Open post
Armenia -- Police fine Armnews TV, because the TV anchor wasn't wearing a mask, Yerevan, 03Jul2020

Հայտարարություն ԶԼՄ-ներում ոստիկանության իրականացրած գործողությունների կապակցությամբ

2020թ․ հուլիսի 3-ին ոստիկաններն այցելել են «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ՝ նպատակ ունենալով վարչական վարույթ հարուցել հեռուստաեթերում դիմակ չկրելու համար։

Նույնիսկ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետ կապված արտակարգ դրության պահանջները՝ տեղի ունեցածը դիտարկում ենք որպես իրավապահ մարմնի կողմից լիազորությունների չարաշահում։ Հասարակության մեջ առկա քաղաքական և հոգեբանական լարվածության պայմաններում իշխանությունները պետք է առավել մեծ նրբանկատություն ցուցաբերեն և խուսափեն անհարկի խիստ քայլեր ձեռնարկելուց։ Համոզված ենք, որ եթերում դիմակ կրելու կամ չկրելու հարցը հնարավոր է լուծել այլ ճանապարհով՝ քննարկումների, պարզաբանումների և փոխհամաձայնությունների միջոցով։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ՀՀ կառավարությունից և պարետատնից պահանջում ենք.

— չօգտագործել ուժային կառույցները նրանց ոչ բնորոշ գործողություններում և բացառել նրանց միջամտությունը լրատվամիջոցների գործունեությանը,

— հաշվի առնելով լրատվական, հատկապես հեռուստատեսային գործունեության առանձնահատկությունները՝ վերանայել և հստակեցնել համաճարակի հետ կապված՝ ԶԼՄ-ներին վերաբերող աշխատանքային պայմանների սահմանափակումները։

Մենք նաև հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ Պարետատան որոշումների հնարավոր խախտումներից՝ գիտակցելով սեփական պատասխանատվությունը համաքաղաքացիների, այդ թվում՝ իրենց իսկ աշխատակիցների առողջության համար։

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenia -- Journalists pushed around while covering tycoon Gagik Tsarukian's departure from NSS, Yerevan, 16Jun2020

«Ուժայինները ոչ միայն չեն կարողացել պաշտպանել լրագրողներին, այլև խոչընդոտել են վերջիններիս աշխատանքը»

Երեկ՝ հունիսի 16-ին, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվելուց հետո դուրս է եկել տարածքում հավաքված իր աջակիցների մոտ, առաջացած հրմշտոցի, ինչպես նաև ոստիկանական գործողությունների հետևանքով տուժել են գործընթացը լուսաբանող լրագրողներից առնվազն 5-ը։ Մասնավորապես՝  վնասվածքներ են ստացել «News.am» լրատվական կայքի թղթակից Լիանա Սարգսյանը, «Tert.am»-ի լրագրող Անի Գևորգյանը, «Yerkir.am»-ի թղթակից Տաթևիկ Կոստանդյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանը, «MegaNews.am» կայքի խմբագիր Մարգարիտա Դավթյանը։

Տուժած լրագրողների վկայությամբ, ստեղծված խառնաշփոթի ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցները հայտնվել են ոստիկանական շուրջկալի մեջ, որից հետո նրանց վրա հարվածներ են տեղացել։ Անկախ նրանից, թե այդ գործողությունները նպատակաուղղված էին, թե պայմանավորված` անզգուշությամբ կամ անբավարար պրոֆեսիոնալ պատրաստվածությամբ, արձանագրում ենք, որ ուժայինները ոչ միայն չեն կարողացել պաշտպանել լրագրողներին, այլև խոչընդոտել են վերջիններիս աշխատանքը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, և պահանջում ենք ՀՀ ոստիկանությունից՝ ծառայողական օբյեկտիվ քննություն իրականացնել` տվյալ միջադեպը ուսումնասիրելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ այս իրադարձությունները տեղի են ունենում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության պայմաններում, կոչ ենք անում ԶԼՄ-ների ղեկավարներին՝ զերծ պահել իրենց աշխատակիցներին զանգվածային հավաքները լուսաբանելիս մարդկային կուտակումների կիզակետում գտնվելուց, իսկ դրա անհնարինության դեպքում տալ անվտանգությունը պահպանելու հստակ հրահանգներ։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
AI Data Processing

Հայտարարություն անձնական տվյալների մշակման համակարգի թափանցիկության ապահովման վերաբերյալ

