Open post

«Հայաստանցիներ» և «ղարաբաղցիներ» տարանջատումը ծայրահեղ վտանգավոր և անթույլատրելի երևույթ է․ Հայտարարություն

12 դեկտեմբերի, 2023թ․, Երևան

Լրագրող Մարութ Վանյանը, որը Ստեփանակերտից տեղահանվելուց հետո հաստատվել է Հայաստանում, օրերս ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հրազդան քաղաքի փողոցների թշվառ վիճակին։ Նա մի քանի լուսանկար է հրապարակել և հռետորական հարց տվել. «Էս քաղաքը քաղաքապետ ունի՞․․․»։ Կարճ ժամանակ անց քաղաքապետի «պաշտպանները» գրառման ներքո հայհոյանքներ ու սպառնալիքներ են տեղացել լրագրողի հասցեին, ընդ որում՝ թիրախավորելով նրան որպես արցախցի։ Ատելության խոսքի տեղատարափից խուսափելու համար Մարութ Վանյանը ստիպված է եղել փակել ֆեյսբուքյան իր էջը։

Մենք` ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք խտրականության և անհանդուրժողականության ցանկացած դրսևորում, առավելևս՝ երբ այն տարածում է ստանում լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում։ Մենք միանում ենք ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի  ու Տեղեկատվական վեճերի խորհրդի՝ ս․ թ․ հոկտեմբերի 9-ի համատեղ հայտարարությանը և վերահաստատում ենք, որ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Հայաստան տեղահանված մեր հայրենակիցների հասցեին ատելություն սերմանող տեքստեր հրապարակելը, ընդհանրապես «հայաստանցիներ» և «ղարաբաղցիներ» տարանջատումը ծայրահեղ վտանգավոր և անթույլատրելի երևույթ է։ Հատկապես դատապարտելի է, երբ այդպիսի խտրական վերաբերմունք դրսևորվում է արդեն Հայաստանում իր մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողի նկատմամբ։

Մարութ Վանյանի դեմ ձեռնարկված ֆեյսբուքյան արշավը որակում ենք նաև  լրագրողի հանդեպ կոպիտ ճնշում՝ հանրային կարևորության խնդիրների բարձրաձայնումը խոչընդոտելու նպատակով։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

  • իրավապահ մարմիններից՝ բացահայտել լրագրողի հասցեին ատելության խոսք, հայհոյանք ու սպառնալիքներ պարունակող գրառումներ կատարած անձանց ինքնությունը և պատասխանատվության ենթարկել նրանց,
  • Հրազդանի քաղաքապետից՝ հրապարակայնորեն գնահատական տալ տեղի ունեցածին, կոչ անել իր համակիրներին հանդուրժողականություն ցուցաբերել քննադատական խոսքի նկատմամբ՝ անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post

Թվային անվտանգության աշխատաժողով Շիրակի և Լոռու մարզերում

Ե՞րբ/որտե՞ղ․

  • ք․Գյումրի, 25.11.2023թ․, Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ (հասցե՝ ք․Գյումրի, Գարեգին Նժդեհի 7/33)
  • ք․Վանաձոր, 26.11.2023թ․, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ (հասցե՝ ք․ Վանաձոր, Խորենացի 6/1)

Նախագծի և աշխատաժողովի մասին

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակում Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը հայտարարում է թվային անվտանգության համապարփակ և գործնական մեկօրյա աշխատաժողովի հայտերի ընդունելություն Շիրակի և Լոռու մարզերում գործող քաղաքացիական հասարակության կառույցների, մեդիա կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի համար:

Միջոցառումը նպատակ ունի շահառուներին տրամադրելու անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ՝ բացահայտելու, կանխարգելելու և հակազդելու թվային անվտանգության ռիսկերը, պաշտպանելու կազմակերպությունը թվային մարտահրավերներից և արդյունավետորեն կառավարելու տեխնոլոգիական ռեսուրսները:

Մեկօրյա աշխատաժողովը, որը վարելու են ոլորտի փորձագետները, կտրամադրի համապարփակ տեղեկատվություն՝ ինչպես կազմակերպության, այնպես էլ անձնական թվային անվտանգության, ռիսկերի կառավարման, ՏՏ կառավարման վերաբերյալ:

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի եւ դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների եւ սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Թվային անվտանգության ուսուցման աշխատաժողովի գրանցումը բաց է մինչև նոյեմբերի 20-ը: Բաց մի թողեք այս հնարավորությունը՝ բարձրացնելու ձեր թվային անվտանգության փորձը: Միջոցառումը Շիրակի մարզի շահառուների համար կանցկացվի նոյեմբերի 25-ին Գյումրի քաղաքում՝ «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհի 7/33), իսկ Լոռու մարզի շահառուների համար՝ նոյեմբերի 26-ին Վանաձոր քաղաքում՝ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի գրասենյակում (հասցե՝ ք․ Վանաձոր, Խորենացի 6/1)։

Աշխատաժողովի մանրամասները.

