Open post
Armenian Parliament Building

Հայտարարություն Ազգային ժողովի բակում լրագրողների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ

Երեկ՝ օգոստոսի 18-ին, Ազգային ժողովի բակում, որտեղ կազմակերպվել էր զբոսանք-ակցիա հանուն Ամուլսարի և Ջերմուկի պահպանության, ոստիկանները խոչընդոտել են մի խումբ լրագրողների մասնագիտական գործունեությունը։ Այսպես՝ ԱԺ դիմացի այգու բաց դարպասներից ներս թողնելով ակտիվիստների մի մասին ու նրանց միացած քաղաքացիներին՝ իրավապահները նախ թույլ չեն տվել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մտնել այդ տարածք և լուսաբանել միջոցառումը, ապա պահանջել են թույլտվություն ստանալ խորհրդարանի աշխատակազմի ղեկավարից և նոր միայն նկարահանումներ կատարել։ Մոտ կես ժամ տևած վիճաբանությունից հետո նույն ոստիկանները լրագրողներին ներս են թողել՝ գրանցելով նրանց անուն, ազգանուն, հայրանունն ու լրատվամիջոցի անվանումը։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արձանագրում ենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակահատվածում սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանները, յուրովի մեկնաբանելով օրենքն ու լրագրողների իրավունքները, չարաշահում են իրենց լիազորությունները և միջամտում ԶԼՄ-ների գործունեությանը։ Տեղին է վերհիշել լրատվամիջոցներից «խուճապ հարուցող» հրապարակումները հեռացնելու պահանջները, ինչպես նաև՝ ընտրողաբար հեռուստաընկերություններ այցելելն ու հաղորդումների ժամանակ դիմակներ չկրելու համար վարչական վարույթ հարուցելը։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք.

  • ՀՀ ոստիկանությունից՝ հարուցել ծառայողական քննություն, բացահայտել օգոստոսի 18-ին ԱԺ այգու մուտքի մոտ լրագրողների օրինական գործունեությունը խոչընդոտողներին և պատասխանատվության ենթարկել նրանց,
  • ՀՀ կառավարությունից՝ հստակ հրահանգել իրավապահներին գործել իրենց լիազորությունների սահմաններում և չօգտագործել արտակարգ դրության պայմանները որպես առիթ՝ միջամտելու կամ անհիմն սահմանափակելու ԶԼՄ-ների աշխատանքը։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post

Հայտարարություն «Ազատության» լրագրողների աշխատանքը խոչընդոտելու կապակցությամբ

Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա,  հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։

Վլադիմիր Գասպարյանն իր պաշտոնավարման տարիներին էլ աչքի էր ընկնում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հանդուգն վերաբերմունքով, իսկ որոշ դեպքերում՝ նաև դաժանությամբ։ Հիշենք 2015 թվականի «Էլեկտրիկ Երևանի» և  2016-ի Սարի թաղի դեպքերը, երբ ոստիկանական գործողությունների թիրախ դարձան 40-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ, որոնք ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների ու ապօրինի հետապնդումների։ Կամ՝ «1in.am» լրատվական կայքի թղթակից Սիրանույշ Պապյանի հասցեին արտաբերած նրա կոպիտ վիրավորանքը, որն անթաքույց վրդովմունք առաջացրեց լրագրողական հանրության շրջանում։

Այս ամենն անպատիժ մնաց, և, ըստ երևույթին, հենց դա է պատճառը, որ այսօր նախկին ոստիկանապետը շարունակում է  անվայելուչ վարք դրսևորել լրագրողների նկատմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենայն լրջությամբ քննության առնել տեղի ունեցած միջադեպը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Գասպարյանին։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
TV Tower of Yerevan

Լրագրողական կազմակերպությունները կոչ են անում «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը հանել շրջանառությունից

Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը խոր մտահոգության տեղիք է տալիս։ Այն ոչ միայն միտված չէ հեռարձակման ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն, այլ նաև խիստ թերի է՝ կիրառված սկզբունքների և մոտեցումների, դրանց ձևակերպումների առումով։ Օրինագծում նախատեսվում է հանրային մուլտիպլեքսով վերգետնյա հեռարձակման համար լիցենզավորման անարդյունավետ մրցութային կարգ, չեն ապահովվում մասնավոր մուլտիպլեքսների ձևավորման իրատեսական մեխանիզմներ, չեն լուծվում մարզերում գործող, բայց թվայնացումից դուրս մնացած մոտ 10 տեղական հեռուստաընկերությունների խնդիրները, չի ստեղծվում հանրային հեռարձակողի բարեփոխումների հնարավորություն և այլն։