Ս․թ․ հունիսի 3-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, արձագանքելով  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի և քաղաքացի Իզաբելլա Սարգսյանի թ․ 345-45 հարցմանը, պատասխանել է, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և արագ բացահայտման նպատակով գործարկված հատուկ ծրագրային ավտոմատացված համակարգը ստեղծվել է «հայ կամավոր ծրագրավորողների կողմից»։ Մանրամասնելով, թե՝ «ծրագրավորողները չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն, չեն համաձայնել, որ իրենց կողմից անվարձահատույց օժանդակության փաստը հանրայնացվի», Սիսեռյանը հրաժարվել է հավելյալ տեղեկություններ հրապարակել։

Եվրոպայի խորհրդի 108-րդ կոնվենցիայի հանձնաժողովի նախագահի և ԵԽ Տվյալների պաշտպանության հանձնակատարի մարտի 30-ի համատեղ հայտարարությունում նշվում է․ «Թափանցիկությունը և վերլուծական տվյալների և AI համակարգերի «բացատրելիությունը», նախազգուշական մոտեցումը և ռիսկերի կառավարման ռազմավարությունը (այդ թվում՝ անոնիմիզացված տվյալների վերաանձնականացման ռիսկը), տվյալների որակյալ և նվազագույն ծավալով օգտագործումը, ինչպես նաև մարդկային վերահսկողությունը այն առանցքային դրույթներից են, որոնք պետք է հաշվի առնել COVID-19 դեմ պայքարում նորարական լուծումներ ստեղծելու հարցում»։

Ապրիլի 2-ին մի խումբ հայաստանյան հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ հորդորելով ՀՀ կառավարությանը և Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին՝ թե որ կառույցներն են ներգրավված քաղաքացիների անձնական տվյալների մշակման գործընթացում՝ պետական, թե մասնավոր, ինչպե՞ս է ապահովվում տվյալների պատշաճ պաշտպանությունն ու անվտանգությունը, և հստակ տեղեկություններ հաղորդել համակարգի ներդրման արդյունքների մասին:

Հարգելով «հայ կամավոր ծրագրավորողների»՝ անանուն մնալու ցանկությունը՝ հարկ ենք համարում նշել, որ տվյալ դեպքում գործ ունենք հանրության շահերին առնչվող հարցի հետ, իսկ պատշաճ, ժամանակին և  լիարժեք տեղեկատվության բացակայությունը ստեղծում է ապատեղեկատվության և ենթադրությունների տարածման հնարավորություն։ Ուստի, իշխանություններին կոչ ենք անում․

—        հրապարակել  կամավորների անունները, նրանց հետ կնքված պայմանագրերով նախատեսված կողմերի պարտավորությունները և տեխնիկական առաջադրանքը՝ ներառյալ համակարգի աշխատանքի սկզբունքներն ու կառուցվածքը;

—        սահմանել  տվյալների մշակման՝ հավաքագրման, օգտագործման և կիրառումից հետո դրանց ոչնչացման նկատմամբ հանրային վերահսկողության գործուն մեխանիզմներ;

—        հանրությանը ամբողջական, հասանելի և հասկանալի տեղեկություն տրամադրել համակարգի գործարկման և տվյալների օգտագործման մանրամասների մասին և պարբերաբար տեղեկատվություն հրապարակել դրա կիրառման արդյունավետության մասին։

Իզաբելլա Սարգսյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Երևանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Լրագրողներ հանուն ապագայի

Սեդա Գրիգորյան, ռեժիսոր

Ռուբեն Մուրադյան, ՏՏ անվտանգության փորձագետ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Նինա Կարապետյանց, իրավապաշտպան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գևորգ Գիլանց, գրող, թարգմանիչ

Հայտարարությունը բաց է միանալու համար, ցանկացողները կարող են գրել [email protected] հասցեով։

Open post
big ata

Հայտարարություն համաճարակի կանխարգելման նպատակով քաղաքացիների անձնական տվյալների մշակման մասին

Մարտի 31-ին Ազգային ժողովն ընդունեց օրենսդրական փաթեթ, որը կոչված է Հայաստանում ֊արտակարգ դրության պայմաններում կառավարությանը տրամադրել համավարակի տարածումը կանխելու լրացուցիչ գործիքներ՝ սահմանափակելով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքները։

Գիտակցելով, որ բնական աղետների ու ճգնաժամային այլ իրավիճակների պայմաններում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել ի շահ հասարակության անվտանգության, ցանկանում ենք շեշտել, որ նման սահմանափակումները թույլատրելի են միայն այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար: Հետևաբար պետությունը պարտավոր է պահպանել համաչափության սկզբունքը, ինչպես նաև սահմանափակումները կիրառել առավելագույն թափանցիկությամբ։