  • Ծանոթացում կիբերանվտանգությանը, Հայաստանում առավել տարածված սպառնալիքներին և հարձակման վեկտորներին։
  • Ինչպես պաշտպանել անձնական տվյալները համացանցում (տեսական և գործնական աշխատանքներ)։
  • Ինչպես պաշտպանել գաղտնաբառերը․ գաղտնաբառերի կառավարման համակարգեր, երկփուլային անվտանգություն։
  • Անվտանգ հաղորդակցություն՝ PGP, Protonmail, Tutanota, անվտանգ հաղորդակցության ծրագրեր (Signal, Wire)։
  • Ֆիշինգային հարձակումներ և պաշտպանության մեթոդներ ու գործիքներ։
  • Կազմակերպության թվային անվտանգության ռազմավարական հարցեր (գործնական աշխատանք)։

Ինչու՞ է այն կարևոր/ի՞նչ կսովորեք արդյունքում

  • Կկարողանաք հասկանալ և կիրառել ռիսկերի կառավարումը ձեր կազմակերպությունում:
  • Կծանոթանաք ՏՏ կառավարման դերերին և կկարողանաք գնահատել աշխատակիցների իրավասությունները:
  • Կկարողանաք հասկանալ, թե ինչպես պաշտպանել ձեր կազմակերպության առցանց ներկայությունը և անձնական թվային տվյալները:
  • Կկարողանաք օգտագործել թվային անվտանգության ժամանակակից գործիքները և կտիրապետեք լավագույն փորձին:

Գրանցում և հարցեր

Թվային անվտանգության ուսուցման աշխատաժողովին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել առցանց գրանցման ձևաթուղթը մինչև նոյեմբերի 20-ը: Աշխատաժողովի հետ կապված ցանկացած հարցի համար խնդրում ենք կապվել MDI ներկայացուցիչ Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ՝ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով։

Open post
Armenia -- Tigran Avinyan inaugurated as mayor of Yerevan, 13Oct2023

Հայտարարություն՝ երդմնակալության օրը լրագրողների մուտքը քաղաքապետարան արգելելու կապակցությամբ

Հոկտեմբերի 13-ին՝ Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության օրը, արգելվել է լրագրողների մուտքը քաղաքապետարան՝ այդ արարողությանը մասնակցելու համար։ Ըստ պաշտոնական բացատրության՝ պատճառը տարածքի սահմանափակ լինելն է։

            Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում, որ լրատվամիջոցները նախապես զգուշացված են եղել այդ մասին, սակայն դա որևէ կերպ չի կարող արդարացնել կիրառված մոտեցումը։ Ինչպեսև երդմնակալությունից հետո Տիգրան Ավինյանի տված ճեպազրույցն ամենևին չի կարող փոխարինել լրագրողների մասնակցությանն այդ արարողությանը, համակողմանի լուսաբանմանն ու էքսկլյուզիվ տեսանկարահանումներին։

            Այս քայլով քաղաքապետարանը խախտել է ոչ միայն լրագրողների՝ ազատորեն տեղեկություններ ստանալու և տարածելու, այլև հանրության տեղեկացված լինելու իրավունքը։ Իսկ առաջարկը՝ օգտվել պաշտոնական հեռարձակումից, առնվազն վիրավորական է մասնագիտական գործունեության տեսանկյունից, քանի որ դա խիստ սահմանափակում է տվյալ միջոցառումը մանրամասնությամբ լուսաբանելու հնարավորությունը։ Համեմատելով իրավիճակը հինգ տարի առաջ տեղի ունեցած՝ նախորդ քաղաքապետի երդմնակալության հետ, որն անցավ լրատվամիջոցների լիարժեք մասնակցությամբ, արձանագրում ենք լուրջ հետընթաց։ Թեև նախկինում ավագանու նիստերը և ընդհանուր առմամբ քաղաքապետարանի աշխատանքները լուսաբանելիս լրագրողները բախվել են խոչընդոտների, սակայն վերջին տարիներին խնդիրները լուծում էին ստացել։ Իսկ հիմա մենք ականատես ենք դառնում արատավոր մոտեցումների վերադարձի։ Այս ամենը հիմք է տալիս խոր մտահոգություն արտահայտելու ապագայում լրագրողների հետ քաղաքապետարանի աշխատանքի խնդրահարույց հեռանկարի վերաբերյալ։

            Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք քաղաքապետ Տիգրան Ավինյանից և քաղաքապետարանի աշխատակազմից․

  • ներողամտություն հայցել լրագրողներից՝ քամահրական վերաբերմունքի համար,
  • հրապարակավ երաշխավորել, որ ջանքեր կգործադրվեն լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների հետ համագործակցությունը պատշաճ կազմակերպելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Man sitting at office desk and using the mobile smartphone.

Հայտարարություն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գյույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու վերաբերյալ

Երևան, 6 սեպտեմբերի 2023թ

Սեպտեմբերի 4-ին «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացել է որոշում՝ կազմակերպությանը պատկանող գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու մասին։ Սրա համար հիմք է հանդիսացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ներկայացրած կատարողական թերթը, որն արտացոլում է այդ ատյանի որոշումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գործով պատասխանողի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու հայցվորի միջնորդության բավարարման վերաբերյալ։ Իսկ հայցի առիթը վերոհիշյալ կայքում ս․ թ․ հուլիսի 21-ին հրապարակված՝ «ՔՊ-ն այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով ձայն է հավաքում Ավինյանի համար» նյութն է։ Դրանում փորձ է արվում բացահայտել, թե ինչպես է կուսակցությունը Սպիտակի տարածաշրջանի համայնքապետերի միջոցով կազմակերպում, որպեսզի տեղի բնակիչների երևանցի ազգականներն ու բարեկամները մայրաքաղաքի ավագանու գալիք ընտրություններում քվեարկեն ՔՊ-ի օգտին։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ իշխող ուժի ներկայացուցիչներն ընդդեմ լրատվամիջոցների հիմնադիրների հայց ներկայացնելիս նաև միջնորդում են, որ դատարանը պատասխանողի գույքի և/կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնի։ Նմանատիպ դեպքի առնչությամբ մենք հանդես ենք եկել հայտարարությամբ նաև մայիսի 12-ին՝ Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի գործով։

ԶԼՄ-ի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելն ինքնին լրացուցիչ ճնշում գործադրելու և խմբագրության հետ «հաշիվ մաքրելու» փորձ է, ինչն անթույլատրելի է և հակասում է միջազգային նորմերին ու պրակտիկային։ Բայց առավել անընդունելի է, երբ դատարանները բավարարում են լրատվամիջոցների գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու այդ միջնորդությունները։ Այդպիսի անհիմն որոշումները խաթարում են խմբագրությունների բնականոն գործունեությունը։ Մինչդեռ դատարանները պետք է դա թույլ չտան, ինչպես նաև հակազդեն հայցվորների՝ դատական մեխանիզմները որպես ԶԼՄ-ների նկատմամբ «պատժիչ գործիք» կիրառելու փորձերին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք․

  • Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ անհապաղ վերացնել «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու որոշումը և հետ կանչել ԴԱՀԿ-ին ուղարկած կատարողական թերթը,
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ դրսևորելով քաղաքական լայնախոհություն և հանդուրժողականություն՝ հրաժարվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունից և դատական գործում կենտրոնանալ բուն տեղեկատվական վեճի վրա։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

Open post
Armenia -- Russian peacekeepers interfere with the work of Armenian journalists in Goris, 26Aug2023

Հայտարարություն ռուս խաղաղապահների կողմից հայաստանյան լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելու դեպքի կապակցությամբ