Թեև սույն հայտարարությունը ստորագրած որոշ լրագրողական կազմակերպություններ մի քանի տասնյակ առաջարկություններ են ներկայացրել փաստաթղթի հեղինակներին, և դրանց մեծ մասը ընդունվել է, այդուհանդերձ ակնհայտ է, որ նախագիծը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին և չի լուծում ոլորտի առանցքային խնդիրները։ Հիմնական պատճառն այն է, որ օրինագիծը կառուցված է խնդրահարույց հայեցակարգային հիմքերի վրա, և այդ առումով վերանայման կարիք ունի։

Մտահոգության պատճառ է նաև այն, որ փաստաթղթի հեղինակները չցանկացան անսալ մեր հորդորներին և ուղարկել նախագիծը միջազգային փորձաքննության՝ Եվրոպայի խորհուրդ և/կամ ԵԱՀԿ, ինչին պատրաստակամություն ենք հայտնել աջակցելու։ Մենք հասկանում ենք, որ օրինագծի ընդունման հետ կապված շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքի՝ այս տարի լրանում են հեռուստաընկերությունների լիցենզիաների ժամկետները, և հերթական մրցույթներ պետք է կազմակերպվեն։ Այդուհանդերձ, ելնելով որակյալ նոր օրենք ընդունելու անհրաժեշտությունից, դրանք կարող են հետաձգվել։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք կոչ ենք անում․

  • «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը հանել շրջանառությունից և ուղարկել միջազգային փորձաքննության,
  • լիցենզավորման հերթական մրցույթները հետաձգելու նպատակով համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքում,
  • հեռարձակման ոլորտի զարգացման հայեցակարգ և դաշտը կարգավորող նոր օրենք մշակելու նպատակով նախաձեռնել քննարկումներ և ձևավորել աշխատանքային խումբ՝ ԱԺ պատգամավորների, լրագրողական կազմակերպությունների, հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների, անկախ փորձագետների մասնակցությամբ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenia -- Police fine Armnews TV, because the TV anchor wasn't wearing a mask, Yerevan, 03Jul2020

Հայտարարություն ԶԼՄ-ներում ոստիկանության իրականացրած գործողությունների կապակցությամբ

2020թ․ հուլիսի 3-ին ոստիկաններն այցելել են «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ՝ նպատակ ունենալով վարչական վարույթ հարուցել հեռուստաեթերում դիմակ չկրելու համար։

Նույնիսկ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետ կապված արտակարգ դրության պահանջները՝ տեղի ունեցածը դիտարկում ենք որպես իրավապահ մարմնի կողմից լիազորությունների չարաշահում։ Հասարակության մեջ առկա քաղաքական և հոգեբանական լարվածության պայմաններում իշխանությունները պետք է առավել մեծ նրբանկատություն ցուցաբերեն և խուսափեն անհարկի խիստ քայլեր ձեռնարկելուց։ Համոզված ենք, որ եթերում դիմակ կրելու կամ չկրելու հարցը հնարավոր է լուծել այլ ճանապարհով՝ քննարկումների, պարզաբանումների և փոխհամաձայնությունների միջոցով։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ՀՀ կառավարությունից և պարետատնից պահանջում ենք.

— չօգտագործել ուժային կառույցները նրանց ոչ բնորոշ գործողություններում և բացառել նրանց միջամտությունը լրատվամիջոցների գործունեությանը,

— հաշվի առնելով լրատվական, հատկապես հեռուստատեսային գործունեության առանձնահատկությունները՝ վերանայել և հստակեցնել համաճարակի հետ կապված՝ ԶԼՄ-ներին վերաբերող աշխատանքային պայմանների սահմանափակումները։

Մենք նաև հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ Պարետատան որոշումների հնարավոր խախտումներից՝ գիտակցելով սեփական պատասխանատվությունը համաքաղաքացիների, այդ թվում՝ իրենց իսկ աշխատակիցների առողջության համար։

