Open post

Հայտարարություն «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Երեկ՝ փետրվարի 17-ին, պաշտոնական «edraft.am» կայքում հանրային քննարկման է դրվել ՀՀ դատախազության մշակած և Արդարադատության նախարարության կողմից ներկայացված՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել 100 հազարից 500 հազար դրամի չափով: Իսկ եթե այդ արարքը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված անձի ծառայողական պարտականությունները կատարելու հետ, առաջարկվում է պատժել տուգանքով՝ 500 հազարից 3 միլիոն դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Այս նախագիծը տրամաբանական շարունակությունն է վերջին ամիսներին իշխանությունների ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, որոնց միջոցով փորձ է արվում սահմանափակել խոսքի ազատությունն ու ԶԼՄ-ների գործունեությունը։ Դեռևս 2010 թվականին գործուն մասնակցություն ունենալով վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման գործընթացում՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս նպատակ էինք հետապնդում ձևավորել ժողովրդավարական հասարակությանը հարիր՝ լրատվական դաշտը կարգավորող միջավայր։ Իսկ այսօր մեր հիասթափությունն ենք արտահայտում առ այն, որ 2018 թվականի հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությունները հետադիմական նախաձեռնություններով անընդունելի սահմանափակումներ են նախատեսում արտահայտվելու ազատության համար։

Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող այս փոփոխությունների հեղինակները բացարձակապես տեղյակ չեն այս խնդրի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի պահանջներին և Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, որոնք պարտադիր են այդ կառույցներին անդամակցող Հայաստանի համար։ Մասնավորապես՝ վկայակոչենք ԵԽԽՎ 1577 (2007) բանաձևը, որի 17․6 կետը պահանջում է վիրավորանքին և զրպարտությանը վերաբերող օրենսդրությունից հեռացնել պաշտոնատար անձանց հավելյալ պաշտպանությունը՝ ըստ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի։

Մենք ամենևին էլ մտադիր չենք պաշտպանել վիրավորողներին և զրպարտողներին։ Սակայն անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ իշխանության ներկայացուցիչները, պաշտոնատար անձինք, հանրային դեմքերը պարտավոր են առավել հանդուրժողականություն ցուցաբերել ցանկացած քննադատության նկատմամբ և պետք է գիտակցեն, որ իրենց գործառույթներն իրականացնելիս գտնվում են հանրության և ԶԼՄ-ների խոշորացույցի ներքո։ Ավելին, ըստ Եվրոպական դատարանի նախադեպային որոշման՝ լրագրողական ազատության բաղկացուցիչ մաս է կազմում որոշակի չափազանցությունների և նույնիսկ սադրանքի դիմելը։ Հնարավոր չէ անտեսել նաև այն իրողությունը, որ հաճախ լրատվամիջոցների օբյեկտիվ քննադատությունը պաշտոնյաներն ու տարբեր քաղաքական գործիչներ ընկալում են որպես վիրավորանք և զրպարտություն ու փորձում են դատարանների միջոցով վրեժխնդիր լինել։ Այս փոփոխությամբ առաջարկվող քրեական պատասխանատվությունը, ընդհուպ ազատազրկումը, փաստորեն, գործիք կարող է դառնալ՝ պաշտոնյաներին սուր քննադատությունից զերծ պահելու, հասարակության առջև նրանց հաշվետվողականությունը նվազագույնի հասցնելու համար։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

• ՀՀ կառավարությունից՝ անհապաղ հրաժարվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծից,

• Օրենսդիր և գործադիր իշխանություններից՝ վերանայել անհամաչափ սահմանափակումների միջոցով լրատվական դաշտը կարգավորելու քաղաքականությունը և լայն քննարկումներ նախաձեռնել ոլորտում առաջացած նոր խնդիրների համարժեք լուծումներ գտնելու նպատակով:

Միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական մտահոգիչ գործընթացները, որոնք ժողովրդավարության և մարդու իրավունքների առումով սպառնում են հանգեցնել լուրջ հետընթացի:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Open post

Հայտարարություն վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերի շեշտակի բարձրացման կապակցությամբ