28 օգոստոսի, 2023թ., Երևան

Օգոստոսի 26-ին ռուսական խաղաղարար ուժերի զինծառայողն առանց որևէ բացատրության արգելել է Գորիսում «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցին նկարահանել խաղաղապահների ուղեկցությամբ Լաչինի միջանցքով անցած և Հայաստանի տարածք հասած մի քանի տասնյակ արցախցիներին։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խորը մտահոգությամբ արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուս խաղաղապահները միջամտում են հայաստանյան լրատվամիջոցների գործունեությանը։ Նման միջադեպերը ավելի հաճախակի դարձան սկսած անցած տարվա դեկտեմբերի 12-ից, երբ ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպան-ակտիվիստները» փակեցին Լեռնային Ղարաբաղը Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Մասնավորապես՝ 2022 թվականի դեկտեմբերի 27-ի մեր հայտարարության մեջ նշել ենք, որ այդ տարածքում անհիմն արգելքների են բախվել նույն «Ազատություն» ռադիոկայանի, «Factor․am» և «Civilnet» լրատվական կայքերի, լրագրողների «Ասպարեզ» ակումբի, այլ ԶԼՄ-ների և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչները։

Սա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Լաչինի անցակետում ադրբեջանական լրատվամիջոցներն անարգել նկարահանումներ են իրականացնում, խոշոր պլանով ցուցադրում Արցախից Հայաստան մեկնող անձանց, այդ թվում բուժառուներին՝ առանց վերջիններիս համաձայնության և, հետևաբար, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտմամբ, իսկ ռուս խաղաղապահները որևէ կերպ չեն միջամտում։ Սա ակնհայտ խտրական մոտեցում է, որն անընդունելի է և դատապարտելի։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք վերահաստատում ենք նախորդիվ ՀՀ կառավարությանը հասցեագրված մեր պահանջը՝ անհապաղ բանակցություններ նախաձեռնել խաղաղապահ առաքելության հրամանատարության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ՌԴ պատասխանատու պետական կառույցների ղեկավարների հետ՝ հստակ կանոնակարգելու և դյուրացնելու համար հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքը Լաչինի միջանցքում և հարակից այլ գոտիներում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Armenia -- Prime Minister of Armenia Nikol Pashinyan holds press conference, Yerevan, 25Jul2023

Լրագրողական կազմակերպությունների հայտարությունը՝ Փաշինյանի ասուլիսի կապակցությամբ

Հուլիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ և մասնավորապես «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի ու «Aravot.am»-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի պահվածքը հեռու են մեր՝ ներքոստորագրյալ կազմակերպություններիս պատկերացումներից, թե ինչպես պետք է ընթանա պետության առաջին դեմքի՝ լրագրողների միջոցով հանրության հետ երկխոսությունը բարդագույն մարտահրավերների առջև կանգնած երկրում։ Իրողությունների սուբյեկտիվ մեկնաբանություններ, անհանդուրժողականության դրսևորումներ, խնդիրների կոնկրետ և կառուցողական քննարկումների պակաս, աշխատանքային ժամանակի և միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք, մասնագիտական էթիկայի սկզբունքների արհամարհում՝ դա էր այն պատկերը, ինչի ականատեսն էին դարձել մեր հայրենակիցները հինգ ժամից ավելի։ Նման որակի միջոցառումից հետո դժվար էր խուսափել բևեռացված, փոխադարձ ատելությամբ լի, տարբեր քաղաքական և լրագրողական ճամբարների միջև պառակտվածությունը խորացնող, որևէ առողջ վերլուծություն չպարունակող արձագանքներից։

Այսպես՝ Անի Գևորգյանի ու Հռիփսիմե Ջեբեջյանի դեմ սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում իրականացվեց մի ամբողջ արշավ՝ նրանց հասցեագրված հայհոյախոսությամբ, անեծքներով ու սպառնալիքներով։ Ընդ որում և՛ դրա պատճառ հանդիսացած «հարցերը», և բուն արշավի որոշակի դրսևորումները առերևույթ կազմակերպված բնույթ ունեին։ Սակայն մասնագիտական նորմերի նույնիսկ ակնհայտ խախտումները որևէ մեկին իրավունք չեն տալիս պատասխանել սանձարձակությամբ, ծայրահեղ թշնամանքով։  

