Open post

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնական e-draft.am կայքում քննարկման են դրվել ՀՀ վարչապետի 2018 թ․ սեպտեմբերի 19-ի թիվ 1230-Ն որոշման, ՀՀ կառավարության 2012 թ․ օգոստոսի 30-ի թիվ 1104-Ն և 2016 թ․ սեպտեմբերի 22-ի թիվ 982-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։ Դրանցից առաջինով նախատեսվում է e-gov.am հարթակում չհրապարակել պետական աշխատակիցների գործուղումների նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, ընդունված որոշումների մասին տեղեկությունները։ Երկրորդով՝ չներկայացնել մեկ անձից իրականացվող գնումների մասին տեղեկությունները, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը, օգտակար հանածոների և ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ու երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների տվյալները: Բացի այդ, առաջարկվում է gov.travel.am կայքից հեռացնել ավիափոխադրողների, չվերթների, դրանց արժեքի, ամրագրման կոդերի, ուղևորների քանակի վերաբերյալ տեղեկությունները:

Այս փաստաթղթերը մշակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ։

Խորը մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ 2018թ․ հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժը, որը հաղթանակ տարավ նաև ս․թ․հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, առաջ է քաշում ժողովրդավարական հասարակությանը ոչ հարիր սահմանափակումներ տեղեկատվության ազատության ոլորտում։ Քննարկման դրված փաստաթղթերի դրույթների ճնշող մեծամասնությունը հակասության մեջ է մտնում Սահմանադրության 51-րդ հոդվածի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Բաց կառավարման միջազգային գործընկերության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ։

Այս իշխանությունների՝ թափանցիկ աշխատելաոճ չորդեգրելու մասին ի սկզբանե վկայում էր փաստը, որ նախաձեռնություն չցուցաբերվեց վերանայելու «Գնումների մասին» օրենքի այն դրույթները, համաձայն որոնց՝ պետության առաջին 3 դեմքերի (ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի) գործունեությանը  վերաբերող ծախսերը դեռ նախկին իշխանության օրոք դասվել էին պետական գաղտնիքների շարքում։ Մյուս մտահոգիչ քայլը գրանցվեց, երբ Կառավարությունը  2020թ․ ապրիլին հավանության արժանացրեց բնապահպանական բնույթի տեղեկատվությունը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը։ Այժմ քննարկման դրված փաստաթղթերի փաթեթն էլ այդ սխալ մոտեցումների տրամաբանական շարունակությունն է։

Ի գիտություն ընդունելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության այսօր տարածած հայտարարությունը՝ այնուամենայնիվ ընդգծում ենք, որ այն չի փարատում մեր մտահոգություններն առ այն, որ իշխանությունն իր սուբյեկտիվ ընկալումներով և նեղ քաղաքական շահերից ելնելով՝ կարգելափակի նաև հանրային հետաքրքրություն և նշանակություն ունեցող տեղեկատվությունը։

Հաշվի առնելով, որ նման տեղեկատվական սահմանափակումները հղի են կոռուպցիոն ռիսկերով, հակասում են ՀՀ օրենսդրությանն ու միջազգային նորմերին, իշխանությունների թափանցիկ գործունեության, հասարակության առջև հաշվետվողականության ժողովրդավարական սկզբունքներին՝ մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք ՀՀ կառավարությունից․

  • չեղարկել վերոհիշյալ նախագծերը,
  • տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրների լուծումները գտնելու նպատակով համակողմանի քննարկումներ կազմակերպել համապատասխան պետական մարմինների, հասարակական մասնագիտացված կառույցների, անկախ փորձագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով մերժել քրեական գործի հարուցումը՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից «Հրապարակ» օրաթերթի թղթակից Անուշ Դաշտենցի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, նրա հեռախոսը խլելու, ապակոդավորելու և տեսանյութը ջնջելու դեպքի առիթով։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հունիսի 4-ին անդրադարձել էինք այս միջադեպին համատեղ հայտարարությամբ։
Հատկանշական է, որ ավագ քննիչ Խորեն Մեջլումյանն այդ որոշումը կայացնելիս վկայակոչել է վերոհիշյալ փաստերը, որոնց համար քրեական օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված։ Այդուհանդերձ, նա եկել է եզրահանգման, որ հանցակազմը բացակայում է, քանի որ «անհրաժեշտ է, որպեսզի հանցավորը գիտակցաբար խոչընդոտի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը կամ հարկադրի տեղեկություն տարածելու կամ դրանք տարածելուց հրաժարվելուն»։