2021թ․ փետրվարի 11-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափը պետք է հնգապատկվի՝ հասնելով համապատասխանաբար 5 միլիոն և 10 միլիոն դրամի։ Արձանագրում ենք, որ Ազգային ժողովը հերթական անգամ ընդունում է լրատվամիջոցներին վերաբերող օրենք, որը հիմնված չէ խորը ուսումնասիրության արդյունքների և փորձագիտական շրջանակների խորհրդատվության վրա։

Մինչդեռ, անցած տարվա սեպտեմբերի 16-ին, երբ խնդրո առարկա նախագիծն արդեն դրվել էր շրջանառության մեջ, մենք հանդես եկանք հայտարարությամբ՝ նշելով, որ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերի շեշտակի բարձրացումը լուրջ սպառնալիք կդառնա ամբողջ ԶԼՄ ոլորտի համար, և դրանից կարող են տուժել ոչ միայն որոշ անպարկեշտ հարթակներ, այլև օրենքն ու մասնագիտական էթիկան հարգող լրագրողները։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ նաև լրատվամիջոցների հիմնավորված քննադատությունն է հաճախ ընկալվում որպես վիրավորանք կամ զրպարտություն և դատական վեճի առիթ դառնում։

Մենք վերահաստատում ենք, որ առաջարկվող փոփոխությամբ մեզանում խաթարվում է հավասարակշռությունը Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված՝ արտահայտվելու ազատության իրավունքի և նույն կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանված մարդու արժանապատվության՝ որպես անձնական կյանքի բաղկացուցչի միջև։ Բացի այդ, անտեսվում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման այն կարևորագույն դրույթը, համաձայն որի՝ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի դրանց կոլապսին։

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծն առավել մտահոգիչ է այն իրողության ֆոնին, երբ տեղեկատվական ոլորտում առկա խնդիրների լուծումը փնտրվում է ռեպրեսիվ օրենսդրական փոփոխությունների և դրանց կիրարկման տիրույթում։ Դրա վառ օրինակներից է փետրվարի մեկից շրջանառության մեջ դրված «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների և լրացումների փաթեթը, որով նախատեսվում է արգելել հրապարակումներում անանուն աղբյուրներին հղում կատարելը, իսկ այդ արգելքը խախտելու համար կիրառել տուգանք՝ 500 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում՝ 1 միլիոնի չափով։

Այս հետադիմական նախաձեռնությունների պայմաններում ԶԼՄ-ներին վերաբերող իշխանությունների ցանկացած քայլ լրատվական ոլորտում կամա թե ակամա ընկալվում է որպես հերթական ճնշում խոսքի ազատության նկատմամբ՝ պայմանավորված նեղ քաղաքական գերակայություններով։ Ինչպես օրինակ՝ Սյունիքի որոշ տարածքներում լրագրողների աշխատանքի համար ԱԱԾ-ի կողմից մտցված սահմանափակումների դեպքում: Այդ առնչությամբ հրապարակված հայտարարություններն ու պարզաբանումները, ինչպես նաև իրականացված գործողություններն անորոշություն են առաջացնում, հակասական են և ստիպում են դրանցում տեսնել քողարկված օրակարգեր։

Հաշվի առնելով տեղի ունեցող անընդունելի գործընթացները, ինչպես նաև վիրավորանքին ու զրպարտությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների ընդունման դեպքում հնարավոր բացասական հետևանքները, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք.

— Ազգային ժողովից՝ հետաձգել վերոհիշյալ օրինագծի երկրորդ ընթերցումն ու ընդունումը, նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ներում տարածվող վիրավորանքի և զրպարտության խնդրի, դրան հակազդելու հնարավորությունների վերաբերյալ,

— ՀՀ նախագահից՝ ԱԺ կողմից տվյալ օրինագծի ընդունման պարագայում չստորագրել այն՝ վերաբերմունք արտահայտելով հետադիմական նախաձեռնության նկատմամբ,

— Պետական մարմիններից՝ լրատվամիջոցների հետ հաղորդակցությունը կառուցելիս ապահովել տեղեկատվության ազատության և հասարակության իրազեկ լինելու իրավունքների իրացումը,