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․

  • իշխանությանը՝ կատարել իր պոզիտիվ պարտականությունը և պաշտպանել լրագրողների իրավունքները, ձեռնարկել պատշաճ միջոցներ օրինախախտներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ,
  • լրագրողական համայնքի և հանրային հաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներին՝ տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքակիրթ մասնագիտական քննարկումներ անցկացնել՝ բացառելով փոխադարձ վիրավորանքներն ու ատելության խոսքը։ Հակառակ դեպքում բազմաբնույթ սադրանքները և դրանց անբարեկիրթ արձագանքները կդառնան իրար սնուցող երևույթներ։ Այս ամենը հետին պլան կմղեն արդիական խնդիրների լուծումների շուրջ քննարկումները, վերջնականապես կանտեսվեն հանդուրժողականությունը, զսպվածությունն ու պրոֆեսիոնալ ստանդարտների նկատմամբ հարգանքը, և փոխարենը կշարունակվի թշնամանքի գեներացումը տեղեկատվական ոլորտում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
three wise monkey sitting on bench, not hear, not see, do not speak

Հայկական լրագրողական կազմակերպությունների կոչը Շուշիի մեդիա-ֆորումին մասնակցող գործընկերներին

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հարցեր չունենք խոսքի ազատության միջազգային վարկանիշների վերջին տեղերից մեկում գտնվող երկրի ղեկավարությանը, որը, սակայն,  հուլիսի 22-23-ին հերթական շքեղ մեդիա-ֆորումն է անցկացնում։ Մենք հարցեր չունենք այս միջոցառման կազմակերպչին՝ Ադրբեջանի ԶԼՄ-ների զարգացման գործակալությանը, որն աջակցում է խոսքի ազատությունը սահմանափակող կառավարական բոլոր նախաձեռնություններին և պարբերաբար մեղադրանքներով է հանդես գալիս այդ երկրում լրագրողների իրավունքների զանգվածային ճնշման վերաբերյալ քննադատություն հնչեցնող իրավապաշտպան կազմակերպությունների հասցեին: Ցավոք, արդեն հարցեր չունենք նաև ճանաչված լրատվամիջոցներին և մասնագիտական կառույցներին​​, որոնք իրենց ներկայացուցիչներին ուղարկել են մասնակցելու Շուշիի ֆորումին՝ մի միջոցառման, որի միակ նպատակը Բաքվի՝ քաղաքակիրթ աշխարհի հիմնարար արժեքներին հակասող արտաքին և ներքին քաղաքականությունը լեգիտիմացնելն է․ այսօրինակ անսկզբունքայնությունը շատերի համար սովորական բան է դարձել։

Մեր հարցն ուղղված է ալիևյան ռեժիմի առատաձեռն հյուրընկալությունը վայելող և արտաքին աշխարհից ավելի քան յոթ ամիս մեկուսացման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի քաղաքներից և գյուղերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա հայտնված գործընկեր լրագրողներին։ Այնտեղ, որտեղ հազարավոր մարդիկ երկար ժամանակ զրկված են տարրական սնունդ ունենալու հնարավորությունից, որտեղ ծննդաբերող կանանց չեն կարող հասցնել հիվանդանոց՝ բենզինի բացակայության պատճառով, որտեղ ջրի մատակարարումը վտանգված է էլեկտրաէներգիայի սակավության պատճառով… Մի՞թե ձեր մասնագիտական պարտքը ձեզ չի դրդում ադրբեջանական իշխանություններից պահանջելու ազատ տեղաշարժի հնարավորություն, որպեսզի ձեր աչքերով տեսնեք այն ողբերգությունը, որի հետ զուգահեռներ գտնելն այնքան էլ հեշտ չէ ժամանակակից աշխարհում։ Մի՞թե այլևս լրատվամիջոցների խնդիրը չէ՝ ճեղքել տեղեկատվական շրջափակումները, երբ կատարվողի մասին տեղեկատվությունը գալիս է համարյա բացառապես կողմնակալ աղբյուրներից։ Մի՞թե դուք որոշել եք տուրք տալ մեր մասնագիտությանն անհարիր դյուրահավատությանը և «ըմբռնումով մոտենալ» փաստարկներին, թե իբր Ֆորումի տերերն ուրախ կլինեին օգնել ձեզ մի քանի րոպեում հաղթահարել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ տանող ճանապարհը, բայց տեղի հայկական ղեկավարությունը կամ ռուս խաղաղապահները ձեզ թույլ չեն տա անցնել:

Մինչդեռ ձեր վճռականությունն ու հաստատակամությունը կարող են նպաստել տարածաշրջանում առկա իրավիճակի փակուղուց դուրս բերմանը: Համոզված ենք, որ լրագրության պատմության առաջին հայացքից աննշան թվացող այս դրվագը կարող է կարևոր դեր խաղալ մեր ընդհանուր մասնագիտության հետագա հեղինակության համար։