Այս հիմնավորումն առնվազն տարակուսանք է առաջացնում, քանի որ դժվար է ենթադրել, որ պատգամավորն անգիտակցաբար է խլել լրագրողի հեռախոսը և հեռանալով դեպքի վայրից՝ վերացրել իր համար անցանկալի բովանդակությունը։ Մենք պնդում ենք, որ այս միջադեպը մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտում է։ Սակայն եթե նույնիսկ քննիչն այդպես չի որակել, ապա լրագրողի գույքն ապօրինի վերցնելը, անձնական տվյալների գաղտնիությունը խախտելը և տեղեկությունը չտարածելուն հարկադրելը բավարար հիմքեր են Հայկ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու համար։

Համադրելով ՀՔԾ այս որոշումը և ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոստումն առ այն, որ իր թիմի հաղթանակի դեպքում երկրում հաստատվելու է օրենքի դիկտատուրա, ստիպված ենք նշել, որ այդ դիկտատուրան աներկբա ենթադրում է, որ օրենքը պետք է գործի բոլորի համար՝ անկախ նրանից, թե  այն խախտողն իշխանության ներկայացուցիչ է, ընդդիմադիր, թե ապաքաղաքական անձ։

Մեր վրդովմունքն արտահայտելով ՀՔԾ եզրահանգման առնչությամբ՝ պահանջում ենք․

  • ՀՀ դատախազությունից՝ օգտագործելով իր վերահսկողական գործառույթը՝ վերացնել քննչական ծառայության որոշումը, հարուցել քրեական գործ և այն ուղարկել քննության,
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ քննարկման առարկա դարձնել Հայկ Սարգսյանի վարքագիծը լրագրողների հետ հարաբերվելիս և հրապարակայնորեն գնահատական տալ ինչպես այս, այնպես էլ դրանից առաջ նրա մասնակցությամբ տեղի ունեցած մի շարք այլ միջադեպերին,
  • Նորընտիր Ազգային ժողովից՝ առաջնահերթության կարգով լուծել մշտապես գործող էթիկայի հանձնաժողովի հարցը, ինչպես նաև կանոնակարգել պատգամավոր-լրագրող հարաբերությունները՝ բացառելով միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ու անհանդուրժողականությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Armenia -- President Armen Sargsyan votes in Parliamentary elections, 20Jun2021

Հայտարարություն ընտրությունների ընթացքում ԶԼՄ աշխատակիցների գործունեության խոչընդոտման դեպքերի կապակցությամբ

            Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման 4 դեպք։

            Մասնավորապես՝ 29/45 ընտրատեղամասում, որտեղ պետք է քվեարկեր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ընտրական հանձնաժողովը Հանրային հեռուստաընկերության և «168.am» լրատվական կայքի օպերատորներ Դավիթ Մաճկալյանին և Հենրիկ Սարգսյանին արգելել է նկարահանումներ իրականացնել՝ պատճառաբանելով, որ ԿԸՀ-ի հավատարմագրման վկայականի հետ պարտադիր է անձնագրի առկայությունը։ Այս պահանջը հակասում էր Ընտրական օրենսգրքի 32 հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին, որոնց հղում կատարելով՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին հաջողվել է խնդիրը հարթել։ Գորիսի 34/03 ընտրատեղամասի բակում անհիմն սահմանափակվել է «ParaTV»-ի լրագրող Գրիգոր Գևորգյանի աշխատանքը․ նրան արգելել են նկարահանել արկղի մեջ լցված քվեաթերթիկները։ Կապանի 35/37 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձն իր հեռախոսով նկարել է «Զանգեզուր TV»-ի լրագրող Անուշ Միրզոյանի գործողությունները, ցուցաբերել անհարգալից վերաբերմունք և կաշկանդել աշխատանքը։ Երևանի 9/21 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձինք վիրավորական, ագրեսիվ պահվածք են դրսևորել «FreeNews.am» լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի նկատմամբ, խաթարել նրա ազատ գործունեությունը։

