Open post
Armenia -- A sign about the construction of a multistory building in Yerevan's Fizgorodok district, 10Oct2021

Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքի ապօրինի կառուցապատման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ

Երևան քաղաքի Ֆիզիկայի ինստիտուտին հարող տարածքի («Ֆիզգորոդոկ») բնակիչները ամիսներ շարունակ պայքարում են կանաչ գոտում նախատեսվող ապօրինի կառուցապատման դեմ, որով խախտվելու է նրանց՝ առողջ կենսագործունության միջավայրում ապրելու իրավունքը։

Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի հողամասն, ըստ տարածքի բնակիչների և նրանց փաստաբանի տվյալների, սեփականաշնորհվել է 2005 թվականին ոչ իրավաչափ եղանակով։ Այն հետագայում մի քանի անգամ վերավաճառվել է, ինչը նաև հետաձգել է նախատեսվող կառուցապատումը։ Ներկայիս սեփականատերը 2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինթույլտվություն և անմիջապես ձեռնամուխ է եղել բազմահարկ շենքի կառուցմանը: Թեև տվյալ տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1,976 քմ, կառուցապատման նախագիծը չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։

Տարածքի բնակիչները, այդ թվում՝ երեխաները, դուրս են եկել ցույցի՝ փորձելով խաղաղ հավաքի միջոցով տվյալ խնդրի վրա հրավիրել Երևանի քաղաքապետարանի և առնչվող այլ կառույցների ուշադրությունը և պաշտպանել առողջ կենսագործունեության միջավայրում ապրելու իրենց իրավունքը։

2021 թվականի օգոստոսի 20-ին և 21-ին ոստիկանության հատուկ ստորաբաժանումների կողմից խիստ անհամաչափ ուժ է կիրառվել քաղաքացիների նկատմամբ, որից լրջորեն տուժել և վնասվածք են ստացել երեխաներ և տարեցներ, որոնցից երկուսը, մեկն՝ անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանության կողմից խախտվել են նաև բերման ենթարկված քաղաքացիների իրավունքները․ ոմանց բռնի ուժով, արժանապատվությունը նվաստացնելով, անհամաչափ միջոցներ կիրառելով և անօրինական ընթացակարգերով՝ տեղափոխել են բաժանմունք, իսկ բաժանմունքում 19-ամյա երիտասարդի են ծեծի ենթարկել։ Հարուցվել է մի քանի քրեական գործ քաղաքացիների նկատմամբ։

Ավելորդ է ասել, որ անթույլատրելի է իրեն ժողովրդավար հռչակած քաղաքական ուժի կողմից ղեկավարվող պետական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների նման վարքագիծը, և խիստ հիասթափեցնող է քաղաքական գործիչների անտարբերությունը։ Եվ սա առաջին դեպքը չէ, որ ներկա կառավարող ուժը նախկինում իրականացված ապօրինություններին և, ըստ ամենայնի, կոռուպցիոն գործարքներով ձեռքբերված թույլտվություններին հետամուտ լինելու փոխարեն կասկածելիորեն ու ամեն գնով ձեռնամուխ են լինում ապօրինությունների և ինչ-որ անձանց շահերի պաշտպանությանը։

Խստորեն դատապարտում ենք հատկապես Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության ոլորտում վարվող քաղաքականությունը և կա՛մ կրավորական կեցվածք ընդունելու, կա՛մ պարբերաբար հանրային շահն ու համայնքի բնակիչների՝ բարենպաստ միջավայրում ապրելու իրավունքը մասնավոր բիզնես շահերին ստորադասելու միտումը և շինթույլտվության տրամադրումը։ Մինչդեռ, ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:

Խստորեն դատապարտում ենք նաև ՀՀ ոստիկանության բիրտ պահվածքն ու կամայականությունները, մինչդեռ դրա առաքելությունը պետք է լիներ ապօրինությունները կանխարգելելն ու հասարակական կարգը պաշտպանելը։