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼՒ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ  «ԱՍՊԱՐԵԶ»  ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Legal-Consulting

«Խորը մտահոգություն են հայտնում բարեփոխումների արտաքին եւ ներքին սպառման օրակարգերում առկա հակասությունների առնչությամբ»

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանում տարբեր ոլորտներում նախատեսված բարեփոխումների արտաքին եւ ներքին սպառման օրակարգերում առկա հակասությունների առնչությամբ։

Մասնավորապես, լրագրողական մի քանի կազմակերպություններ տեղեկացվել էին, որ մինչեւ սթ հուլիսի 14-ը կարող են առաջարկություններ ներկայացնել  «Լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի, ԲԴԽ դատարանների եւ դատավորների փոխհարաբերության կարգը հաստատելու մասին» որոշմաննախագծի վերաբերյալ։ Վերոհիշյալ փաստաթուղթը պարունակում է մի շարք խոստումնալից դրույթներ, օրինակ այն, որ «Բարձրագույն դատական խորհրդի դռնբաց նիստերին եւ աշխատանքային խորհրդակցություններին կարող են ազատորեն ներկա գտնվել լրատվության միջոցների ներկայացուցիչները, կատարել տեսա-լուսանկարահանումներ, այդ թվում՝ անմիջապես ուղիղ եթեր հեռարձակմամբ»:

Փաստորեն, այն ժամանակահատվածում, երբ լրագրողական հանրության ներկայացուցիչները պետք է առաջարկություններ մշակեին որոշման նախագծի վերաբերյալ, հուլիսի 3-ին տեղի ունեցավ աղմկահարույց դեպք՝ ԲԴԽ-ն լրագրողներին չթույլատրեց ներկա լինել իր՝ նախապես հայտարարված դռնբաց նիստին, որտեղ քննարկվում էր հանրային հետաքրքրության առաջացրած հարց։ Դրան հաջորդած օրերին, երբ մենք եւ մեր բազմաթիվ գործընկերներ տարբեր հարթակներից քննադատեցինք այդ միջադեպը եւ սպասում էինք տեղի ունեցածի մասին Բարձրագույն դատական խորհրդի բացատրություններին, ինչպես նաեւ ապագային միտված հետեւություններին, ավաղ, ոչ մի արձագանք չեղավ, ինչը չէր կարող չստիպել՝ գտնել երկու գործընթացների միջեւ առկա հակասության գաղտնիքը։

Հիմքեր ունենք եզրակացնելու, որ ԲԴԽ որոշման նախագծի բովանդակության լայնախոհությունը պայմանավորված է այն պարզ հանգամանքով, որ այն ստեղծվում է Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի հետ համատեղ ծրագրի շրջանակներում եւ Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, ինչի համար միայն շնորհակալ ենք։ Իսկ Բարձրագույն դատական խորհրդի հուլիսի 3-ի նիստը տեղի էր ունենում մեր ներքին իրականությունում, միջազգային հանրության աչքից հեռու։ 

Այս հայտարարությամբ մենք վճռականորեն վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են միջազգային համագործակցության օրակարգերում եւ երկրում «բարեփոխումների» պրակտիկայում գոյություն ունեցող նման անջրպետները։

Մեր սկզբունքային մոտեցումն է՝ նպաստել Հայաստանի տարբեր ոլորտների ինստիտուցիոնալ առաջընթացում լրատվամիջոցների դերի բարձրացմանն ուղղված քայլերին, սակայն անընդունելի ենք համարում մեր մասնակցությունը ձեւական, ցուցափեղկային նախաձեռնություններին։

Կոչ ենք անում նաեւ ՀՀ պետական կառույցների միջազգային գործընկերներին հետեւողական լինել եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել տեղի ունեցող գործընթացների արդյունավետությանը, որպեսզի թղթի վրա հայտարարագրված բարեփոխումներն իրենց համարժեք անդրադարձն ունենան իրական կյանքում։

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ–ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

Հայտարարությունը բաց է ստորագրման համար

Open post
Nagorno-Karabakh -- "Civilnet" correspondent Hayk Ghazaryan, Stepanaker, 12Jul2023

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են «Սիվիլնեթի» արցախյան թղթակցի դեմ հարձակումները

