէ, թե ինչու է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքից հանվում 1-ին հոդվածի 5-րդ կետի 4-րդ մասը, ինչով, փաստորեն, կարգավորումներից դուրս են մղվում մասնավոր մուլտիպլեքսի սլոթ օգտագործող հեռուստաընկերությունները։ Ինչ է, օրինագծի հեղինակները համոզված են, որ երկրում չի ձևավորվելու և չի գործելու վերգետնյա թվային հեռարձակման մասնավոր ցա՞նց։ Կամ․երբ պարտադրվում է հեռուստանյութերում հստակ տարանջատել փաստերը կարծիքներից, ինչը գերազանցապես ինքնակարգավորման խնդիր է, արդյո՞ք ՀՌՀ-ն ի վիճակի է լինելու վերհանել ահռելի տեղեկատվական հոսքից այդ պահանջի բոլոր խախտումները և պատասխանատվության ենթարկել դրանց հեղինակներին։ Իհարկե՝ ոչ։ Այստեղ սուբյեկտիվության, կամայականության և ընտրովի մոտեցումների լայն հնարավորություններ են բացվում, ինչն անթույլատրելի է։ Նույնը կարելի է ասել միայն հավաստի փաստեր հրապարակելու պահանջի մասին։ Այսպիսի դրույթները, կրկնում ենք, բազմաթիվ են։


Վերոնշյալ օրինագծի պատրաստումն ու առաջադրումը, իր բովանդակությամբ հանդերձ, հակասում են նաև ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ արդարադատության նախարարության ու 11 լրագրողական կազմակերպությունների կողմից նախաձեռնած կարևորագույն գործընթացին, ըստ որի՝ համատեղ ուժերով պետք է նախապատրաստվի Հայաստանի ինֆորմացիոն ոլորտի զարգացման և մեդիա օրենսդրության բարեփոխումների հայեցակարգ, և այդ փաստաթղթում ներառված հիմնարար սկզբունքները պետք է ծառայեն ժամանակակից միջազգային նորմերին համապատասխանող նոր օրենքների մշակմանն ու ընդունմանը։  Դրա վերաբերյալ ապրիլի 19-ին ստորագրվել է համագործակցության եռակողմ Հուշագիր։

Ակնհայտ է, որ առանց համապարփակ հայեցակարգ ունենալու, նման ծավալուն օրենսդրական փոփոխություններն անիմաստ են և անարդյունավետ, ավելին՝ դրանով կշարունակվի մեդիա օրենսդրության բացերը կարկատելու արատավոր պրակտիկան։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․

  • ԲՏԱ նախարարությանը՝ հետ կանչել պաշտոնական e-draft.am հարթակում ներկայացված օրինագծերի փաթեթը, շահագրգիռ պետական և հասարակական կառույցների հետ մասնագիտական բաց քննարկումներ կազմակերպել հեռարձակման ոլորտի օրենսդրական կարգավորումները կատարելագործելու ուղղությամբ։
  • ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին և ՀՀ արդարադատության նախարարությանը, հարազատ մնալով լրագրողական կազմակերպությունների հետ համագործակցության Հուշագրի դրույթներին, աշխատանքներ տանել ԲՏԱ նախարարության հետ, որպեսզի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ենթադրվող փոփոխությունների իրականացումը համապատասխանեցվի համագործակցության Հուշագրով նախատեսված գործընթացներին՝ ներկայումս մշակվող հայեցակարգի սկզբունքներին համահունչ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Armenia -- Director of "Yerkir Media" TV Bagrat Yesayan, Yerevan, 13Jun2022

Հայտարարություն «Երկիր մեդիա»-ի տնօրենին բերման ենթարկելու կապակցությամբ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

13 հունիսի, 2022թ., Երևան

Հունիսի 10-ին, առանց նախնական ծանուցման, ԱԱԾ չորս աշխատակից ներխուժել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանի աշխատասենյակ, բերման ենթարկել և ձերբակալել նրան: Ըստ փաստաբան Վահե Եփրիկյանի հաղորդագրության՝ Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-225 հոդվածի 2-րդ մասի (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը․․․) և 164 հոդվածի 1-ին մասի (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը) հատկանիշներով։