— Միջազգային կազմակերպություններից՝ քննարկման առարկա դարձնել ՀՀ խորհրդարանի կողմից ԶԼՄ-ներին վերաբերող օրենքների ընդունման և այդ գործընթացում միջազգային նորմերի անտեսման խնդիրները, ինչպես նաև՝ իրավիճակը շտկելու միջոցներ կիրառել։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenian Parliament Building

«Անհիմն ճնշում լրագրողի նկատմամբ»․ Հայտարարություն «Yerevan.today»-ի լրագրողի մուտքը ԱԺ արգելելու կապակցությամբ

2021թ․հունվարի 26-ին,  արգելվել է «Yerevan.today» կայքի թղթակից Սյուզի Բադոյանի մուտքն Ազգային ժողով։ Լրագրողը հարցազրույցի համար նախապես պայմանավորված է եղել ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի հետ և ստացել է անցագրային բաժանմունքի պետի ստորագրությամբ անցաթուղթ, սակայն դա հաշվի չի առնվել։ Այս արգելքը հետևել է Սյուզի Բադոյանին հավատարմագրումից զրկելուն՝ հունվարի 13-ին պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ ունեցած թեժ վիճաբանության պատճառով, ինչին մենք անդրադարձել ենք առանձին հայտարարությամբ։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, այս միջադեպը համարում ենք անհիմն ճնշում լրագրողի նկատմամբ։ Փաստում ենք՝ թեև Սյուզի Բադոյանին հավատարմագրումից զրկելը վիճահարույց գործընթաց էր, այդուհանդերձ, հիմնավորված լինելու դեպքում էլ դա չէր կարող առիթ դառնալ՝ լրագրողի մուտքն ԱԺ առհասարակ արգելելու համար, առավելևս՝ տրամադրված անցաթղթի առկայությամբ։

Նախորդ հայտարարությամբ մենք կոչ էինք արել Ազգային ժողովին՝ հատուկ ուշադրություն դրսևորել պատգամավորների և լրագրողների միջև առաջացող խնդիրների նկատմամբ և ապահովել դրանք քննության առնելու անհրաժեշտ մեխանիզմների ձևավորումը։ Քանի որ խորհրդարանի ներսում հարաբերությունները մեծապես պայմանավորված են պատգամավորների վարվելակերպից, մենք ակնկալում էինք, որ ԱԺ ղեկավարությունը կքննարկի նաև Հայկ Սարգսյանի վարքագիծը։ Մինչդեռ, այս անհրաժեշտությունն անտեսվեց, և միջոցներ ձեռնարկվեցին միայն լրագրողի նկատմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք ԱԺ աշխատակազմից՝ արհեստական խոչընդոտներ չստեղծել լրագրողների գործունեության համար,  հստակեցնել ԶԼՄ ներկայացուցիչների հետ աշխատանքի պայմանները՝ այդ թվում վերանայելով և կատարելագործելով Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը։ Վերահաստատում ենք նաև մեր հորդորը՝ պատգամավորների և լրագրողների հարաբերություններում ծագող կոնֆլիկտները քննարկել էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

Open post
Armenia -- MP Hayk Sargsyan takes the microphone away from the journalist, Yerevan, 13Jan2021

Հայտարարություն ԱԺ-ում պատգամավոր Հայկ Սարգսյանի և լրագրող Սյուզի Բադոյանի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Երեկ՝ հունվարի 13-ին, Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և «Yerevan.today» կայքի լրագրող Սյուզի Բադոյանի մասնակցությամբ։ Երբ պատգամավորը հրաժարվել է պատասխանել տվյալ լրատվամիջոցը ներկայացնող թղթակցի հարցերին, վեճ է բռնկվել, հնչել են փոխադարձ մեղադրանքներ, դրսևորվել է անբարեհաճ վերաբերմունք, ինչը հարիր չէ ոչ պատգամավորին, ոչ լրագրողին։ Հայկ Սարգսյանը նաև հրել է Սյուզի Բադոյանին, նրա ձեռքից խլել բարձրախոսը և մտել աշխատասենյակ։ Միայն համառ պահանջներից հետո բարձրախոսը վերադարձվել է։