            Ընտրություններին նախորդող քարոզարշավը նույնպես ուղեկցվել է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումներով․ հունիսի 7-18-ին արձանագրվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ այլ ճնշումների 5 դեպք։

Համեմատության համար նշենք, որ 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցվել է ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտման 3 դեպք, 2017-ի ԱԺ ընտրություններին՝ 5 ֆիզիկական և 14 այլ ճնշումների դեպք, 2012-ին՝ համապատասխանաբար 3 և 4։

            Քանի որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ցանկացած ոտնձգություն սպառնալիք է խոսքի ազատության և հասարակության տեղեկացված լինելու իրավունքին, պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել հունիսի 20-ի վերոհիշյալ միջադեպերը և իրավական գնահատական տալ դրանց։

            Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, շարունակելու ենք հետևել իրադարձությունների զարգացումներին և կոչ ենք անում իշխանություններին, ընդդիմադիր քաղաքական ուժերին և նրանց համակիրներին, ինչպես նաև՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ հետընտրական ժամանակաշրջանում դրսևորել միմյանց նկատմամբ զսպվածություն, հանդուրժողականություն և հարգալից վերաբերմունք, հրաժարվել ատելության խոսքից, թշնամանքից և հայհոյախոսությունից։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
une 4 statement Hayk Sargsyan Anush Dashtents

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 3-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերթական անգամ աչքի է ընկել լրագրողի հանդեպ անվայել պահվածքով։ «Հրապարակ» օրաթերթի թղթակից Անուշ Դաշտենցը լրատվամիջոցներին հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի մոտ նկատելով իշխող քաղաքական ուժի ներկայացուցչին՝ մոտեցել ու փորձել է հարց ուղղել նրան։ Պատգամավորն ի պատասխան խլել է հեռախոսն ու մեքենայով հեռացել՝ ասելով, թե այն չի վերադարձնի, քանի դեռ «լրագրողը խելքը գլուխը չի հավաքել»։ Անուշ Դաշտենցը ներկաներին տեղեկացրել է, որ դիմելու է ոստիկանություն, սակայն նրանք արձագանքել են, թե ոչինչ չեն տեսել, և կատարվածը հնարավոր չի լինի ապացուցել։ Ավելի ուշ, երբ լրագրողը դիմել է պատգամավորի մտերիմներից մեկին, հեռախոսը վերադարձվել է, բայց ապակոդավորված և տեսագրությունը ջնջված։ Հայկ Սարգսյանը ԶԼՄ-ներին հայտնել է, որ ինքը խնդրել է չտեսանկարահանել իրեն և իր ընկերներին, ինչը չի արվել, և դա է պատճառ դարձել, որ դիմել է նման քայլի: Ի դեպ, ահազանգ ստանալուց հետո ոստիկանությունը լրագրողին հրավիրել է բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում միջադեպի կապակցությամբ: Արձանագրում ենք, որ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն ամիսներ առաջ նույնպես անհանդուրժողական և անբարեկիրթ վարքագիծ է դրսևորել ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ, ինչին անդրադարձել ենք հայտարարությամբ։ Իսկ այս անգամ լրագրողի աշխատանքը խոչընդոտելն ու նրա գույքի հափշտակությունն առերևույթ քրեորեն պատժելի արարքներ են։ Բացի այդ, պատգամավորի կողմից Անուշ Դաշտենցի հեռախոսը ապակոդավորելն ու այն այլ նպատակների համար օգտագործելը ոչ այլ ինչ է, քան լրագրողի անձնական կյանքին ապօրինի միջամտություն։

Վերահաստատում ենք նախորդ հայտարարություններում արտահայտած պնդումները, որ նման անթույլատրելի միջադեպերը հատկապես վտանգավոր են հանրային կայունության համար՝ այսօրվա ծայրահեղ լարված նախընտրական շրջանում, քանի որ քաղաքական գործիչների անզուսպ պահվածքը հղի է ավելորդ կրքերի բորբոքմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