Այդ մեղադրանքը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի վրա հարձակման դեպքին, ինչի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Նույն օրը մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, հանդես ենք եկել հայտարարությամբ, որում մեր վրդովմունքն ենք արտահայտել և դատապարտել այդ ոտնձգությունը լրատվամիջոցի և դրա աշխատակիցների նկատմամաբ։ Այդուհանդերձ, ի գիտություն ընդունելով այն փաստը, որ Բագրատ Եսայանը, որպես հիշյալ միջադեպի մասնակից, չի խոչընդոտել նախաքննությունը և չի խուսափել ցուցմունքներ տալուց, անթույլատրելի էր նրան բերման ենթարկելն ու ձերբակալելը։ Առավելևս, երբ այդ գործողությունները իրականացվել են ցուցադրաբար, Եսայանի ղեկավարած լրատվամիջոցի շենքում, առանց նախնական ծանուցման։ 

Այս առնչությամբ մենք ողջունում ենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 11-ին կայացրած որոշումը, որով  մերժվել է Բագրատ Եսայանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:

Շարունակելով մնալ այն դիրքորոշմանը, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի վրա հարձակումը խիստ դատապարտելի և իրավական հետևանքներ ենթադրող արարք է՝ մենք, այդուհանդերձ, պնդում ենք, որ այդ միջադեպի հետաքննությունը պետք է անցկացվի համակողմանի և ամենայն օբյեկտիվությամբ։ Ուստի նախաքննություն իրականացնող մարմնից պահանջում ենք գործել բացառապես օրենքի շրջանակներում, անշեղորեն պահպանել դրա տառն ու ոգին և քաղաքական որևէ շահարկման առիթ չտալ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Armenia -- Police using force against "Iravunk Daily" journalist Hrant Safaryan, Yerevan, 01Jun2022

Հայտարարություն լրագրող Հրանտ Սաֆարյանի նկատմամբ ուժ գործադրելու կապակցությամբ

Մայիսի 30-ին ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ընդդիմադիր ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել «Իրավունք» թերթի լրագրող Հրանտ Սաֆարյանի նկատմամբ՝ հարվածելով ու գցելով նրան։ Բախումների ընթացքում իրավապահները ուժ են գործադրել նաև  «YerkirMedia.am» լրատվական կայքի խմբագիր Վահե Սարգսյանի նկատմամբ՝ փորձելով նրան բերման ենթարկել: Երկու լրագրողներն էլ այդտեղ են եղել՝ ակցիան լուսաբանելու համար և կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները։

Թեպետ ընդհարումների ժամանակ ոստիկանությունը չի կիրառում մահակներ, լուսաձայնային  նռնակներ, ջրցան մեքենաներ և այլ հատուկ միջոցներ, այդուհանդերձ, իրավապահները զերծ չեն մնում անհամաչափ ուժի կիրառումից, մասնավորապես՝ ԶԼՄ ներկայացուցիչների գործունեությունը բռնությամբ խոչընդոտելուց։ Մինչդեռ, ոստիկանները պարտավոր են իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների համար աշխատանքի անվտանգ պայմաններ ապահովել։

Խստորեն դատապարտելով հարձակումները լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ՝ մենք՝ նորքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք ՀՀ ոստիկանությունից․

  • ծառայողական քննություն իրականացնել և բացահայտել իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին, նրանց պատասխանատվության ենթարկել և այդ մասին իրազեկել հասարակությանը,
  • միջոցներ ձեռնարկել՝ ոստիկանության ծառայողների առավել հմուտ գործելաոճի, լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ հարգանք և հանդուրժողականություն ցուցաբերելու, զանգվածային միջոցառումների ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչների անվտանգության ապահովման համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Armenia -- Mediahub journalist and cameraman attacked by police representatives in Yerevan, 02May2022

Ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ խոչընդոտվել է լրատվամիջոցների գործունեությունը

Մայիսի 2-ին Երևանում ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաների ժամանակ խոչընդոտվել է մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը։