Կառավարող քաղաքական ուժը շարունակում է օրեցօր մսխել ժողովրդի հավատն ու վստահությունը, ինչը հղի է խիստ անցանկալի հետևանքներով։

Պահանջում ենք՝

  • Երևանի քաղաքապետից՝ վերանայել Երևանի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի հողամասի սեփականաշնորհման և շինթույլտվության որոշումները.
  • ՀՀ ոստիկանությունից՝ ընթացք տալ քաղաքացիների բողոքին հանրային տարածքի սեփականաշնորհման ապօրինությունների վերաբերյալ և քրեական գործ հարուցել, ուսումնասիրելու կառուցապատման հիմքերն ու ապօրինության ապացույցները
  • ՀՀ ոստիկանությունից՝ պատասխանատվության ենթարկել այն բոլոր ոստիկաններին, որոնք բռնություն են կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ և ապօրինի կերպով բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք, բաժանմունքում բռնություն գործադրել,  ինչպես նաև նրանց հրաման տվող պաշտոնյաներին
  • Դատարաններից՝ հնարավորինս սեղմ ժամկետներում և ընթացակարգերով իրականացնել քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների դատաքննությունը պատշաճ հանգուցալուծում տալով տվյալ խնդրին։

Հարկ ենք համարում կրկին հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից 2018 թվականի գարնանն իրականացված հեղափոխությունը պատասխանն էր երկրում հաստատված բռնապետական ռեժիմին, մարդու իրավունքների ոտնահարումներին, այդ թվում՝ կենսագործունեության միջավայրի ոչնչացմանը։

Ստորագրություններ`

«Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ

«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ

Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ

«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե

Երևանի մամուլի ակումբ

Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստան

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Գայանե Շագոյան, քաղաքացի

Open post
Armenia -- Speaker of National Assembly Alen Simonyan, Yerevan, 11Aug2021

Հայտարարություն խորհրդարանում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումների վերաբերյալ

2021թ․ օգոստոսի 11-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած վիճաբանության հետևանքով իրավիճակը թեժանալու պահին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է անջատել ուղիղ եթերը։ Բացի այդ, անվտանգության աշխատակիցները խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին և օպերատորներին արգելել են իրենց հատկացված օթյակից նկարահանել միջադեպը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ Ազգային ժողովի խոսնակն ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները․ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքը չի նախատեսում այդպիսի գործառույթ։ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն և պետք է տեղեկանան, թե ինչ է կատարվում խորհրդարանում և ինչ վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր, անկախ նրանից՝ դա դրական, թե բացասական գնահատականների կարժանանա։

Խիստ դատապարտելի է նաև անվտանգության աշխատակիցների կողմից ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառված արգելքը՝ նկարահանելու նիստերի դահլիճում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը։

Վրդովմունք հայտնելով խորհրդարանում հավատարմագրված լրագրողների գործունեությունը հերթական անգամ անհիմն սահմանափակելու, ՀՀ քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը խախտելու առիթով և վերահաստատելով մեր ս․ թ․ օգոստոսի 5-ի հայտարարության գնահատականները՝ ԱԺ ղեկավարությունից պահանջում ենք․

  • հրապարակավ բացատրություններ տալ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակման ընդհատման իրավական հիմքերի վերաբերյալ և դրանց բացակայության պարագայում հայցել հանրության ներողամտությունը, երաշխավորել, որ նմանատիպ դեպքեր ապագայում չեն կրկնվի,
  • բացառել ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման և անհիմն սահմանափակումներ կիրառելու որևէ քայլ,
  • միջոցներ ձեռնարկել, որպեսզի անվտանգության աշխատակիցները չգերազանցեն իրենց լիազորությունները և որևէ կերպ չմիջամտեն ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքին, բացառությամբ կանոնակարգերով նախատեսված դեպքերի, որոնց մասին լրագրողները նախապես տեղեկացված են,
  • չեղարկել ս․ թ․ օգոստոսի 2-ից ԱԺ-ում մեր գործընկերների նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակումները, մինչև հավատարմագրված լրագրողների և շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ մշակվի խորհրդարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի նոր կանոնակարգը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
The sessions hall of the Armenian National Assembly Parliament