  • ԱԺ ղեկավարությունից, «Իմ քայլը» խմբակցությունից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ քննարկման առարկա դարձնել պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագիծը, դիրքորոշում արտահայտել կատարվածի վերաբերյալ, միջոցներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու համար և տեղեկացնել այդ ամենի մասին հանրությանը,
  • ՀՀ ոստիկանությունից՝ անկողմնակալ քննություն իրականացնել միջադեպի առնչությամբ և անաչառ իրավական գնահատական տալ Հայկ Սարգսյանի արարքին:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Press Freedom Banner

Հայտարարություն Nexta ընդդիմադիր ալիքի ստեղծող Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու կապակցությամբ

Միջազգային լրագրողական հանրությունը Բելառուսի իշխանությունների վրդովեցուցիչ վարքագծի ականատեսը դարձավ։ Մայիսի 23-ին Telegram-ի Nexta ընդդիմադիր ալիքի ստեղծող Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու համար երկրի ղեկավարությունը կիրառեց աննախադեպ միջոց՝ Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող Ryanair ընկերության օդանավին ստիպելով վայրէջք կատարել Մինսկում։ Սա Բելառուսում լրագրողների հանդեպ անօրինական գործողությունների առաջին դեպքը չէ։ Այդ երկրում մեր շատ գործընկերներ տարիներ շարունակ, հատկապես՝ 2020թ․ նախագահական խնդրահարույց ընտրություններից հետո, ենթարկվում են անթույլատրելի հետապնդումների։

2016-ի դեկտեմբերին երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի անմիջական մասնակցությամբ ձերբակալվեց և Ադրբեջանին հանձնվեց ճանապարհորդ և բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ Պաշտոնական Մինսկն անտեսել էր այն հանգամանքը, որ Լապշինը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է, իսկ Բելառուսում գտնվում էր որպես արտասահմանցի զբոսաշրջիկ ու երկրի որևէ օրենք չէր խախտել։ Հայտնի է, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մայիսի 20-ին՝ Պրոտասևիչի դեպքից ընդամենը 3 օր առաջ, Լապշինի գործով վճիռ կայացրեց՝ Ադրբեջանին մեղադրելով Բաքվի բանտում բլոգերի հանդեպ դաժան կտտանքների, մահափորձի, ինչպես նաև՝ փաստաթղթերի կեղծման համար։ ՄԻԵԴ վճիռն անուղղակի մեղադրանք էր նաև Բելառուսի իշխանությունների հասցեին, սակայն դա վերջիններիս հետ չպահեց անթույլատրելի գործողություններից, որոնք ակնհայտ մարտահրավեր էին միջազգային հանրությանը և միջազգային իրավունքին։

Մենք՝ հայաստանյան լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներս, կոչ ենք անում աշխարհի առաջնորդներին՝ վճռական և կոշտ միջոցներ ձեռնարկել խոսքի ազատության սկզբունքները ոտնահարող ռեժիմների դեմ, որոնք է՛լ ավելի են ահագնացնում ճնշումները լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ: Անցյալ տարվա աշնանը 44-օրյա Արցախյան պատերազմում տուժեցին և հայ, և արտասահմանցի մի շարք գործընկերներ, և որպես այդ պատերազմն ապրած երկրի քաղաքացի և լրագրող՝ մենք չենք կարող անտարբեր մնալ ժամանակակից քաղաքակրթության հիմնարար արժեքների ցինիկ մերժման փաստերի նկատմամբ և զրոյական հանդուրժողականություն ենք պահանջում նման դեպքերի հանդեպ։

 

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Armenia -- The logo of the Human Rights Defender, Yerevan, 22Mar2021

Հայտարարություն լրագրողի և նրա երեխայի դեմ սոցցանցային սպառնալիքների վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ ապրիլի 14-ին, Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ «Tert.am» կայքի լրագրող Անի Գևորգյանը դիմել է իրեն՝ տեղեկացնելով, որ սոցիալական ցանցերի տարբեր էջերում սպառնալիքներ է ստացել՝ կապված իր մասնագիտական գործունեության հետ։ Մասնավորապես՝ օգտատերերի մի խումբ տարածել է լրագրողի և նրա մանկահասակ երեխայի լուսանկարը՝ ուղեկցող վիրավորական և արժանապատվությունը նվաստացնող տեքստերով:

Ի գիտություն ընդունելով, որ ՄԻՊ Արման Թաթոյանը մտադրություն է հայտնել այս կապակցությամբ գրություն ուղարկել ՀՀ ոստիկանություն, իսկ Անի Գևորգյանն արդեն իսկ հաղորդում է ներկայացրել իրավապահներին՝ արձանագրում ենք, որ վերջին շրջանում նկատելիորեն ավելացել են լրագրողներին թիրախավորելու և նրանց հանդեպ ճնշումներ գործադրելու դեպքերը թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ զանգվածային քաղաքական ակցիաների ընթացքում։ Ցավոք, մեր հասարակությունում այդպես էլ չձևավորվեց քաղաքակիրթ բանավեճի մշակույթը, և առավել տարածված է մնում այլակարծությանը ատելությամբ, հայհոյախոսությամբ և սպառնալիքներով պատասխանելը։ Ավելին՝ նույնիսկ հաշվի չի առնվում անչափահասների նկարների և անձնական տվյալների ապօրինի հանրայնացման վտանգավորությունը։ Այս պայմաններում էլ ավելի հրատապ է դառնում իրավապահ մարմինների հատուկ ուշադրությունը խնդրին ու համարժեք հակազդող քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, դատապարտում ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ցանկացած ճնշման դրսևորում, մանավանդ, եթե դա կապված է այնպիսի քրեորեն պատժելի արարքի հետ, ինչպիսին լրագրողին կամ նրա մերձավորին վնաս հասցնելու սպառնալիքն է։ Կարևորելով լրագրողի կողմից պետական կառույցին դիմելու նախադեպը՝ պահանջում ենք․

  • ՀՀ ոստիկանությունից՝ քայլեր ձեռնարկել լրագրող Անի Գևորգյանի անվտանգությունն ապահովելու համար, հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել սոցիալական ցանցերում նրան վիրավորանքներ և սպառնալիքներ ուղղած օգտատերերին։
  • Քաղաքական ուժերից և նրանց հարող խմբերից՝ առավել զսպվածություն ցուցաբերել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների և լրատվամիջոցների հանդեպ, անկախ դրանց ուղղվածությունից, տարածվող գաղափարներից և տեսակետներից։

Հորդորում ենք լրագրողներին՝ բարձրաձայնել իրենց իրավունքների խախտման ցանկացած դեպքի մասին, ինչը կնպաստի խնդրի հանրայնացմանը և ԶԼՄ-ների աշխատակիցների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Armenian Parliament Building

Հայտարարություն վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը եռապատկելու կապակցությամբ

Մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախագիծը՝ եռապատկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը՝ հասցնելով համապատասխանաբար 3 և 6 միլիոն դրամի։

Այս փոփոխությունը չափազանց վտանգավոր է, հատկապես եթե հաշվի առնենք իշխանության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների և այլ հայտնի մարդկանց հակվածությունը՝ նույնիսկ օբյեկտիվ քննադատությունն ընկալել որպես վիրավորանք ու զրպարտություն և դիմել դատարան։  Իսկ դատական համակարգի հետ կապված բազմաթիվ խնդիրների առկայության պայմաններում նման հայցերով վճիռները կարող են ճակատագրական լինել ԶԼՄ-ների հետագա գործունեության համար։

Փաստորեն, չանսալով լրագրողական և փորձագիտական հանրության քննադատությանը, հորդորներին ու կոչերին՝ օրենսդիրը հաստատեց մեդիա ոլորտին վերաբերող մի ռեպրեսիվ նախաձեռնություն, որը հիմնված չէ մասնագիտական խորն ուսումնասիրության ու վերլուծության վրա և հետապնդում է նեղ քաղաքական շահեր։