Փաստում ենք, որ կառավարությունն արտակարգ դրության պայմաններում ևս հաշվետու է հասարակության առջև և չի ազատվում իր գործողությունների համար պատասխանատվությունից։ Ցավոք, վերոնշյալ օրենսդրական նախաձեռնության՝ ԱԺ-ում քննարկման ընթացքում մենք չստացանք հանրությանը մտահոգող մի շարք առանցքային հարցերի սպառիչ պատասխաններ:

Ելնելով վերոնշյալից՝ հորդորում ենք ՀՀ կառավարությանը և Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին՝ որ կառույցների կողմից են մշակվում քաղաքացիների անձնական տվյալները՝ լինեն դրանք պետական, թե նաև մասնավոր, ինչպես է ապահովվում տվյալների պատշաճ պաշտպանությունն ու անվտանգությունը, և հստակ տեղեկություններ հաղորդել համակարգի ներդրման արդյունքների մասին: Նպատակահարմար ենք գտնում նաև նախատեսել տվյալների հավաքման և մշակման ընթացքի նկատմամբ հանրային վերահսկողություն։

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

«ՖԵՄԻԴԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 2, 2020 թ.

Open post
Image by Photo Mix from Pixabay

Հայտարարություն ՀՀ֊ում արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների աշխատանքն ապահովելու մասին

 Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գոհունակությամբ ենք ընդունել այն,  որ ՀՀ կառավարությունը մարտի 25-ին վերանայեց մարտի 16-ի իր որոշումը և վերացրեց նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրների լուսաբանման անհամաչափ սահմանափակումները։ Այդուհանդերձ, արձանագրում ենք, որ վերանայված դրույթներում հստակ նշված չէ այն լիազոր մարմինը, որն իրավասու է Պարետատան անունից լրատվամիջոցներին պաշտոնական տեղեկություն կամ մեկնաբանություն տրամադրել: Դա արտակարգ դրության մասին որոշման համապատասխան կարգավորումների արդյունավետ կիրառման խնդիրներ է առաջացնում:

Ելնելով ստեղծված իրավիճակում հանրության իրազեկված լինելու, ճշգրիտ, վստահելի և բազմակողմանի տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունից՝ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը անհապաղ սահմանել հայցվող տեղեկությունները ողջամիտ ժամկետներում լրատվամիջոցներին տրամադրելու հստակ ընթացակարգ և նշանակել դրա համար պատասխանատու մարմին:

Ինչպես և նախորդ հայտարարությունում, վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը` աջակցելու հանրության իրազեկումը պատշաճ կազմակերպելուն միտված ցանկացած հարցում:

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenian Media Microphones

Հայտարարություն ՀՀ֊ում արտակարգ դրություն հայտարարելու մասին

Մենք` ներքոստորագրյալներս, տարբեր ձևաչափերով արտահայտել ենք մեր բացասական կարծիքը ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման այն դրույթների վերաբերյալ, որոնք կարգավորում են տեղեկատվության տարածումը:

Նշված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո արձանագրում ենք, որ դրանց կիրառումն անարդյունավետ է, անհամաչափ, հակասում է ողջամտության սկզբունքներին և չի նպաստում համաճարակի պայմաններում հանրային շահերի իրացմանը:

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը եւ Պարետատանը`

  • անհապաղ ուժը կորցրած ճանաչել ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին 2020 թ. մարտի 16-ի Կառավարության N 298–Ն որոշման 23, 24, 25 եւ 26 կետերը,
  • մշակել տեղեկատվության տարածման ռեժիմը սահմանող նոր կարգավորում, որն այս բարդ իրավիճակում կհստակեցնի հնարավոր սահմանափակումները, կնպաստի լրատվամիջոցների կողմից մասնագիտական պատասխանատվության նորմերին հավատարմությանը և կապահովի պաշտոնական կառույցների և լրատվամիջոցների միջև արդյունավետ և հանրօգուտ գործընկերությունը:

Մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել նման փաստաթղթի մշակման աշխատանքներին: 

Երևանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռոնթությունների  կենտրոն