Հայտարարություն ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանի մուտքը ԱԺ արգելելու կապակցությամբ

2021թ․օգոստոսի 5-ի առավոտյան «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի մուտքն Ազգային ժողով արգելվել է: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա առհասարակ զրկվել է խորհրդարանի աշխատանքները լուսաբանելու հնարավորությունից։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը խմբագրություն ուղարկած նամակում տեղեկացրել է, որ լուսանկարիչն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս խախտել է «ՀՀ Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող կանոնները հաստատելու մասին» ԱԺ նախագահի որոշման հավելված 1-ի 2.8 կետը, ըստ որի՝ արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում՝ հսկիչ անցագրային կետերում, պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ձայնագրելը, տեսանկարահանելը, լուսանկարելը»։   

Խմբագրությունն իր հերթին նշում է, որ լուսանկարներից մի քանիսն իսկապես արված են ԱԺ միջանցքներում ու նիստերի դահլիճում, սակայն պահպանության ծառայության աշխատակիցները, որոնք, ըստ ԱԺ ղեկավարության, դեմքը թաքցնելու խնդիր ունեն, փաստացի, բաց դեմքով նայում են դահլիճ, որտեղից իրականացվում է ուղիղ հեռարձակում։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք խորհրդարանի ղեկավարության կողմից այս շաբաթվա սկզբից լրագրողների դեմ կիրառվող կամայականություններն ու անհիմն սահմանափակումները և վերահաստատում ենք օգոստոսի 3-ի հայտարարությամբ արտահայտած մեր խոր մտահոգությունները։ Վերջին շրջանում խոսքի ազատությունն ու ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտող որոշումների և օրենսդրական նախաձեռնությունների տարափն ակնհայտորեն խաթարում է իշխանության և լրատվամիջոցների միջև քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելու հնարավորությունները։ Եվ քանի դեռ այդ հետադիմական նախաձեռնությունները չեն չեղարկվել, մենք դրանք համարելու ենք ոտնձգություն մեր գործընկերների իրավունքների նկատմամբ։


Ելնելով վերոգրյալից՝ Ազգային ժողովի ղեկավարությունից պահանջում ենք․

  • անհապաղ վերականգնել «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի իրավունքը՝ մտնելու խորհրդարան և լուսաբանելու ԱԺ աշխատանքները,
  • չեղարկել կամ հետ կանչել վերջին օրերին ընդունված կամ շրջանառության մեջ դրված՝ լրագրողների գործունեությունը սահմանափակող որոշումներն ու նախագծերը և ձեռնպահ մնալ նմանատիպ նոր նախաձեռնություններից,
  • մեկ փաստաթղթում ձևակերպել խորհրդարան-լրատվամիջոցներ հարաբերությունների բոլոր խնդիրները, լայն քննարկումներ կազմակերպել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների, ինչպես նաև շահագրգիռ կառույցների ու փորձագետների մասնակցությամբ՝ օրինական ու ողջամիտ լուծումներ մշակելու համար։  

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Armenian Parliament Building

Հայտարարություն խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժը սահմանափակելու կապակցությամբ

Oգոստոսի 2-ին ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը զուգորդվել է խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի խիստ սահմանափակումներով: Լրագրողներին ու օպերատորներին չի թույլատրվել մտնել նոր մասնաշենք, ուր տեղի են ունենում հանձնաժողովների նիստերը, նրանք չեն կարողացել անցնել այն հատված, որտեղ գտնվում են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների աշխատասենյակները, ինչպես նաև՝ օգտվել որոշ նախասրահներից, որտեղ սովորաբար հարցազրույցներ ու մեկնաբանություններ էին վերցնում պատգամավորներից:

Դեռևս անցած երկու շաբաթվա ընթացքում լուրեր էին շրջանառվում նման սահմանափակումների կիրառման մասին, և այս առնչությամբ մտահոգությունները որոշ չափով փարատվեցին, երբ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հուլիսի 30-ին հայտնեց, որ լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա։ Մինչդեռ, հաջորդ իսկ աշխատանքային օրը ԶԼՄ-ների ներկայացուցիչները բախվեցին ճիշտ հակառակ իրականությանը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ խորհրդարանում վերոնշյալ սահմանափակումները կիրառվել են առանց նախնական քննարկումների ու ԶԼՄ-ներին՝ աշխատանքային պայմանների փոփոխությունների մասին նախապես տեղեկացնելու։ Եվ ամենակարևորը՝ չի ընդունվել որևէ նորմատիվ-իրավական ակտ, որը հիմք կհանդիսանար նման գործողությունների համար, և միայն նույն օրը՝ օգոստոսի 2-ին, երբ արդեն կիրառվել են սահմանափակումները, հրապարակվել է դրանց վերաբերող ԱԺ նախագահի համապատասխան որոշում։

Դատապարտելով այս կամայականությունները՝ մենք պնդում ենք, որ ձեռնարկված միջոցները ոչ թե կանոնակարգում, այլ անհիմն արգելքներ են ստեղծում խորհրդարանում ԶԼՄ-ների ազատ գործունեության համար, խոչընդոտում դրանց մասնագիտական աշխատանքը։ Այս քայլերը միտված են պատգամավորներին սուր հարցերից և մամուլի քննադատությունից զերծ պահելուն և ակնհայտորեն կարող են խաթարել ԱԺ աշխատանքների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը հասարակության առջև։

Մենք տեղյակ ենք և բազմիցս մտահոգություն ենք արտահայտել առ այն, որ Ազգային ժողովում լինում են տհաճ միջադեպեր, երբ թե՛ պատգամավորները, թե՛ լրագրողները հատում են քաղաքակիրթ հարաբերությունների սահմաններն ու ստեղծում են անիմաստ կոնֆլիկտային իրավիճակներ։ Սակայն այդ խնդիրը անհրաժեշտ է լուծել օրինականության, ողջամտության, փոխըմբռնման ու փոխվստահության հիման վրա, որպեսզի ապահովվի ինչպես պատգամավորների, այնպես էլ լրագրողների աշխատանքի արդյունավետությունը։ 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք ԱԺ ղեկավարությունից․

  • անհապաղ վերացնել Ազգային ժողովում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ս․ թ․ օգոստոսի 2-ից կիրառվող սահմանափակումները,
  • կասեցնել նույն օրը հրապարակված ԱԺ նախագահի՝ «Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 12-ի ՆՕ-01-Լ որոշման հավելված 1-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման 5-րդ կետը, որը վերաբերում է վերոհիշյալ սահմանափակումներին,
  • նախաձեռնել լայն քննարկումներ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների, նրանց ղեկավարների, լրագրողական հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների փորձագետների մասնակցությամբ՝ խորհրդարանում ԶԼՄ-ների գործունեությունը լավագույնս կանոնակարգելու և առկա խնդիրները հիմնովին լուծելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post

Թվային անվտանգության վերապատրաստում

Ս.թ. հուլիսի 19-20-ը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը Երևանում անցկացրեց թվային անվտանգության ռիսկերը բացահայտելու, կառավարելու վերաբերյալ վերապատրաստում, որը վարեցին ոլորտի հայտնի մասնագետներ Սամվել Մարտիրոսյանը և Վարդան Արզումանյանը։

Վերապատրաստմանը մասնակցեցին «Իրավունքի զարգացման կենտրոն», Հայաստանում կանանց հիմնադրամ, Կանանց ռեսուրսային կենտրոն, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Հայ առաջադեմ երիտասարդություն, Հանրային լրագրության ակումբ, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների և այլ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Վերապատրաստումն անցկացվեց «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ:  Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Open post