Այսպիսով՝ Հայկ Սարգսյանը հերթական անգամ հայտնվել է լրատվամիջոցների հետ բախման կիզակետում։ Ի դեպ, պատգամավորը մեկ տասնյակից ավելի դատական հայցեր ունի ընդդեմ ԶԼՄ-ների` զրպարտության և վիրավորանքի հիմքով։ Այդ դատական գործընթացները վկայում են մի կողմից պաշտոնյայի անհանդուրժողականության, մյուս կողմից՝ որոշ լրատվամիջոցների՝ խոսքի ազատության թույլատրելի սահմաններն անցնելու մասին։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք հայտնում ինչպես այս, այնպես էլ վերջերս հաճախակի դարձած՝ պաշտոնյաների և լրագրողների միջև ընդհարումների, ոչ քաղաքակիրթ շփման ձևերի առիթով։ Արձանագրում ենք, որ այս խորհրդարանն այդպես էլ համապատասխան օրենսդրական փոփոխություններով չլուծեց մշտապես գործող՝ պատգամավորների էթիկայի հանձնաժողով ունենալու հարցը։ Իսկ նրանց վարքի հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում չի օգտագործվում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը։ Ազգային ժողովը նաև չվերանայեց և չարդիականացրեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, որը կարող էր նպաստել խորհրդարանական լրագրողների վարքագծի համապատասխանեցմանը մասնագիտական նորմերին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․

  • ԱԺ ղեկավարությանը՝ հատուկ ուշադրություն դրսևորել պատգամավորների և լրագրողների միջև առաջացող խնդիրների նկատմամբ, ապահովել դրանք քննության առնելու անհրաժեշտ մեխանիզմների ձևավորումը,
  • Պատգամավորներին՝ խստորեն պահպանել ԱԺ կանոնակարգով և «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով ամրագրված էթիկական նորմերը, զերծ մնալ անբովանդակ վիճաբանություններից, զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել լրատվամիջոցների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքական ուղղվածությունից,
  • Խորհրդարանական լրագրողներին՝ հավատարիմ մնալ օրենքի և մասնագիտական էթիկայի նորմերին, խուսափել ոչ բարեկիրթ շփումներից և դրսևորել լրագրողի մասնագիտությանը հարիր կեցվածք։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Image by Photo Mix from Pixabay

Հայտարարություն ռազմական համալսարանի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

2021թ․ հունվարի 9-ին, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում զինծառայողների ծնողների իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, որը հրաժարվել է ներկայանալ, ԶԼՄ-ներին արգելել է նկարահանումներ իրականացնել։ Ապա վեճ է սկսվել նրա ու «24News» լրատվական կայքի օպերատոր Ժորա Հովսեփյանի միջև, երբ վերջինս ասել է, որ միայն խմբագրի համաձայնությամբ կդադարեցնի ուղիղ եթերի հեռարձակումը։ ՊՆ պաշտոնյան փորձել է նաև հարվածել օպերատորին, սակայն հարվածը դիպել է տեսախցիկին։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք արտահայտում այս միջադեպի կապակցությամբ։ Եթե ընդունենք, որ ռազմական համալսարանը հատուկ պահպանվող հաստատություն է, և լրատվամիջոցների գործունեության համար համապատասխան կարգ է նախատեսված, այդուհանդերձ, ծագած խնդիրը պաշտոնյան պարտավոր էր լուծել քաղաքակիրթ եղանակով, այլ ոչ թե փորձեր բռունցքներով «հաշիվ մաքրել»։ Տարակուսանք է առաջացնում նաև միջադեպի վայրում ոստիկանների պասիվ կեցվածքը մինչ այն պահը, երբ վեճը հասավ քաշքշոցի։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․

— Պաշտպանության նախարարությանը՝ ճշտել միջադեպի մասնակից բարձրաստիճան սպայի ինքնությունն ու ծառայողական քննություն նախաձեռնել՝ նրա գործողությունների իրավաչափությունը ճշտելու համար։