Մասնավորապես՝ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը Պռոշյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում նախ ագրեսիվ պահված  է դրսևորել «Mediahub.am» լրատվական կայքի թղթակից Նարե Գնունու նկատմամբ՝ հարվածելով նրա ձեռքի բարձրախոսին, ապա ոտքով խփել է նույն կայքի օպերատոր Արման Ղարաջյանին ու վնասել տեսախցիկը։

Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում ոստիկանների ու քաղաքացիների միջև բախման արդյունքում վատացել է «Yerkir.am» լրատվական կայքի թղթակից Լիա Սարգսյանի ինքնազգացողությունը, որին առաջին օգնություն է ցուցաբերվել։

Հերացի փողոցում իրավապահները հարվածել են «AntiFake.am» կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանի ուսին և խոչընդոտել նրա աշխատանքը, իսկ նույն կայքի մեկ այլ լրագրող Իշխան Խոսրովյանին քաշքշել են Խանջյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, հերթական անգամ արձանագրում ենք, որ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի ցանկացած սրացման պայմաններում ավելանում են նաև լրագրողների և օպերատորների նկատմամբ հարձակումներն ու ճնշումները։ Սա հաճախ նաև իրավապահ մարմինների ծառայողների անբավարար պրոֆեսիոնալիզմի և մարդկանց՝ այդ թվում նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ բարեկիրթ հաղորդակցվելու ունակություն չդրսևորելու հետևանք է։

 Խստորեն դատապարտելով զանգվածային ակցիաների ընթացքում մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների ու օպերատորների նկատմամբ հարձակումները իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ կառավարությունից պահանջում ենք.

  • ծառայողական քննություն նախաձեռնել և պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին և իրենց լիազորությունները գերազանցած նրա ենթականերին,
  • համապատասխան ցուցումներ տալ և՛ ՊՊԾ-ին, և՛ Ոստիկանությանը, որպեսզի իրենց գործողություններով չխախտեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքները և հարգալից վերաբերմունք ցուցաբերեն նրանց նկատմամբ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Ani Nahapetyan

Հայտարարություն լրագրող Անի Նահապետյանին բերման ենթարկելու և մասնագիտական գործունեության խոչընդոտման կապակցությամբ

            Փետրվարի 22-ին Ադրբեջանի մեջլիսի պատգամավորների՝ Երևան այցելելու դեմ բողոքի ակցիա իրականացնող  ցուցարարների հետ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության թղթակից Անի Նահապետյանին։ Վերջինս աշխատանքային պարտականություններն է կատարելիս եղել և միջադեպի պահին ցույց է տվել լրագրողական վկայականը: Ավելի ուշ՝ արդեն ոստիկանության բաժնում, իրավապահներն Անի Նահապետյանի ձեռքից վերցրել են հեռախոսը և ջնջել այն կադրերը, որոնք նա նկարահանել էր շենքի ներսում: Ի թիվս այլ քաղաքացիների, լրագրողի նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով։ Ըստ իրավապահների՝ Անի Նահապետյանը հայհոյանքներ է հնչեցրել իշխանությունների հասցեին, ինչը, սակայն, լրագրողը հերքել է և, իր հերթին, հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։

            Թեև ոստիկանությունը միջադեպի առնչությամբ պարզաբանում է հրապարակել՝ պնդելով, որ «որևէ մեկը չի ներկայացել որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ և չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ», մենք այդ փաստարկը հիմնազուրկ և ոչ համոզիչ ենք համարում, քանի որ անհերքելի ապացույցներ կան առ այն, որ Անի Նահապետյանը և՛ բերման ենթարկվելիս, և՛ ոստիկանության բաժնում տեղեկացրել է, որ լրագրող է։ Այդուհանդերձ, չորս ժամից ավելի բաժնում պահելուց հետո միայն նրան ազատ են արձակել։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք լրագրողի նկատմամբ կիրառված ոչ իրավաչափ գործողությունները, այդ թվում՝ ապօրինի բերման ենթարկելը և մասնագիտական գործունեության խոչընդոտումը։