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenia -- Journalists pushed around while covering tycoon Gagik Tsarukian's departure from NSS, Yerevan, 16Jun2020

«Ուժայինները ոչ միայն չեն կարողացել պաշտպանել լրագրողներին, այլև խոչընդոտել են վերջիններիս աշխատանքը»

Երեկ՝ հունիսի 16-ին, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվելուց հետո դուրս է եկել տարածքում հավաքված իր աջակիցների մոտ, առաջացած հրմշտոցի, ինչպես նաև ոստիկանական գործողությունների հետևանքով տուժել են գործընթացը լուսաբանող լրագրողներից առնվազն 5-ը։ Մասնավորապես՝  վնասվածքներ են ստացել «News.am» լրատվական կայքի թղթակից Լիանա Սարգսյանը, «Tert.am»-ի լրագրող Անի Գևորգյանը, «Yerkir.am»-ի թղթակից Տաթևիկ Կոստանդյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանը, «MegaNews.am» կայքի խմբագիր Մարգարիտա Դավթյանը։

Տուժած լրագրողների վկայությամբ, ստեղծված խառնաշփոթի ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցները հայտնվել են ոստիկանական շուրջկալի մեջ, որից հետո նրանց վրա հարվածներ են տեղացել։ Անկախ նրանից, թե այդ գործողությունները նպատակաուղղված էին, թե պայմանավորված` անզգուշությամբ կամ անբավարար պրոֆեսիոնալ պատրաստվածությամբ, արձանագրում ենք, որ ուժայինները ոչ միայն չեն կարողացել պաշտպանել լրագրողներին, այլև խոչընդոտել են վերջիններիս աշխատանքը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, և պահանջում ենք ՀՀ ոստիկանությունից՝ ծառայողական օբյեկտիվ քննություն իրականացնել` տվյալ միջադեպը ուսումնասիրելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ այս իրադարձությունները տեղի են ունենում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության պայմաններում, կոչ ենք անում ԶԼՄ-ների ղեկավարներին՝ զերծ պահել իրենց աշխատակիցներին զանգվածային հավաքները լուսաբանելիս մարդկային կուտակումների կիզակետում գտնվելուց, իսկ դրա անհնարինության դեպքում տալ անվտանգությունը պահպանելու հստակ հրահանգներ։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
AI Data Processing

Հայտարարություն անձնական տվյալների մշակման համակարգի թափանցիկության ապահովման վերաբերյալ

Ս․թ․ հունիսի 3-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, արձագանքելով  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի և քաղաքացի Իզաբելլա Սարգսյանի թ․ 345-45 հարցմանը, պատասխանել է, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և արագ բացահայտման նպատակով գործարկված հատուկ ծրագրային ավտոմատացված համակարգը ստեղծվել է «հայ կամավոր ծրագրավորողների կողմից»։ Մանրամասնելով, թե՝ «ծրագրավորողները չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն, չեն համաձայնել, որ իրենց կողմից անվարձահատույց օժանդակության փաստը հանրայնացվի», Սիսեռյանը հրաժարվել է հավելյալ տեղեկություններ հրապարակել։

Եվրոպայի խորհրդի 108-րդ կոնվենցիայի հանձնաժողովի նախագահի և ԵԽ Տվյալների պաշտպանության հանձնակատարի մարտի 30-ի համատեղ հայտարարությունում նշվում է․ «Թափանցիկությունը և վերլուծական տվյալների և AI համակարգերի «բացատրելիությունը», նախազգուշական մոտեցումը և ռիսկերի կառավարման ռազմավարությունը (այդ թվում՝ անոնիմիզացված տվյալների վերաանձնականացման ռիսկը), տվյալների որակյալ և նվազագույն ծավալով օգտագործումը, ինչպես նաև մարդկային վերահսկողությունը այն առանցքային դրույթներից են, որոնք պետք է հաշվի առնել COVID-19 դեմ պայքարում նորարական լուծումներ ստեղծելու հարցում»։