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնական e-draft.am կայքում քննարկման են դրվել ՀՀ վարչապետի 2018 թ․ սեպտեմբերի 19-ի թիվ 1230-Ն որոշման, ՀՀ կառավարության 2012 թ․ օգոստոսի 30-ի թիվ 1104-Ն և 2016 թ․ սեպտեմբերի 22-ի թիվ 982-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։ Դրանցից առաջինով նախատեսվում է e-gov.am հարթակում չհրապարակել պետական աշխատակիցների գործուղումների նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, ընդունված որոշումների մասին տեղեկությունները։ Երկրորդով՝ չներկայացնել մեկ անձից իրականացվող գնումների մասին տեղեկությունները, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը, օգտակար հանածոների և ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ու երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների տվյալները: Բացի այդ, առաջարկվում է gov.travel.am կայքից հեռացնել ավիափոխադրողների, չվերթների, դրանց արժեքի, ամրագրման կոդերի, ուղևորների քանակի վերաբերյալ տեղեկությունները:

Այս փաստաթղթերը մշակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ։

Խորը մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ 2018թ․ հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժը, որը հաղթանակ տարավ նաև ս․թ․հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, առաջ է քաշում ժողովրդավարական հասարակությանը ոչ հարիր սահմանափակումներ տեղեկատվության ազատության ոլորտում։ Քննարկման դրված փաստաթղթերի դրույթների ճնշող մեծամասնությունը հակասության մեջ է մտնում Սահմանադրության 51-րդ հոդվածի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Բաց կառավարման միջազգային գործընկերության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ։

Այս իշխանությունների՝ թափանցիկ աշխատելաոճ չորդեգրելու մասին ի սկզբանե վկայում էր փաստը, որ նախաձեռնություն չցուցաբերվեց վերանայելու «Գնումների մասին» օրենքի այն դրույթները, համաձայն որոնց՝ պետության առաջին 3 դեմքերի (ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի) գործունեությանը  վերաբերող ծախսերը դեռ նախկին իշխանության օրոք դասվել էին պետական գաղտնիքների շարքում։ Մյուս մտահոգիչ քայլը գրանցվեց, երբ Կառավարությունը  2020թ․ ապրիլին հավանության արժանացրեց բնապահպանական բնույթի տեղեկատվությունը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը։ Այժմ քննարկման դրված փաստաթղթերի փաթեթն էլ այդ սխալ մոտեցումների տրամաբանական շարունակությունն է։

Ի գիտություն ընդունելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության այսօր տարածած հայտարարությունը՝ այնուամենայնիվ ընդգծում ենք, որ այն չի փարատում մեր մտահոգություններն առ այն, որ իշխանությունն իր սուբյեկտիվ ընկալումներով և նեղ քաղաքական շահերից ելնելով՝ կարգելափակի նաև հանրային հետաքրքրություն և նշանակություն ունեցող տեղեկատվությունը։

Հաշվի առնելով, որ նման տեղեկատվական սահմանափակումները հղի են կոռուպցիոն ռիսկերով, հակասում են ՀՀ օրենսդրությանն ու միջազգային նորմերին, իշխանությունների թափանցիկ գործունեության, հասարակության առջև հաշվետվողականության ժողովրդավարական սկզբունքներին՝ մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք ՀՀ կառավարությունից․

  • չեղարկել վերոհիշյալ նախագծերը,
  • տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրների լուծումները գտնելու նպատակով համակողմանի քննարկումներ կազմակերպել համապատասխան պետական մարմինների, հասարակական մասնագիտացված կառույցների, անկախ փորձագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով մերժել քրեական գործի հարուցումը՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից «Հրապարակ» օրաթերթի թղթակից Անուշ Դաշտենցի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, նրա հեռախոսը խլելու, ապակոդավորելու և տեսանյութը ջնջելու դեպքի առիթով։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հունիսի 4-ին անդրադարձել էինք այս միջադեպին համատեղ հայտարարությամբ։
Հատկանշական է, որ ավագ քննիչ Խորեն Մեջլումյանն այդ որոշումը կայացնելիս վկայակոչել է վերոհիշյալ փաստերը, որոնց համար քրեական օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված։ Այդուհանդերձ, նա եկել է եզրահանգման, որ հանցակազմը բացակայում է, քանի որ «անհրաժեշտ է, որպեսզի հանցավորը գիտակցաբար խոչընդոտի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը կամ հարկադրի տեղեկություն տարածելու կամ դրանք տարածելուց հրաժարվելուն»։