            Այս առնչությամբ ՀՀ ոստիկանությունից պահանջում ենք․

  • անհապաղ կարճել Անի Նահապետյանի դեմ հարուցված քրեական գործը,
  • ծառայողական քննություն նշանակել և պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին,
  • միջոցներ ձեռնարկել՝ ապագայում լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքն ու գործողությունները բացառելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
MP Vahagn Aleksanyan

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են Վահագն Ալեքսանյանից՝ ներողություն խնդրել լրագրողական համայնքից

2022թ․ հունվարի 20-ին, Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով քաղաքական ուժերի կամ գործիչների հետ ասոցացվող հեռուստաընկերությունների և առցանց հարթակների լրագրողների գործունեությանը, վերջիններիս անվանել է «վերբալ մարմնավաճառներ»։ Փաստորեն, մեղադրելով նրանց վիրավորանքներ ու ատելություն տարածելու մեջ, պատգամավորն ինքն է այդպիսի խոսքեր կիրառել, ընդ որում՝ մի քանի անգամ կրկնել է դրանք իր ելույթում ու վերահաստատել նաև հունվարի 21-ի նիստում։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք իշխող ուժի ներկայացուցչի այս վարքագիծն ու բառամթերքը, որոնք ոչ միայն հարիր չեն պատգամավորի կարգավիճակին և դրան վերաբերող էթիկական նորմերին, այլև անվստահություն են առաջացնում մի քաղաքական գործչի նկատմամբ, որը կոչված է զբաղվել օրենքներ ստեղծելով, այդ թվում՝ ուղղված վիրավորանքին ու ատելությանը հակազդելուն ու դրանց տարածման համար պատասխանատվություն սահմանելուն։

Խիստ քննադատորեն վերաբերվելով հայաստանյան հեռուստաեթերի այսօրվա վիճակին՝ փաստում ենք, որ իշխանությունը երեք տարիների ընթացքում այդպես էլ չիրականացրեց այն «մաքրելու» իր մտադրությունը։ Ոլորտի բարեփոխումների համար չօգտագործվեցին ոչ օրենսդրական փոփոխությունները, ոչ էլ իրավակիրառ պրակտիկան։ Փոխարենը իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողնում հոխորտալու, վիրավորանքներ շռայլելու մասնավոր հեռուստաընկերությունների հասցեին։ Թեև վերջիններս իսկապես մեծամասամբ տարբեր քաղաքական շահեր են սպասարկում, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ դաշտը կարգավորելու փոխարեն՝ իշխանավորները պետք է վիրավորական խոսքեր ուղղեն հեռարձակվող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։  

Արձանագրում ենք, որ առայժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որևէ անդամ հանդես չի եկել քննադատությամբ կամ գոնե անհամաձայնություն ու ափսոսանք չի հայտնել իր կուսակցի անպատասխանատու արտահայտության համար։ Եվ սա ևս մեկ տագնապալի նախադեպ է, որը կարող է խորացնել հասարակության մեջ առկա պառակտվածությունը, անհանդուրժողականությունն ու հայհոյախոսությունը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

  • Ազգային ժողովից՝ անհապաղ քայլեր ձեռնարկել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու, պատգամավոր Վահագն Ալեքսանյանի վարքագիծը քննարկման առարկա դարձնելու և համապատասխան որոշում կայացնելու համար,
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտել և գնահատական տալ Վահագն Ալեքսանյանի՝ լրագրողներին ուղղված վիրավորանքի վերաբերյալ։ Գնահատականի բացակայությունը դիտարկվելու է որպես տվյալ քաղաքական ուժի լուռ համաձայնություն և նման հռետորաբանության խրախուսում,
  • Վահագն Ալեքսանյանից՝ ներողություն խնդրել լրագրողական համայնքից անպարկեշտ և վիրավորական արտահայտության համար և երաշխավորել, որ դա ապագայում չի կրկնվի։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Armenia -- Journalist Tatul Hakobyan, Yerevan,