Ապրիլի 2-ին մի խումբ հայաստանյան հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ հորդորելով ՀՀ կառավարությանը և Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին՝ թե որ կառույցներն են ներգրավված քաղաքացիների անձնական տվյալների մշակման գործընթացում՝ պետական, թե մասնավոր, ինչպե՞ս է ապահովվում տվյալների պատշաճ պաշտպանությունն ու անվտանգությունը, և հստակ տեղեկություններ հաղորդել համակարգի ներդրման արդյունքների մասին:

Հարգելով «հայ կամավոր ծրագրավորողների»՝ անանուն մնալու ցանկությունը՝ հարկ ենք համարում նշել, որ տվյալ դեպքում գործ ունենք հանրության շահերին առնչվող հարցի հետ, իսկ պատշաճ, ժամանակին և  լիարժեք տեղեկատվության բացակայությունը ստեղծում է ապատեղեկատվության և ենթադրությունների տարածման հնարավորություն։ Ուստի, իշխանություններին կոչ ենք անում․

—        հրապարակել  կամավորների անունները, նրանց հետ կնքված պայմանագրերով նախատեսված կողմերի պարտավորությունները և տեխնիկական առաջադրանքը՝ ներառյալ համակարգի աշխատանքի սկզբունքներն ու կառուցվածքը;

—        սահմանել  տվյալների մշակման՝ հավաքագրման, օգտագործման և կիրառումից հետո դրանց ոչնչացման նկատմամբ հանրային վերահսկողության գործուն մեխանիզմներ;

—        հանրությանը ամբողջական, հասանելի և հասկանալի տեղեկություն տրամադրել համակարգի գործարկման և տվյալների օգտագործման մանրամասների մասին և պարբերաբար տեղեկատվություն հրապարակել դրա կիրառման արդյունավետության մասին։

Իզաբելլա Սարգսյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Երևանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Լրագրողներ հանուն ապագայի

Սեդա Գրիգորյան, ռեժիսոր

Ռուբեն Մուրադյան, ՏՏ անվտանգության փորձագետ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Նինա Կարապետյանց, իրավապաշտպան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գևորգ Գիլանց, գրող, թարգմանիչ

Հայտարարությունը բաց է միանալու համար, ցանկացողները կարող են գրել [email protected] հասցեով։

Open post
big ata

Հայտարարություն համաճարակի կանխարգելման նպատակով քաղաքացիների անձնական տվյալների մշակման մասին

Մարտի 31-ին Ազգային ժողովն ընդունեց օրենսդրական փաթեթ, որը կոչված է Հայաստանում ֊արտակարգ դրության պայմաններում կառավարությանը տրամադրել համավարակի տարածումը կանխելու լրացուցիչ գործիքներ՝ սահմանափակելով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքները։

Գիտակցելով, որ բնական աղետների ու ճգնաժամային այլ իրավիճակների պայմաններում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել ի շահ հասարակության անվտանգության, ցանկանում ենք շեշտել, որ նման սահմանափակումները թույլատրելի են միայն այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար: Հետևաբար պետությունը պարտավոր է պահպանել համաչափության սկզբունքը, ինչպես նաև սահմանափակումները կիրառել առավելագույն թափանցիկությամբ։

Փաստում ենք, որ կառավարությունն արտակարգ դրության պայմաններում ևս հաշվետու է հասարակության առջև և չի ազատվում իր գործողությունների համար պատասխանատվությունից։ Ցավոք, վերոնշյալ օրենսդրական նախաձեռնության՝ ԱԺ-ում քննարկման ընթացքում մենք չստացանք հանրությանը մտահոգող մի շարք առանցքային հարցերի սպառիչ պատասխաններ:

Ելնելով վերոնշյալից՝ հորդորում ենք ՀՀ կառավարությանը և Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին՝ որ կառույցների կողմից են մշակվում քաղաքացիների անձնական տվյալները՝ լինեն դրանք պետական, թե նաև մասնավոր, ինչպես է ապահովվում տվյալների պատշաճ պաշտպանությունն ու անվտանգությունը, և հստակ տեղեկություններ հաղորդել համակարգի ներդրման արդյունքների մասին: Նպատակահարմար ենք գտնում նաև նախատեսել տվյալների հավաքման և մշակման ընթացքի նկատմամբ հանրային վերահսկողություն։

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

«ՖԵՄԻԴԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 2, 2020 թ.