Խոր մտահոգությամբ և վրդովմունքով տեղեկացանք երեկ՝ հուլիսի 11-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում «Սիվիլնեթ» լրատվական կայքի սեփական թղթակից և «Անալիտիկոն» պարբերականի լրագրող Հայկ Ղազարյանի նկատմամբ ֆիզիկական բռնության մասին։ Մի խումբ անձինք դարանակալել են, փորձել առևանգել նրան, և երբ դա չի հաջողվել, ծեծի են ենթարկել։ Լրագրողն այդ մարդկանցից ոմանց ճանաչել է և ասում է, որ նրանք ԼՂՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի շրջապատից են։ Այս միջադեպին նախորդել է երկու օր առաջ Հայկ Ղազարյանի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումը․ Ստեփանակերտում բողոքի ակցիան լուսաբանելիս նրա ձեռքից մի ոստիկան խլել է հեռախոսը, որը ավելի ուշ վերադարձվել է, բայց նկարահանված կադրերը ջնջված են եղել։

Տեղի ունեցածը հատկապես դատապարտելի է, եթե հաշվի առնենք, որ անցած տարվա դեկտեմբերից Ադրբեջանը շրջափակել է Արցախը, որի բնակչությունը հայտնվել է հումանիտար աղետի եզրին, և այս պայմաններում տեղի իշխանությունները պետք է առավել ջանքեր գործադրեն և հանդուրժողականություն ցուցաբերեն հանրային համերաշխություն ձևավորելու համար։ Մինչդեռ, կիրառված բռնությունը վկայում է, որ ընտրվել է միանգամայն այլ՝ նեղ քաղաքական, խմբային խնդիրների սպասարկման ճանապարհ։

Ուշագրավ է, որ աղմկահարույց այս միջադեպից հետո Արցախի իշխանությունների կողմից որևէ արձագանք կամ գնահատական չի հնչել։ Սա ևս մի անուղղակի ապացույց է այն ենթադրությունների, որ Հայկ Ղազարյանի նկատմամբ բռնության կազմակերպմանն առնչություն ունեն բարձրաստիճան պաշտոնյաներ։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է․ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե «Անալիտիկոն»-ի ու «Սիվիլնեթ»-ի աշխատակից Հայկ Ղազարյանի գլխից մի մազ պակասի, ապա մե՛զ հետ եք գործ ունենալու, ու ոչ միայն մեզ հետ։ Խոսքս Արցախի պատկան մարմիններին է ուղղված։ Այս իրավիճակից փոքրիշատե պատվով դուրս գալու շանս դեռ ունեք»։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտելով Հայկ Ղազարյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը, պահանջում ենք․

  • Արցախի դատախազությունից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները լրագրողին ծեծի ենթարկած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար,
  • ԱՀ խորհրդարանից ու կառավարությունից՝ դիրքորոշում արտահայտել տեղի ունեցած բռնության վերաբերյալ,
  • Արցախի նախագահից՝ պաշտոնանկ անել ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին, եթե ապացուցվի նրա առնչությունը վերոհիշյալ միջադեպին։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Armenia -- Deputy Mayor of Yerevan Tigran Avinyan, Yerevan, 07Feb2023

Հայտարարություն՝ Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ -ի և լրագրող Դավիթ Սարգսյանի գործի կապակցությամբ

Մարտի 31-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ -ի և լրագրող Դավիթ Սարգսյանի՝ ներողություն խնդրելուն, պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատասխանողներից 9 միլիոն դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով։ Հայցի առիթը փետրվարի 25-ին «168․am» կայքի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութն է՝ «Տիգրան Ավինյան. նորահայտ մեծահարուստը» վերնագրով, որի հեղինակը՝ Դավիթ Սարգսյանը, փոխքաղաքապետին, մասնավորապես, ներկայացնում է որպես «անսահմանափակ վարչական ռեսուրսի տիրապետող» պաշտոնյա, որի ընտանիքը «անշեղորեն հարստանում է»։

Մայիսի 2-ին դատարանը վարույթ է ընդունել դատական գործն ու բավարարել է հայցվորի միջնորդությունը հայցի ապահովում կիրառելու մասին, այն է՝ 9 միլիոն դրամի չափով կալանք դնել լրագրողին և լրատվամիջոցին պատկանող գույքի և բանկային հաշիվների վրա։ Ըստ պատախանողների՝ այդ որոշումը կայացնելուց առաջ իրենց հետ որևէ քննարկում չի եղել, ավելին՝ իրենք չեն տեղեկացվել միջնորդության մասին և հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու իրենց առարկությունները:

Եթե այս տեղեկությունները հաստատվեն, վերադաս դատական ատյաններն ուղղակի պարտավոր են լինելու գնահատական տալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այս գործելակերպին։

Դատական ընթացակարգի առերևույթ խախտումներից զատ, այս գործում խիստ մտահոգիչ են հետևյալ  փաստերը․ 1) լինելով բարձրաստիճան պաշտոնյա՝ Տիգրան Ավինյանը փորձ չի կատարել խնդիրը լուծել արտադատական կարգով, այդ թվում չի դիմել խմբագրությանը՝ հերքում հրապարակելու պահանջով, 2) գնալով դատարան՝ նա ներկայացրել է գումարային առավելագույն փոխհատուցման պահանջ, 3) չբավարարվելով դրանով՝ Ավինյանը նաև այդ ահռելի գումարի չափով հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել, որը նախադեպը չունի ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների դատական գործերի մեր բազմամյա մշտադիտարկումների ընթացքում,   և 4) դատարանը անշեղորեն բավարարել է այդ պահանջը։

Առայժմ ձեռնպահ մնալով վիճարկվող նյութը գնահատելուց, դրանում վիրավորանքի և զրպարտության առկայությունը կամ բացակայությունը որոշելուց (այս փուլում դա դատարանի գործն է)՝  մենք հայտարարում ենք, որ վերոհիշյալ փաստերը հստակ վկայում են, որ Տիգրան Ավինյանը նպատակ է հետապնդել ոչ այնքան ճշտում կատարել, հերքել կամ պատասխանել հրապարակմանը, այլ պատժել, ճնշում գործադրել լրագրողի և լրատվամիջոցի վրա։ Իսկ դատավորը փաստորեն նպաստել է Ավինյանի այդ մտադրություններին։ Սա անթույլատրելի է, և համոզված ենք, որ այս աղաղակող փաստերը չեն վրիպի նաև միջազգային կազմակերպությունների ու փորձագետների աչքերից, քանի որ հակասում են Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին։ Մասնավորապես, հայցի ապահովում կիրառելիս պետք է մանրամասն պատճառաբանվի դրա անհրաժեշտությունը՝ թե՛ հայցվորի, թե՛ դատարանի կողմից։ Մինչդեռ այս գործով հասկանալի չէ, թե ինչու է հայցվորը կարծել, իսկ դատարանը հաստատել նրա մոտեցումը, որ եթե պատասխանողի գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք չդրվի, դատական ակտը չի կարող կատարվել: Էլ չենք ասում, որ դատարանները պարտավոր են վիրավորանքի և զրպարտության գործերով հայցի ապահովում կիրառելիս պահպանել դրա համաչափությունը, հաշվի առնել լրատվամիջոցի կանոնավոր գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու հանգամանքը, ինչը տվյալ դեպքում բացակայում է:

Համոզված ենք, որ այս դատական գործընթացի անընդունելի դրսևորումների մի մասը ուղիղ կապ ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում 2021 թվականի մարտի 24-ին իրականացված փոփոխությունների հետ, ըստ որոնց՝ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման վերին շեմերը եռապատկվեցին՝ դառնալով համապատասխանաբար 3 միլիոն և 6 միլիոն դրամ։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արտահայտելով մեր խորը մտահոգությունը Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի դատական գործընթացի առնչությամբ՝ պահանջում ենք․

  • Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ անհապաղ չեղարկել վերոհիշյալ գործով հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը, հանել արգելանքը պատասխանողների գույքի և բանկային հաշիվների վրայից և անցնել բուն վեճի քննությանը,
  • Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանից՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա, ցուցաբերել առավել հանդուրժողականություն, դրսևորել զբաղեցրած դիրքին առավել հարիր վարքագիծ և դատական գործում կենտրոնանալ իր մասին հրապարակման ճշգրտման ու, եթե հիմքեր կան, հերքման վրա, կամ, ինչը գերադասելի է, հետ վերցնել հայցը և խնդիրը լուծել արտադատական կարգով՝ դիմելով Տեղեկատվական վեճերի խորհուրդ կամ ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմին՝ փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Posts navigation

1 2 3 4 5 10 11 12
Scroll to top