Այս հիմնավորումն առնվազն տարակուսանք է առաջացնում, քանի որ դժվար է ենթադրել, որ պատգամավորն անգիտակցաբար է խլել լրագրողի հեռախոսը և հեռանալով դեպքի վայրից՝ վերացրել իր համար անցանկալի բովանդակությունը։ Մենք պնդում ենք, որ այս միջադեպը մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտում է։ Սակայն եթե նույնիսկ քննիչն այդպես չի որակել, ապա լրագրողի գույքն ապօրինի վերցնելը, անձնական տվյալների գաղտնիությունը խախտելը և տեղեկությունը չտարածելուն հարկադրելը բավարար հիմքեր են Հայկ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու համար։

Համադրելով ՀՔԾ այս որոշումը և ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոստումն առ այն, որ իր թիմի հաղթանակի դեպքում երկրում հաստատվելու է օրենքի դիկտատուրա, ստիպված ենք նշել, որ այդ դիկտատուրան աներկբա ենթադրում է, որ օրենքը պետք է գործի բոլորի համար՝ անկախ նրանից, թե  այն խախտողն իշխանության ներկայացուցիչ է, ընդդիմադիր, թե ապաքաղաքական անձ։

Մեր վրդովմունքն արտահայտելով ՀՔԾ եզրահանգման առնչությամբ՝ պահանջում ենք․

  • ՀՀ դատախազությունից՝ օգտագործելով իր վերահսկողական գործառույթը՝ վերացնել քննչական ծառայության որոշումը, հարուցել քրեական գործ և այն ուղարկել քննության,
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ քննարկման առարկա դարձնել Հայկ Սարգսյանի վարքագիծը լրագրողների հետ հարաբերվելիս և հրապարակայնորեն գնահատական տալ ինչպես այս, այնպես էլ դրանից առաջ նրա մասնակցությամբ տեղի ունեցած մի շարք այլ միջադեպերին,
  • Նորընտիր Ազգային ժողովից՝ առաջնահերթության կարգով լուծել մշտապես գործող էթիկայի հանձնաժողովի հարցը, ինչպես նաև կանոնակարգել պատգամավոր-լրագրող հարաբերությունները՝ բացառելով միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ու անհանդուրժողականությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Armenia -- President Armen Sargsyan votes in Parliamentary elections, 20Jun2021

Հայտարարություն ընտրությունների ընթացքում ԶԼՄ աշխատակիցների գործունեության խոչընդոտման դեպքերի կապակցությամբ

            Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման 4 դեպք։

            Մասնավորապես՝ 29/45 ընտրատեղամասում, որտեղ պետք է քվեարկեր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ընտրական հանձնաժողովը Հանրային հեռուստաընկերության և «168.am» լրատվական կայքի օպերատորներ Դավիթ Մաճկալյանին և Հենրիկ Սարգսյանին արգելել է նկարահանումներ իրականացնել՝ պատճառաբանելով, որ ԿԸՀ-ի հավատարմագրման վկայականի հետ պարտադիր է անձնագրի առկայությունը։ Այս պահանջը հակասում էր Ընտրական օրենսգրքի 32 հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին, որոնց հղում կատարելով՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին հաջողվել է խնդիրը հարթել։ Գորիսի 34/03 ընտրատեղամասի բակում անհիմն սահմանափակվել է «ParaTV»-ի լրագրող Գրիգոր Գևորգյանի աշխատանքը․ նրան արգելել են նկարահանել արկղի մեջ լցված քվեաթերթիկները։ Կապանի 35/37 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձն իր հեռախոսով նկարել է «Զանգեզուր TV»-ի լրագրող Անուշ Միրզոյանի գործողությունները, ցուցաբերել անհարգալից վերաբերմունք և կաշկանդել աշխատանքը։ Երևանի 9/21 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձինք վիրավորական, ագրեսիվ պահվածք են դրսևորել «FreeNews.am» լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի նկատմամբ, խաթարել նրա ազատ գործունեությունը։