Հայտարարություն լրագրող Թաթուլ Հակոբյանի հասցեին սպառնալիքների կապակցությամբ

Աշխատանքային ուղևորությամբ ԱՄՆ-ում գտնվող լրագրող Թաթուլ Հակոբյանը դեկտեմբերի 8-ին ահազանգել է, որ իր հասցեին սպառնալիքների, հաշվեհարդարի, անգամ՝ կյանքից զրկելու կոչեր են հնչել: Ըստ նրա՝ այդ արշավն ուղղորդվում է Հայաստանից և ԱՄՆ հայկական որոշ շրջանակներից, իսկ սպառնալիքների առիթը, ըստ լրագրողի, վերջերս հրապարակայնորեն արտահայտած իր հետևյալ միտքն է․ «Հայաստանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը»:

Այս փաստի վրա լրագրողը հատկապես հրավիրել է իրավապահ մարմինների, լրագրողական կազմակերպությունների, Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ուշադրությունը։ Նա խոստացել է Հայաստան վերադառնալուն պես իր դեմ արշավի վերաբերյալ անուններ և փաստեր ներկայացնել։ Այս պահին լրագրողը գտնվում է ԱՄՆ ոստիկանության ուժերի պաշտպանության ներքո։

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վկայում է, որ թե՛ քաղաքական շրջանակներում, թե՛ հայ հասարակության մեջ չի ձևավորվել քաղաքակիրթ բանավեճի մշակույթ, իսկ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծայրաստիճան սրված անհանդուրժողականությունը այլակարծության նկատմամբ խորանում է։

Անկախ նրանից՝ որևէ մեկին դուր են գալիս Թաթուլ Հակոբյանի մտքերն ու վերլուծությունները, թե ոչ, նա հայ լրագրության լավագույն ներկայացուցիչներից մեկն է, որը խորապես ուսումնասիրել է Արցախյան խնդիրը և խիզախորեն լուսաբանել է այն, այդ թվում՝ ռազմական գործողությունների առաջնագծից։ Որպես լրագրող, վերլուծաբան և քաղաքացի՝ նա իրավունք ունի ազատորեն կարծիք արտահայտել, և դրա համար իր և առհասարակ ցանկացած անձի հասցեին սպառնալիքներ ու կյանքից զրկելու կոչեր ուղղելը քրեորեն պատժելի արարք է։          

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք Թաթուլ Հակոբյանի նկատմամբ իրականացվող անթույլատրելի արշավը և զորակցություն ենք հայտնում մեր գործընկերոջը։

            Տեղի ունեցածի առնչությամբ պահանջում ենք․

  • ՀՀ դատախազությունից՝ անհապաղ միջոցառումներ ձեռնարկել այս սպառնալիքների արշավն իրականացնողներին ու նրանց ուղղորդողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար, մանավանդ, որ լրագրողը պատրաստ է տալ կոնկրետ անուններ,
  • Ոստիկանությունից՝ Հայաստան ժամանելուն պես ապահովել Թաթուլ Հակոբյանի անվտանգությունը։

Կոչ ենք անում լրագրողական հանրությանը՝ համերաշխություն ցուցաբերել և սատարել Թաթուլ Հակոբյանին՝ դիմակայելու իր նկատմամբ ձեռնարկված դատապարտելի գործողություններին։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Armenia -- Constitutional Court in Yerevan, 12Oct2021

Հայտարարություն ՍԴ հոկտեմբերի 5-ի որոշման կապակցությամբ

Հոկտեմբերի 5-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, համաձայն որի՝

ս. թ. մարտի 24-ին խորհրդարանի ընդունած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը համարվեց Սահմանադրությանը համապատասխանող։ Ըստ այդմ՝ վիրավորանքի համար նախկինում նախատեսված փոխհատուցման վերին շեմը 1 միլիոն դրամից կբարձրանա մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն կդառնա 6 միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ օրենքը հեղինակել է ԱԺ ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ դեռ ԱԺ փոխնախագահն էր: Որպես նախագիծ շրջանառվելիս այն հիմնավոր քննադատության արժանացավ ոչ միայն ներքոստորագրյալ կազմակերպությունների, այլև լրագրողական լայն համայնքի և միջազգային կառույցների («Freedom House», «Լրագրողներ առանց սահմանների» և այլն) կողմից։ Մասնավորապես՝ այդ խնդրի առնչությամբ մենք հանդես ենք եկել մի շարք հայտարարություններով, որոնցից վերջինում , օրենքի ընդունման օրը, կոչ ենք արել ՀՀ նախագահին չստորագրել այն և ուղարկել ՍԴ՝ որոշելու դրա համապատասխանությունը Սահմանադրությանը, ինչը և արվեց։