— Ոստիկանությանը՝ առավելագույն պրոֆեսիոնալիզմ դրսևորել՝ օրենքի սահմաններում հաղթահարելու կոնֆլիկտները, որոնք այս ծայրահեղ լարված հասարակական-քաղաքական պայմաններում ծագում են լրատվամիջոցների աշխատանքում՝ թե պաշտոնատար անձանց, թե շարքային քաղաքացիների հետ շփվելիս։

— Լրատվամիջոցներին՝ կոնֆլիկտային իրավիճակներում դրսևորել արժանապատիվ կեցվածք, մնալ էթիկայի նորմերին հավատարիմ, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահներին։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenian Media Microphones

Հայտարարություն ԶԼՄ-ների աշխատակիցների գործունեությունը խոչընդոտելու դեպքերի կապակցությամբ

Դեկտեմբերի 19-ին Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված սգո արարողության ժամանակ, ֆիզիկական բռնության է ենթարկվել միջոցառումը լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի օպերատոր Դավիթ Հարությունյանը։ Քաղաքացիները, որոնք մտադրվել էին խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և սգո երթին մասնակցող նրա աջակիցների մուտքը «Եռաբլուր», «հեսա «Ազատություն»-ը» գոռալով հարձակվել են օպերատորի վրա, գցել գետնին ու հարվածներ հասցրել նրան։ Նույն օրը, սգո երթի մեկնարկին, Հանրապետության հրապարակում թիրախավորվել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրող Լարա Առաքելյանը։ Նախ հավաքի մասնակիցները վիրավորել և ճնշման են ենթարկել նրան, ապա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը խտրական վերաբերմունք է ցուցաբերել լրատվամիջոցի նկատմամբ։ Հրաժարվելով պատասխանել Լարա Առաքելյանի հարցերին՝ պատգամավորը հայտարարել է, որ պատրաստ է հարցազրույց տալ ներկա ցանկացած լրատվամիջոցի, բացի «5-րդ ալիք»-ից։

Այսօր էլ Սյունիքի մարզում, Գորիս տանող ճանապարհին, քաղաքացիները անվայելուչ արտահայտություններ են թույլ տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը լուսաբանող՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռոբերտ Զարգարյանի հասցեին՝ փորձելով խոչընդոտել նրա աշխատանքը։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք լրագրողների նկատմամբ կիրառված անթույլատրելի գործողությունները: Այս միջադեպերն ակնհայտորեն արտացոլում են հասարակության ծայրահեղ բևեռվածությունը, տիրող ատելության մթնոլորտը։ Իրավիճակի առողջացմանը չի նպաստում նաև լրատվամիջոցների՝ ըստ քաղաքական ճամբարների բաժանված լինելու փաստը։ Այդուհանդերձ, երկրում հասարակական-քաղաքական կայունությանը նպաստելու այլ ելք չկա, քան հանդուրժողականության հաստատումը, այլ կարծիքների նկատմամբ քաղաքակիրթ վերաբերմունքի և կառուցողական բանավեճի մշակույթի ձևավորումը։ Իսկ այս ամենը պետք է վերահաստատվի նախևառաջ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերվող զսպվածությամբ և հարգանքով։

Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը հնարավոր չէ հաղթահարել, եթե լրագրողների նկատմամբ ոտնձգություններ իրականացնողներն անպատիժ մնան։ Ի դեպ, անցնող տարվա ընթացքում նմանատիպ ոչ մի դեպքով մեղավորները չեն պատժվել։ Իսկ անպատժելիությունը, ինչպես հայտնի է, նոր իրավախախտումներ է ծնում։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

• ՀՀ ոստիկանությունից՝ բացահայտել նշված միջադեպերի ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցների գործունեությունը խոչընդոտողներին և պատասխանատվության ենթարկել նրանց,
• Քաղաքական ուժերից և նրանց համակիրներից՝ զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել ցանկացած լրատվամիջոցի նկատմամբ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post

Հայտարարություն դեկտեմբերի 5-ին ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության խոչընդոտման առնչությամբ