Նախագծի նախնական տարբերակում, որն ընդունվել էր առաջին ընթերցմամբ, ենթադրվում էր հնգապատկել վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման վերին շեմերը։ Ավելի ուշ, ԱԺ քննարկումների արդյունքում, այնուամենայնիվ, որոշվեց սահմանափակվել այդ շեմերի եռապատկմամբ, ինչը բնավ էլ հարցի փոխզիջումային լուծում չի կարելի համարել, քանի որ այդ չափերը նույնպես համադրելի չեն երկրի սոցիալ-տնտեսական վիճակին ընդհանրապես և լրատվամիջոցների ֆինանսական կարողություններին՝ մասնավորապես։

Ամենևին չպաշտպանելով վիրավորողներին ու զրպարտողներին՝ մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, վերահաստատում ենք, որ այս փոփոխություններով էական վնաս կհասցվի խոսքի, արտահայտվելու ազատությանն ու կսահմանափակվի լրատվամիջոցների՝ օբյեկտիվ քննադատելու հնարավորությունը։ Բացի այդ, սա կարող է ազդակ դառնալ դատարանների համար և դրդել նրանց ընդդեմ ԶԼՄ-ների ավելի խիստ վճիռների կայացման։

Ակնհայտ է, որ այս օրենսդրական փոփոխությամբ խաթարվում է հավասարակշռությունը Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտվելու ազատության իրավունքի և 8-րդ հոդվածով պաշտպանված մարդու արժանապատվության՝ որպես անձնական կյանքի բաղկացուցչի միջև։ Անտեսվում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման այն կարևորագույն դրույթը, համաձայն որի՝ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի նրանց սնանկացմանը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․

  • ՀՀ նախագահին՝ չստորագրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և ուղարկել այն Սահմանադրական դատարան՝ որոշելու դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։
  • Միջազգային կազմակերպություններին՝ հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտել վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերին վերաբերող օրենսդրական փոփոխությունների առնչությամբ և հորդորել իշխանություններին՝ վերանայել խոսքի ազատությանը սպառնացող այս և այլ նախաձեռնությունները։

 

 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Armenia -- The logo of the Human Rights Defender, Yerevan, 22Mar2021

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ՄԻՊ-ի դեմ ուղղված վիրավորական արտահայտությունների կապակցությամբ

22 մարտի, 2021թ, Երևան

Մարտի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյանք է ուղղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հասցեին։ Դրա պատճառը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի՝ լրագրող Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու առնչությամբ ՄԻՊ-ի դատապարտող հայտարարությունն էր։ Քաղաքական գործչի հայհոյանքին հավանություն են տվել իշխանության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ Նմանատիպ այլ գրառումներ են տարածվել, որոնց հեղինակները, պաշտպանության տակ առնելով Հակոբ Արշակյանին, միաժամանակ վիրավորական, անհարգալից վերաբերմունք են դրսևորել ՄԻՊ-ի նկատմամբ՝ փաստորեն, իր պաշտոնեական պարտականությունները հետևողականորեն իրականացնելու համար։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք հայտնում այդ խիստ անպարկեշտ արարքների կապակցությամբ և դատապարտում ենք տեղի ունեցածը։ Այս փաստը հետևանք է վերջին ժամանակներս երկրում ստեղծված ատելության, անհանդուրժողականության մթնոլորտի, երբ այս կամ այն հանրային դեմքի հասցեին հնչեցված նույնիսկ պատշաճ քննադատությունն ընկալվում է որպես «թշնամական գործողություն» և ագրեսիվ արձագանքի առիթ է դառնում։

Չափազանց կարևոր է, որ հատկապես քաղաքական գործիչների և նրանց համակիրների անթույլատրելի պահվածքն արժանանա հանրային պարսավանքի, ավելին՝ մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Հիշեցնում ենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 332.2 հոդվածի համաձայն՝ «Մարդու իրավունքների պաշտպանին, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկսի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով»:

Թերևս իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների այսպիսի վերաբերմունքով է պայմանավորված վերջին շրջանում ՄԻՊ-ի լայնածավալ աշխատանքի թերագնահատումը, դրան քաղաքական ենթատեքստ հաղորդելը։ Էլ ավելի մտահոգիչ է Կառավարության կողմից ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորմանը վերաբերող առաջարկությունը, որը կարող է բացասաբար ազդել այդ կառույցի անկախության երաշխիքների վրա։ Կարծում ենք, որ հետպատերազմյան շրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանվածության առումով Հայաստանում բազմաթիվ նոր սպառնալիքներ են ի հայտ եկել, ՄԻՊ ինստիտուտի դերը շեշտակի բարձրացել է, իսկ աշխատանքի ծավալը՝ մեծացել, այդպիսի վերաբերմունքն անընդունելի է։ Ի դեպ, այս խնդրին անդրադարձել է նաև հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը՝ նշելով, որ նման մոտեցումները կարող են խորացնել Հայաստանում առկա ճգնաժամը, և իշխանությունները պետք է ապահովեն մարդու իրավունքների ինստիտուտների անխոչընդոտ գործունեությունը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից՝ հրապարակայնորեն խստագույնս դատապարտել հայհոյախոսությունը ՄԻՊ-ի հասցեին, ներողություն խնդրել Արման Թաթոյանից, պատասխանատվության ենթարկել մեղավորներին և երաշխիքներ տալ ապագայում նման վարքագծի բացառման համար։
  • ԱԺ ղեկավարությունից՝ խնդիրը քննարկելու նպատակով ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և պաշտոնապես հրապարակել ընդունված եզրակացությունը։
  • Իշխող քաղաքական ուժից՝ վերանայել ՄԻՊ-ի աշխատանքի ոչ օբյեկտիվ գնահատականները և բացառել գրասենյակի ֆինանսավորման եղանակների այնպիսի փոփոխություն, որը կնվազեցնի դրա անկախությունը և արդյունավետությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Armenia -- HTI Minister Hakob Arshakyan attacks journalist Paylak Fahradyan, Yerevan, 18Mar2021

Հայտարարություն նախարարի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու կապակցությամբ

19 մարտի, 2021թ, Երևան

Երեկ՝ մարտի 18-ին, երևանյան սրճարաններից մեկում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բռնություն է գործադրել «Irakanum.am» կայքի խմբագիր Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ։ Վերջինս, նկատելով բարձրաստիճան պաշտոնյային, մոտեցել և հարցրել է, թե ինչու է նա աշխատանքային ժամին սրճարանում։ Համաձայն մամուլի հրապարակումների՝ զրույցը երկուստեք ոչ կոռեկտ է եղել, որից հետո նախարարը հարվածներ է հասցրել լրագրողին, վնասել համակարգիչն ու հեռախոսը։

Մեր ողջ դիտարկումների ընթացքում աննախադեպ երևույթ է, երբ կառավարության անդամը լրագրողի հետ հարաբերվելիս բռունցքների է դիմում։ Սա վերջին ամիսներին իշխանության և լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև ծայրահեղ լարվածության, փոխադարձ անհանդուրժողականության և ոչ պարկեշտ վարքագծի հերթական դրսևորումն էր։ Դրա օրինակները մենք արձանագրել ենք ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ տարբեր զանգվածային միջոցառումների ընթացքում։ Մինչդեռ, բարձրաստիճան պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները պետք է պատրաստ լինեն հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինել և զսպվածությամբ վերաբերվել իրենց ուղղված հարցերին։ Առանձնահատուկ նշում ենք, որ  լրագրողներն իրենց հերթին պարտավոր են գործել օրենքի և մասնագիտական էթիկայի շրջանակներում։

Հիմքեր ունենք այս միջադեպն ընկալել որպես նախորդ նմանատիպ դեպքերի առնչությամբ իշխանական շրջանակների ոչ պատշաճ արձագանքի հետևանք։ Այժմ էլ տարակուսանք են առաջացնում Հակոբ Արշակյանի քաղաքական թիմակիցներից ոմանց փորձերը՝ հրապարակային հայտարարություններով և մեկնաբանություններով ուղղակի կամ անուղղակի արդարացնել տեղի ունեցած բռնությունը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, անթույլատրելի համարելով լրագրողի նկատմամբ գործադրած բռնությունը՝ պահանջում ենք․

  • Կառավարությունից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ հրապարակավ դատապարտել նախարարի պահվածքը, քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը և երաշխիքներ տալ, որ ապագայում նման դեպքերը կբացառվեն։
  • Իրավապահ մարմիններից՝ ուսումնասիրել միջադեպի բոլոր մանրամասները և համապատասխան իրավական գնահատական տալ կատարվածին։