            Ընտրություններին նախորդող քարոզարշավը նույնպես ուղեկցվել է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումներով․ հունիսի 7-18-ին արձանագրվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ այլ ճնշումների 5 դեպք։

Համեմատության համար նշենք, որ 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցվել է ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտման 3 դեպք, 2017-ի ԱԺ ընտրություններին՝ 5 ֆիզիկական և 14 այլ ճնշումների դեպք, 2012-ին՝ համապատասխանաբար 3 և 4։

            Քանի որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ցանկացած ոտնձգություն սպառնալիք է խոսքի ազատության և հասարակության տեղեկացված լինելու իրավունքին, պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել հունիսի 20-ի վերոհիշյալ միջադեպերը և իրավական գնահատական տալ դրանց։

            Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, շարունակելու ենք հետևել իրադարձությունների զարգացումներին և կոչ ենք անում իշխանություններին, ընդդիմադիր քաղաքական ուժերին և նրանց համակիրներին, ինչպես նաև՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ հետընտրական ժամանակաշրջանում դրսևորել միմյանց նկատմամբ զսպվածություն, հանդուրժողականություն և հարգալից վերաբերմունք, հրաժարվել ատելության խոսքից, թշնամանքից և հայհոյախոսությունից։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
une 4 statement Hayk Sargsyan Anush Dashtents

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 3-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերթական անգամ աչքի է ընկել լրագրողի հանդեպ անվայել պահվածքով։ «Հրապարակ» օրաթերթի թղթակից Անուշ Դաշտենցը լրատվամիջոցներին հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի մոտ նկատելով իշխող քաղաքական ուժի ներկայացուցչին՝ մոտեցել ու փորձել է հարց ուղղել նրան։ Պատգամավորն ի պատասխան խլել է հեռախոսն ու մեքենայով հեռացել՝ ասելով, թե այն չի վերադարձնի, քանի դեռ «լրագրողը խելքը գլուխը չի հավաքել»։ Անուշ Դաշտենցը ներկաներին տեղեկացրել է, որ դիմելու է ոստիկանություն, սակայն նրանք արձագանքել են, թե ոչինչ չեն տեսել, և կատարվածը հնարավոր չի լինի ապացուցել։ Ավելի ուշ, երբ լրագրողը դիմել է պատգամավորի մտերիմներից մեկին, հեռախոսը վերադարձվել է, բայց ապակոդավորված և տեսագրությունը ջնջված։ Հայկ Սարգսյանը ԶԼՄ-ներին հայտնել է, որ ինքը խնդրել է չտեսանկարահանել իրեն և իր ընկերներին, ինչը չի արվել, և դա է պատճառ դարձել, որ դիմել է նման քայլի: Ի դեպ, ահազանգ ստանալուց հետո ոստիկանությունը լրագրողին հրավիրել է բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում միջադեպի կապակցությամբ: Արձանագրում ենք, որ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն ամիսներ առաջ նույնպես անհանդուրժողական և անբարեկիրթ վարքագիծ է դրսևորել ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ, ինչին անդրադարձել ենք հայտարարությամբ։ Իսկ այս անգամ լրագրողի աշխատանքը խոչընդոտելն ու նրա գույքի հափշտակությունն առերևույթ քրեորեն պատժելի արարքներ են։ Բացի այդ, պատգամավորի կողմից Անուշ Դաշտենցի հեռախոսը ապակոդավորելն ու այն այլ նպատակների համար օգտագործելը ոչ այլ ինչ է, քան լրագրողի անձնական կյանքին ապօրինի միջամտություն։