Սակայն Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն հիասթափության ու տարակուսանքի, այլև վրդովմունքի տեղիք է տալիս։ Այն հաշվի չի առնում տվյալ խնդրին վերաբերող՝ Եվրոպայի Խորհրդի հանձնարարականներն ու Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումների պահանջները։ Ավելին՝ ՍԴ ընդունած այս փաստաթուղթն ակնհայտորեն հակասում է նույն մարմնի՝ 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման մի քանի դրույթներին և ընդհանուր ոգուն։ Այսպես, 10 տարի առաջ պահանջ ներկայացնելով առ այն, որ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի դրանց սնանկացմանը, այսօր նույն դատարանը (թեև այլ կազմով), ըստ էության, հաստատում է մի օրենք, որը սահմանում է վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցումների վերին շեմերի եռապատիկ բարձրացում։ Հասկանալի է, որ սա կարող է ազդակ դառնալ դատարանների համար, որպեսզի նման գործերով նրանք ավելի մեծ գումարներ բռնագանձեն, քան ընդունված է այսօրվա պրակտիկայում:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, վերահաստատում ենք, որ ամենևին նպատակ չունենք պաշտպանելու վիրավորողներին ու զրպարտողներին, բայց նաև պնդում ենք, որ անհամաչափ խիստ մոտեցումների կիրառումն ավելի շատ վնաս կհասցնի խոսքի ազատությանը, քան կծառայի արատների դեմ պայքարին։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ պաշտոնատար անձինք, թե՛ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներն իրենց հասցեագրված քննադատությունը հաճախ ընկալում են որպես զրպարտություն կամ վիրավորանք և դիմում են դատարան։ Սա կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել լրատվամիջոցների ազատ գործունեության համար, խրախուսել ու մեծացնել ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատական հայցերի հոսքը։

Այս օրենքի ընդունումը հատկապես տագնապալի է ԶԼՄ-ներին վերաբերող իրավական կարգավորումների անհամաչափ կոշտացման և կիրառվող նոր սահմանափակումների համատեքստում։ Այդ ռեգրեսիվ գործընթացի մաս են կազմում այսպես կոչված «ծանր վիրավորանքի» քրեականացումն ու դրա միջոցով հանրային ու պետական գործունեություն իրականացնողներին, մի քանի այլ խմբերին առավել պաշտպանության տակ առնելը, ինչպես նաև՝ չնույնականացվող տեղեկատվական աղբյուրներին հղում կատարելու արգելքի, պաշտոնյաների գործուղումների և դրանց հետ կապված ծախսերի, մեկ անձից կատարվող գնումների մասին տվյալներ չհրապարակելու նախաձեռնությունները և այլն։

Արձանագրելով, որ ամբողջ պետական համակարգը փաստորեն ի զորու չեղավ պաշտպանել ԶԼՄ-ներին անհիմն ու անհամաչափ սահմանափակումներից և իրավական ճնշումներից, պահանջում ենք.

  • Ազգային ժողովից՝ վերանայել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող ամբողջ օրենսդրական դաշտը, չեղարկել վերջերս ընդունված՝ միջազգային նորմերին հակասող օրենքները և հրաժարվել շրջանառության մեջ գտնվող նմանատիպ նախագծերի ընդունումից, որից հետո մասնագիտական բաց քննարկումներ նախաձեռնել ԶԼՄ-ների ոլորտի իրավական կարգավորումների հայեցակարգ մշակելու համար,
  • ՀՀ նախագահից, ՍԴ-ից, բոլոր քաղաքական ուժերից՝ նպաստել ԶԼՄ-ների գործունեության համար բարենպաստ օրենսդրական դաշտ ստեղծելու գործընթացին և ակտիվորեն հակազդել հետադիմական օրենսդրական նախաձեռնություններին,
  • միջազգային կազմակերպություններից՝ քննարկման առարկա դարձնել ՀՀ խորհրդարանի կողմից ԶԼՄ-ներին վերաբերող օրենքների ընդունման և այդ գործընթացում միջազգային նորմերի անտեսման խնդիրները, ինչպես նաև՝ իրավիճակը շտկելու միջոցներ ձեռնարկել։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Armenian Parliament Building