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Երևանի Ազատության հրապարակում, ուր տեղի էր ունենում 16 ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմակերպած հանրահավաքը, խոչընդոտվել է «1in.am» լրատվական կայքի օպերատոր Ռաֆայել Քարամյանի օրինական մասնագիտական գործունեությունը։ Երբ նա եկել է հրապարակ և սկսել նկարահանումը, մի խումբ ցուցարարներ, նկատելով տեսախցիկի վրա «1in.am» -ի տարբերանշանը, մոտեցել ու պահանջել են դադարեցնել աշխատանքը։ Դա զուգորդվել է օպերատորին ուղղված հայհոյանքներով և սպառնալիքներով, տվյալ լրատվամիջոցի նկատմամբ անհանդուրժողության արտահայտմամբ։ Ռաֆայել Քարամյանը ստիպված է եղել անջատել տեսախցիկը և հեռանալ։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության խոչընդոտման առնչությամբ։ Խիստ դատապարտելի ենք համարում որևէ լրատվամիջոցի կամ լրագրողի թիրախավորումը, խտրականության դրսևորումները։ Ի դեպ, հանրահավաքը և դրան հաջորդած երթը լուսաբանելիս վիրավորանքի է արժանացել նաև «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սարգիս Հարությունյանը։

Բազմիցս նշել ենք, որ երկրի տեղեկատվական ոլորտի դերակատարների ճնշող մեծամասնությունը գտնվում է տարբեր քաղաքական ազդեցությունների ներքո։ Սակայն դա չպետք է առիթ դառնա քաղաքական ուժերի ներկայացուցիչների կամ համակիրների կողմից այս կամ այն լրատվամիջոցի աշխատակցի օրինական գործունեությունը խոչընդոտելու համար։ Մինչդեռ, վերջերս նկատելիորեն ավելացել են փաստերը, երբ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները բացահայտ քամահրանքով են վերաբերվում ոչ յուրային լրագրողներին։ Հայաստանի համար այս օրհասական ժամանակաշրջանում նման անհանդուրժողականության արտահայտումները լուրջ վտանգ կարող են ներկայացնել խոսքի ազատությանը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.
— ՀՀ ոստիկանությունից՝ բացահայտել «1in.am» լրատվական կայքի օպերատորի գործունեությունը խոչընդոտած անձանց ինքնությունը և պատասխանատվության ենթարկել նրանց, բացառել նման միջադեպերի կրկնությունը հանրահավաքների և այլ հանրային միջոցառումների ժամանակ,
— քաղաքական ուժերից՝ հրապարակավ դատապարտել լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների ցանկացած դրսևորում և զերծ պահել կուսակիցներին ու համակիրներին այդպիսի գործողություններից։

Կոչ ենք անում նաև մեր բոլոր համաքաղաքացիներին, ովքեր գիտակցում են տեղեկատվություն ստանալու կարևորությունը, հարգանքով վերաբերվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ ներկայացուցիչներին։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenia -- Police detain a cameramen of "Yerkir Media" TV, Yerevan, 01Dec2020

Հայտարարություն լրագրողների աշխատանքը խոչընդոտելու կապակցությամբ

Երեկ՝ դեկտեմբերի 1-ի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ակցիայի ընթացքում ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը և փորձել բերման ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանին։

Ինչպես հայտնել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում, ի թիվս ակցիայի այլ մասնակիցների, ոստիկաններն ուժ կիրառելով օպերատորին նստեցրել են մեքենան, սակայն շուտով բաց են թողել: Միջադեպի ընթացքում կոտրվել է հեռուստաընկերության տեսախցիկը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, դատապարտում ենք ԶԼՄ աշխատակցի նկատմամբ բռնի գործողությունը և պահանջում ենք դեպքի առնչությամբ ծառայողական քննություն նախաձեռնել։

Դժվար չէ կանխատեսել, որ երկրում տիրող հասարակական-քաղաքական խորը ճգնաժամը զուգորդվելու է զանգվածային բողոքի ակցիաներով, և լրատվամիջոցների պարտականությունն է համակողմանիորեն լուսաբանել դրանք։ Այս էքստրեմալ պայմաններում ոստիկանության գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն լրագրողների անվտանգ գործունեության ապահովմանը և ոչ`անհարկի սահմանափակումներ ստեղծելուն։

Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել իրադարձություններին և արձագանքելու ենք լրագրողների իրավունքների ցանկացած խախտման։

 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenian Media Organizations

Հայտարարություն ատելության և բռնության խոսքի հեռարձակման կապակցությամբ

Նոյեմբերի 12-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվել է Արցախյան պատերազմի մասնակիցներից մեկի խոսքը, որը պարունակել է հայհոյանք ու ատելություն, բռնության ու սպանության սպառնալիք։ Տեսանյութի մի մասը հեռարձակվել է նաև հանրային հեռուստատեսության եթերում։

Իշխանությունների դեմ ուղղված ջարդարար գործողություններից հետո այժմ էլ ինքը՝ իշխանությունը, կարծես թե չի ուզում խտրականություն դնել քաղաքական պայքարի միջոցների մեջ։

Երկրի համար այս ճակատագրական օրերին ահագնացող ներքաղաքական առճակատումը էլ ավելի է պառակտում հասարակությունը, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, առաջին հերթին՝ հանրային հեռարձակողին, ապա այսօր դրանց գլխավոր առաքելությունը պետք է լինի հասարակության համախմբման, երկրի առջև ծառացած ծանր խնդիրների լուծմանն ուղղված պատասխանատու գործունեությունը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր համաձայնություն ենք հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան գրառման գնահատականների և պահանջների առնչությամբ, խստագույնս դատապարտում ենք երկրի գլխավոր հրապարակում ատելություն, հայհոյանք և սպառնալիք պարունակող խոսքի տարածումը, ինչպես նաև այլ նման բովանդակությամբ նյութերի հեռարձակումը հանրային հեռուստատեսության եթերում։

Պահանջում ենք նաև․

  • իշխանություններից՝ հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտել ատելության, թշնամանքի և բռնության կոչերը հանրայնացնելու փաստերի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց, որոնք կազմակերպել և իրականացրել են այդ անթույլատրելի գործողությունը,
  • Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից՝ երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում պատշաճ վերահսկողություն սահմանել եթեր հեռարձակվող բովանդակության նկատմամբ՝ բացառելով թշնամանքի և բռնության հրահրումը,
  • մասնավոր լրատվամիջոցներից՝ առավելագույն պատասխանատվություն, խնդիրների բազմակողմանի և հավասարակշռված լուսաբանում, լրագրողական էթիկայի նորմերին համապատասխանող մասնագիտական գործունեություն։

Կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին չենթարկվել սադրանքներին՝ լինեն դրանք ընդդիմության, թե իշխանության կողմից, և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բախումների։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
RFERL Logo Large Landscape

Հայտարարություն «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի դեմ հարձակման կապակցությամբ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 4-ի սահմաններում, տասնյակ տղամարդիկ փորձել են ներխուժել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակ, ոտքերով ու բռունցքներով հարվածել են դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։ Ըստ ռադիոկայանի հաղորդագրության, նրանք ասել են, որ եկել են խմբագրության սերվերների հետևից, վիրավորական հայտարարություններ հնչեցրել, ապա՝ քաշքշել աշխատակիցներին, սպառնացել, որ թույլ չեն տալու «Ազատության» մուտքը եթեր։ Խումբը լքել է տարածքը, երբ ռադիոկայանի աշխատակիցները ոստիկանություն են զանգահարել։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք հայտնում այս սանձարձակության կապակցությամբ և անթույլատրելի ենք համարում Հայաստանի համար այս օրհասական պահին լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ցանկացած բռնություն, ճնշում կամ հետապնդում։

Տեղի ունեցածի կապակցությամբ պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել ռադիոկայանի վրա հարձակման նախաձեռնողներին և իրագործողներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար։

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, ոչ կառավարական այլ կառույցներին և նախաձեռնություններին, անհատ քաղաքացիներին՝ զսպվածություն ցուցաբերել և բացառել ցանկացած ոտնձգություն ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ՝ անկախ լրատվամիջոցների քաղաքական ուղղվածությունից։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Posts navigation

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
Scroll to top