Վերահաստատում ենք նախորդ հայտարարություններում արտահայտած պնդումները, որ նման անթույլատրելի միջադեպերը հատկապես վտանգավոր են հանրային կայունության համար՝ այսօրվա ծայրահեղ լարված նախընտրական շրջանում, քանի որ քաղաքական գործիչների անզուսպ պահվածքը հղի է ավելորդ կրքերի բորբոքմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

  • ԱԺ ղեկավարությունից, «Իմ քայլը» խմբակցությունից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ քննարկման առարկա դարձնել պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագիծը, դիրքորոշում արտահայտել կատարվածի վերաբերյալ, միջոցներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու համար և տեղեկացնել այդ ամենի մասին հանրությանը,
  • ՀՀ ոստիկանությունից՝ անկողմնակալ քննություն իրականացնել միջադեպի առնչությամբ և անաչառ իրավական գնահատական տալ Հայկ Սարգսյանի արարքին:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Press Freedom Banner

Հայտարարություն Nexta ընդդիմադիր ալիքի ստեղծող Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու կապակցությամբ

Միջազգային լրագրողական հանրությունը Բելառուսի իշխանությունների վրդովեցուցիչ վարքագծի ականատեսը դարձավ։ Մայիսի 23-ին Telegram-ի Nexta ընդդիմադիր ալիքի ստեղծող Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու համար երկրի ղեկավարությունը կիրառեց աննախադեպ միջոց՝ Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող Ryanair ընկերության օդանավին ստիպելով վայրէջք կատարել Մինսկում։ Սա Բելառուսում լրագրողների հանդեպ անօրինական գործողությունների առաջին դեպքը չէ։ Այդ երկրում մեր շատ գործընկերներ տարիներ շարունակ, հատկապես՝ 2020թ․ նախագահական խնդրահարույց ընտրություններից հետո, ենթարկվում են անթույլատրելի հետապնդումների։

2016-ի դեկտեմբերին երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի անմիջական մասնակցությամբ ձերբակալվեց և Ադրբեջանին հանձնվեց ճանապարհորդ և բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ Պաշտոնական Մինսկն անտեսել էր այն հանգամանքը, որ Լապշինը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է, իսկ Բելառուսում գտնվում էր որպես արտասահմանցի զբոսաշրջիկ ու երկրի որևէ օրենք չէր խախտել։ Հայտնի է, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մայիսի 20-ին՝ Պրոտասևիչի դեպքից ընդամենը 3 օր առաջ, Լապշինի գործով վճիռ կայացրեց՝ Ադրբեջանին մեղադրելով Բաքվի բանտում բլոգերի հանդեպ դաժան կտտանքների, մահափորձի, ինչպես նաև՝ փաստաթղթերի կեղծման համար։ ՄԻԵԴ վճիռն անուղղակի մեղադրանք էր նաև Բելառուսի իշխանությունների հասցեին, սակայն դա վերջիններիս հետ չպահեց անթույլատրելի գործողություններից, որոնք ակնհայտ մարտահրավեր էին միջազգային հանրությանը և միջազգային իրավունքին։

Մենք՝ հայաստանյան լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներս, կոչ ենք անում աշխարհի առաջնորդներին՝ վճռական և կոշտ միջոցներ ձեռնարկել խոսքի ազատության սկզբունքները ոտնահարող ռեժիմների դեմ, որոնք է՛լ ավելի են ահագնացնում ճնշումները լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ: Անցյալ տարվա աշնանը 44-օրյա Արցախյան պատերազմում տուժեցին և հայ, և արտասահմանցի մի շարք գործընկերներ, և որպես այդ պատերազմն ապրած երկրի քաղաքացի և լրագրող՝ մենք չենք կարող անտարբեր մնալ ժամանակակից քաղաքակրթության հիմնարար արժեքների ցինիկ մերժման փաստերի նկատմամբ և զրոյական հանդուրժողականություն ենք պահանջում նման դեպքերի հանդեպ։

 

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Posts navigation

1 2 3 4 5 6 7 8 10 11 12
Scroll to top