Open post
Armenia -- Photojournalist Karo Sahakian dragged by police, Yerevan, 23Jun2015

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երեւան» քաղաքացիական շարժումը ուժի կիրառմամբ ճնշելու երկրորդ տարին։

Երեւանի Բաղրամյան պողոտայում 2015 թվականի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանները աննախադեպ դաժանություն ցուցաբերեցին նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ։ Ֆիզիկական բռնության ենթարկվեցին տարբեր լրատվամիջոցների 13 լրագրողներ ու օպերատորներ, եւս 11-ի մասնագիտական աշխատանքն ապօրինաբար խոչընդոտվեց ֆոտո եւ տեսախցիկները միտումնավոր ջարդելու կամ վնասելու, դրանց հիշողության սարքերն առգրավելու, նկարահանված կադրերը ոչնչացնելու եւ այլ միջոցներով։

Համաձայն Հատուկ քննչական ծառայության տեղեկատվության՝ այդ դեպքերով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել ԶԼՄ-ների 22 ներկայացուցիչներ։ Սակայն առայսօր մեղադրանք է առաջադրվել եւ դատական վճիռ է կայացվել ընդամենը 4 ոստիկանի նկատմամբ։ Եվ դա այն դեպքում, երբ համացանցը ողողված է տեսանյութերով, որտեղ բացահայտ երեւում են վայրագություններ իրականացնող մի քանի տասնյակ իրավապահներ։

Հատկանշական է, որ վերոհիշյալ չորս անձանց մեղադրանք առաջադրվեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ մեկ այլ՝ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը մայրաքաղաքի Խորենացի փողոցում ու Սարի թաղում կիրառված լայնածավալ բռնություններից հետո, երբ ՀՀ նախագահը հրապարակավ ներողություն խնդրեց լրագրողներից։ Մինչդեռ, եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր։

Մենք՝ ներքոստորագրյալներս, եւս մեկ անգամ արտահայտելով մեր վրդովմունքը 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում, ինչպես նաև 2016-ի հուլիսի 17-ից 30-ը Խորենացի փողոցում ու Սարի թաղում իրավապահ մարմինների գործողությունների առնչությամբ եւ արձանագրելով, որ այդ իրադարձությունների քննության համար ձեռնարկած միջոցներն ու դրանց արդյունքները չեն համապատասխանում բռնությունների ծավալներին, վերահաստատում ենք իշխանություններին ուղղված մեր պահանջները՝ անաչառ վերաբերմունք ցուցաբերել հարուցված քրեական գործերի նկատմամբ, ապահովել դրանց արդյունավետությունը եւ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ զբաղեցրած պաշտոններից։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post

«Թվապատում 2017. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում» լրագրողական 3-րդ մրցույթը՝ շարունակելով խթանել Հայաստանում իրականացվող փոփոխությունների լուսաբանումը: Նպատակն է խրախուսել որակյալ լրագրողական պատմությունների ստեղծումն ու տարածումը, հասարակության իրազեկման բարձրացումը երեք ոլորտային ռեֆորմների (թափանցիկություն և հաշվետվողականություն, տեղական ինքնակառավարում, սոցիալական ոլորտ), ինչպես նաև՝ մարդու իրավունքների մասին:

«Թվապատում 2017. պատմություններ փոփոխությունների մասին» մրցույթին ներկայացված հայտերը պետք է համապատասխանեն հետևյալ թեմաներից որևէ մեկին`

  • հանրային սեկտորի թափանցիկության ու հաշվետվողականության խնդիրներ ու ձեռքբերումներ
  • տեղական ինքնակառավարմանը, համայնքների խոշորացմանն առնչվող խնդիրներ
  • սոցիալական ոլորտում առկա խնդիրներ, բացթողումներ և բարեփոխումների
  • մարդու իրավունքներին առնչվող հարցեր

«Թվապատում 2017» մրցույթի անվանակարգերն են՝

Homo Agendi (Գործող անձ)

Նյութի առանցքում հերոսն է՝ իր անձնական նվաճումներով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, միջավայրը, իրավիճակը բարելավելուն և մարդկանց օգնելուն ուղղված քայլերով։

Այս անվանակարգում կպարգևատրվեն թե՛ հաղթող նյութի հեղինակը, թե՛ հերոսը՝ յուրաքանչյուրը 300 000-ական դրամով:

Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում

Նյութերը պետք է պատմեն վերոնշյալ ոլորտներում իրականացվող փոփոխությունների էության, ընթացքի, խնդիրների և խոչընդոտների, հաջողությունների ու անհաջողությունների, այս գործընթացում ներգրավված կառավարության, հանրության, տարբեր կառույցների դերի, նրանց միջև համագործակցության հաջողված փորձերի, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների թեմաներին առնչվող խնդիրների ու հարցերի մասին:

Այս անվանակարգում հաղթող նյութի հեղինակը կստանա 250 000 դրամ:

Դիտակ. հետաքննական լրագրություն

Նյութերը պետք է լինեն լրագրողական հետաքննության ժանրում կամ պարունակեն լրագրողական հետաքննության տարրեր: Աշխատանքները գնահատելիս հաշվի կառնվեն քողարկված կամ անորոշ տեղեկատվության բացահայտումը, փաստերի ստուգումն ու ճշգրտումը, տվյալների լրագրության գործիքների օգտագործումը:

Այս անվանակարգում հաղթողի համար նախատեսված է 250 000 դրամ:

Մեդիա 3.0․ տեխնոլոգիաների լավագույն կիրառում

Նյութերում պետք է օգտագործված լինեն վիզուալացման տարբեր գործիքներ ու տեխնոլոգիաներ, ինչպիսիք են ինֆոգրաֆիկան, քարտեզն ու գծապատկերը, խաղային տարրերը, քրաուդսորսինգը, ինտերակտիվությունը, լոնգրիդի կամ այլ մուլտիմեդիա ձևաչափեր, և այլն:

Այս անվանակարգի հաղթողը կստանա 200 000 դրամ:

Ես քվեարկում եմ

Թվապատում 2017 մրցույթի այս անվանակարգի հաղթողին կորոշեն հենց մրցույթին մասնակցած լրագրողները: Մրցանակաբաշխությունից առաջ ավանդական քննարկումների ժամանակ ժյուրիի կողմից ընտրված նյութերը կդրվեն փակ քվեարկության:

Ամենաշատ քվե ստացած նյութի հեղինակը կստանա 100 000 դրամ:

Կազմակերպիչներն ակնկալում են, որ մրցույթին ներկայացված աշխատանքները վերոնշյալ թեմաներին համապատասխանելուց բացի աչքի կընկնեն համակողմանի լուսաբանմամբ, քննադատական և ստեղծագործական մոտեցումներով, կլինեն տեղեկատվական, բացատրական, բացահայտող, նորարարական։ Կգնահատվի նաև նյութի տեխնիկական որակը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, հետաքրքիր լուծումներն ու մոտեցումները։

Մրցույթին ներկայացվող նյութերը պետք է հրապարակված լինեն 2016 թ․ օգոստոսի 1-ից մինչև 2017 թ․ հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից (հեռուստաընկերություն, ռադիո, տպագիր, օնլայն) և ժանրից (լրատվական նյութ, հատուկ ռեպորտաժ, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, հեղինակային սյունակ, վավերագրական ֆիլմ, ֆոտոռեպորտաժ, ժամանակակից մուլտիմեդիա ժանրեր և այլն): Հայաստանյան ենք համարում Հայաստանում գրանցված և Հայաստանի բնակչությանն ուղղված լրատվամիջոցները: Լրագրողական պատմությունները կարող են լինել ինչպես հայերենով, այնպես էլ օտար լեզուներով:

Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ՝ միևնույն կամ տարբեր անվանակարգերում:

Լրագրողն իր պատմությունը ներկայացնում է առավել համապատասխան անվանակարգում՝ լրացնելով առցանց հայտը մինչև 2017 թ. հուլիսի 23-ը ներառյալ: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերին:

Մրցույթի մասին մանրամասներ կարող եք գտնել մրցույթի կայքում: Հարցերի դեպքում կարող եք դիմել

Արեն Մանուկյանին, էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010 583620 (ներքին՝ 112)
Սոնա Քոչարյանին, էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010 583620 (ներքին՝ 126)

«Թվապատում» մրցույթը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուսի հետ համատեղ:

Posts navigation

1 2 3 9 10 11 12
Scroll to top