Կոչ ենք անում լրագրողներին՝ պաշտոնյաների, քաղաքական գործիչների հետ առնչվելիս խուսափել սադրիչ վարքագծից, հատկապես այն դեպքերում, երբ դա որևէ կերպ չի նպաստում հանրությանը օբյեկտիվ տեղեկություններ մատուցելու մասնագիտական առաքելության իրականացմանը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenia -- A correspondent and a cameraman of RFE/RL’s Armenian Service were assaulted while covering an opposition demonstration in Yerevan, 23Feb2021

Հայտարարություն լրագրողների վրա հարձակումների կապակցությամբ

Երեկ՝ փետրվարի 23-ին, Երևանում ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիային հաջորդած երթի ժամանակ նպատակաուղղված հարձակում է իրականացվել իրադարձությունները լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների վրա։ Նկատելով վերջիններիս, ցուցարարների մի խումբ վիրավորել և հայհոյել է նրանց, սպառնացել, որ ռադիոկայանը փակելու են։ Ապա այդ մարդիկ հարվածներ են հասցրել լրագրող Արտակ Խուլյանին ու օպերատոր Կարեն Չիլինգարյանին, վնասել տեսախցիկը։

Նույն օրը ցուցարարների նկատմամբ կիրառված ոստիկանական գործողությունների ընթացքում հարված է ստացել «Sputnik Արմենիա» կայքի օպերատոր Արամ Ներսիսյանը։ Ավելի վաղ՝ փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ, կրկին թիրախավորվել էր «Ազատություն» ռադիոկայանը։ Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյանը խոչընդոտել էր ԶԼՄ-ի աշխատանքը, իսկ երբ ռադիոկայանի թղթակիցը դիմել է այդտեղ գտնվող ոստիկաններին, վերջիններս անտարբերություն և անգործություն են ցուցաբերել։

Վերջին ամիսների ընթացքում մենք արձանագրել ենք նաև մի շարք միջադեպեր, երբ իշխանության ներկայացուցիչներն ու նրանց համակիրներն են խտրական և վիրավորական վերաբերմունք ցուցաբերել լրագրողների նկատմամբ, թիրախավորել ընդդիմադիր դաշտի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։

Անընդունելի և դատապարտելի համարելով փոխադարձ ատելություն տարածելը՝ համոզմունք ենք հայտնում, որ լրատվամիջոցների աշխատակիցների հանդեպ ագրեսիվ պահվածքի համար մեծապես պատասխանատու են ցույցերի և երթերի կազմակերպիչները, որոնք համակիրների շրջանում անհանդուրժողականություն են սերմանում «ոչ յուրային» ԶԼՄ-ների նկատմամբ։ Դրա վառ օրինակն է նաև «Ազատության» հետ կապված վերջին միջադեպը. ընդդիմությունը վաղուց իր հետևորդներին ներշնչել է՝ իբր այդ ռադիոկայանը գործում է ի շահ Փաշինյանի կառավարության։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ այս ամենը չի նպաստում հասարակության համախմբմանը, ինչն այսօր չափազանց կարևոր է։ Եվ քանի որ զանգվածային բողոքի ակցիաները շարունակականության միտում ունեն, պահանջում ենք․

• ՀՀ ոստիկանությունից՝ բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի ցանկացած խոչընդոտում, բացահայտել վերոհիշյալ միջադեպերի մասնակիցներին ու բռնություն իրականացնողներին և պատասխանատվության ենթարկել նրանց, ինչպես նաև՝ ծառայողական քննություն անցկացնել ձեռնարկված գործողությունների իրավաչափությունը գնահատելու համար,

• ակցիաները կազմակերպող ընդդիմադիր քաղաքական ուժերից՝ հստակ ուղերձ հղել իրենց համակիրներին և հետևորդներին՝ լրատվամիջոցների նկատմամբ ագրեսիվության և անհանդուրժողականության անթույլատրելիության վերաբերյալ՝ անկախ դրանց քաղաքական ուղղվածությունից։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Posts navigation

1 2 3 4 5 6 7 8 9 11 12 13
Scroll to top