ԱԺ-ում լրատվամիջոցների աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ու վրդովմունքն ենք արտահայտում վերջին երկու օրերին Ազգային ժողովում տիրող անընդունելի իրավիճակի և գործընթացների, հատկապես՝ դրանք լուսաբանող լրագրողների ու օպերատորների աշխատանքները խոչընդոտելու կամ ապօրինաբար դադարեցնելու փաստերի առնչությամբ։

Այսպես, օգոստոսի 24-ի նիստին, երբ ԱԺ պատգամավորների թեժ վեճերը վերածվեցին ծեծկռտուքի, անվտանգության աշխատակիցները բռնի ուժով հեռացրին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մամուլի համար նախատեսված օթյակից՝ թույլ չտալով շարունակել նկարահանումները։ Լրագրողների ու օպերատորների գործունեությունը խոչընդոտվել է նաև նիստերի դահլիճի մուտքի մոտ։ Ի թիվս բազում այլ անհիմն արգելքների՝ անվտանգության ծառայողներն սպառնացել են «News.am» լրատվական կայքի օպերատոր Հայկ Տոնոյանին՝ զրկել ԱԺ հավատարմագրումից, եթե շարունակի նկարել, ապա՝ ըստ վերջինի, ջնջել են ծեծկռտուքի տեսանյութը։

Նույն իրավիճակը կրկնվել է այսօր՝ օգոստոսի 25-ին․ որպեսզի խորհրդարանականների ծեծկռտուքը չնկարահանվի, ԶԼՄ-ների ներկայացուցիչները դարձյալ հեռացվել են օթյակից, ընդ որում՝ նաև ֆիզիկական բռնության կիրառմամբ։ Նրանց մասնագիտական գործունեությունն անհիմն արգելվել է նաև նիստերի դահլիճի մուտքի մոտ։

Մենք պնդում ենք, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների ու օպերատորների նկատմամբ իրականացվող այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան ապօրինություններ՝ ուղղված խոսքի ազատության և հասարակության տեղեկացված լինելու իրավունքի դեմ։ Դրանք հակասում են նաև լրագրողական երեք կազմակերպությունների՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավարների և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ս. թ. օգոստոսի 23-ին կայացած հանդիպման և քննարկման բովանդակությանն ու էությանը։

Անքննելի է, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու, թե ինչպես է աշխատում և ինչ վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր։ Ավելին՝ խորհրդարանի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը չի պարունակում պետական կամ այլ գաղտնիք, պետք է դառնա հանրության սեփականությունը։ Իսկ դա հնարավոր է ապահովել նախևառաջ ԶԼՄ-ների անկաշկանդ գործունեության միջոցով։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք.

  • ԱԺ ղեկավարությունից՝ անհապաղ դադարեցնել խորհրդարանում հավատարմագրված լրագրողների և օպերատորների նկատմամբ կիրառվող բռնությունները, ճնշումները և ապօրինի սահմանափակումները՝ անկախ այն հանգամանքից, թե նրանք ինչ իրադարձություններ են լուսաբանում՝ մասնագիտական պարտականություններից ելնելով,
  • ԱԺ նախագահից՝ անպայմանորեն մասնակցել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 30-ին կայանալիք քննարկմանը, որը նվիրված է լինելու վերոհիշյալ խնդիրներին, և առավելագույնս ընդառաջել լրագրողների ողջամիտ ակնկալիքներին,
  • Անվտանգության ծառայության աշխատակիցներից՝ չգերազանցել իրենց լիազորությունները. խորհրդարանում աշխատող լրագրողների ու օպերատորների նկատմամբ չկիրառել անհիմն սահմանափակումներ, չներկայացնել անօրինական պահանջներ և չխոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Posts navigation

1 2 3 4 5 6 9 10 11
Scroll to top