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

Գորիսի մամուլի ակումբ

«Իրավունքի գերակայություն» ՀԿ

Open post

Հայտարարություն Քրեական օրենսգրքի նոր նախագծի վերաբերյալ

Արդարադատության նախարարությունը պաշտոնական e-draft.am կայքում տեղադրել է Քրեական օրենսգրքի նոր նախագիծ, որի մի շարք դրույթներ լուրջ մտահոգություն են առաջացրել լրագրողական շրջանակներում։ Մասնավորապես՝ սուտ մատնությանը վերաբերող 443-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ԶԼՄ-ներում հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկատվություն հրապարակելու համար՝ ընդհուպ մինչև ազատազրկում։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում նախարարության պարզաբանումն առ այն, որ սույնով նպատակ չի հետապնդվել թիրախավորել լրատվամիջոցներին ու լրագրողներին։ Այդուհանդերձ, հայտարարում ենք, որ սուտ մատնությունը որպես հանցանք ԶԼՄ-ների դաշտ տեղափոխելը նախկինում չկիրառված (գործող Քրեական օրենսգրքում այն բացակայում է) և այժմ որևէ անհրաժեշտությամբ չպայմանավորված նորամուծություն է, որը կարող է լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունն ու խոչընդոտել լրագրողական գործունեությունը։ Ավելին, դա նաև կկաշկանդի լրագրողական աղբյուրներին՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ խորհրդապահական եղանակով արժեքավոր տեղեկություններ տրամադրելու հարցում։ Ի վերջո, եթե նույնիսկ լրատվամիջոցում հրապարակվում են հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություններ, ապա այդ խնդիրը լիովին կարող է լուծվել քաղաքացիաիրավական կարգավորմամբ՝ զրպարտության համար պատասխանատվությամբ, այլ ոչ թե գործը հասցնելով քրեական հետապնդման ՝ ներառյալ ազատազրկման։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք նախագծի հեղինակներից չտեղափոխել սուտ մատնության խնդիրը ԶԼՄ-ների դաշտ և 443-րդ հոդվածից հանել «․․․կամ զանգվածային լրատվության միջոցներում նույնաբովանդակ տեղեկատվության հրապարակումը» հատվածը։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Open post
Attack on Kentron TV

Հայտարարություն «Էպիկենտրոնի» նկարահանող խմբի վրա հարձակման կապակցությամբ

2019թ․դեկտեմբերի 24-ին, Արարատի մարզի Հովտաշեն համայնքում մի քանի տասնյակ բնակիչներ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանի և օպերատոր Սիմիկ Մայիլյանի վրա, հարվածել նրանց, վնասել տեսախցիկը։ Նկարահանող խմբին հաջողվել է փրկել տեղի ունեցածին վերաբերող նկարահանված կադրերի մի մասը, որոնցում պարզորոշ երևում է բռնության փաստը։

«Էպիկենտրոն» լրատվական գործակալության տնօրեն Վարդուհի Մելտոնյանի փոխանցմամբ, «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցներն, ի թիվս այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների, գնացել էին Հովտաշեն՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող ձկնաբուծարանի շուրջ ծագած խնդիրները լուսաբանելու։ Պահպանված կադրերում երևում է, որ բնակիչների կողմից հարձակումը եղել է թիրախավորված և նպատակ է ունեցել խոչընդոտել հենց տվյալ հեռուստաընկերության նկարահանող խմբի աշխատանքը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում լրագրողական մասնագիտական գործունեության խոչընդոտման և սանձազերծված բռնության կապակցությամբ։ Իրավապահ մարմիններից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել բոլոր մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Zhoghovurd Newspaper

Հայտարարություն «Ժողովուրդ» թերթի խմբագրություն ներխուժման վերաբերյալ

2019 թվականի դեկտեմբերի 19-ի գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» թերթի խմբագրություն և, ըստ նույն թերթի լրագրողների վկայության, տակնուվրա արել գույքը, բացել դարակները, մտել խմբագրի աշխատասենյակ, շաղ տվել թերթերն ու թղթերը՝ ամենայն հավանականությամբ փորձելով ինչ-որ բան գտնել: Նախնական տեղեկություններով՝ համակարգչային որևէ տեխնիկա կամ այլ իր գողացված չէ, սակայն ներխուժման փաստն ինքնին վկայում է լրատվամիջոցի վրա բիրտ ճնշում գործադրելու փորձի մասին:

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք ոտնձգությունը խմբագրության նկատմամբ, հայտնում մեր զորակցությունը գործընկերներին և պահանջում իրավապահներից՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Digital Broadcasting TV

Հայտարարություն՝ Հանրային հեռուստաընկությանը գովազդ հեռարձակելու իրավունք վերապահելու վերաբերյալ

2019թ․ դեկտեմբերի 11-ին ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական e-draft.am կայքում տեղադրել է իր հեղինակած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծ, որում, ի թիվս այլոց, նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Continue reading

Posts navigation

1 2 3 6 7 8 9 10 11 12 13
Scroll to top