Open post
Image by Photo Mix from Pixabay

Հայտարարություն ՀՀ֊ում արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների աշխատանքն ապահովելու մասին

 Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գոհունակությամբ ենք ընդունել այն,  որ ՀՀ կառավարությունը մարտի 25-ին վերանայեց մարտի 16-ի իր որոշումը և վերացրեց նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրների լուսաբանման անհամաչափ սահմանափակումները։ Այդուհանդերձ, արձանագրում ենք, որ վերանայված դրույթներում հստակ նշված չէ այն լիազոր մարմինը, որն իրավասու է Պարետատան անունից լրատվամիջոցներին պաշտոնական տեղեկություն կամ մեկնաբանություն տրամադրել: Դա արտակարգ դրության մասին որոշման համապատասխան կարգավորումների արդյունավետ կիրառման խնդիրներ է առաջացնում:

Ելնելով ստեղծված իրավիճակում հանրության իրազեկված լինելու, ճշգրիտ, վստահելի և բազմակողմանի տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունից՝ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը անհապաղ սահմանել հայցվող տեղեկությունները ողջամիտ ժամկետներում լրատվամիջոցներին տրամադրելու հստակ ընթացակարգ և նշանակել դրա համար պատասխանատու մարմին:

Ինչպես և նախորդ հայտարարությունում, վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը` աջակցելու հանրության իրազեկումը պատշաճ կազմակերպելուն միտված ցանկացած հարցում:

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenian Media Microphones

Հայտարարություն ՀՀ֊ում արտակարգ դրություն հայտարարելու մասին

Մենք` ներքոստորագրյալներս, տարբեր ձևաչափերով արտահայտել ենք մեր բացասական կարծիքը ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման այն դրույթների վերաբերյալ, որոնք կարգավորում են տեղեկատվության տարածումը:

Նշված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո արձանագրում ենք, որ դրանց կիրառումն անարդյունավետ է, անհամաչափ, հակասում է ողջամտության սկզբունքներին և չի նպաստում համաճարակի պայմաններում հանրային շահերի իրացմանը:

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը եւ Պարետատանը`

  • անհապաղ ուժը կորցրած ճանաչել ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին 2020 թ. մարտի 16-ի Կառավարության N 298–Ն որոշման 23, 24, 25 եւ 26 կետերը,
  • մշակել տեղեկատվության տարածման ռեժիմը սահմանող նոր կարգավորում, որն այս բարդ իրավիճակում կհստակեցնի հնարավոր սահմանափակումները, կնպաստի լրատվամիջոցների կողմից մասնագիտական պատասխանատվության նորմերին հավատարմությանը և կապահովի պաշտոնական կառույցների և լրատվամիջոցների միջև արդյունավետ և հանրօգուտ գործընկերությունը:

Մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել նման փաստաթղթի մշակման աշխատանքներին: 

Երևանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռոնթությունների  կենտրոն

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

Գորիսի մամուլի ակումբ

«Իրավունքի գերակայություն» ՀԿ

Open post

Հայտարարություն Քրեական օրենսգրքի նոր նախագծի վերաբերյալ

Արդարադատության նախարարությունը պաշտոնական e-draft.am կայքում տեղադրել է Քրեական օրենսգրքի նոր նախագիծ, որի մի շարք դրույթներ լուրջ մտահոգություն են առաջացրել լրագրողական շրջանակներում։ Մասնավորապես՝ սուտ մատնությանը վերաբերող 443-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ԶԼՄ-ներում հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկատվություն հրապարակելու համար՝ ընդհուպ մինչև ազատազրկում։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում նախարարության պարզաբանումն առ այն, որ սույնով նպատակ չի հետապնդվել թիրախավորել լրատվամիջոցներին ու լրագրողներին։ Այդուհանդերձ, հայտարարում ենք, որ սուտ մատնությունը որպես հանցանք ԶԼՄ-ների դաշտ տեղափոխելը նախկինում չկիրառված (գործող Քրեական օրենսգրքում այն բացակայում է) և այժմ որևէ անհրաժեշտությամբ չպայմանավորված նորամուծություն է, որը կարող է լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունն ու խոչընդոտել լրագրողական գործունեությունը։ Ավելին, դա նաև կկաշկանդի լրագրողական աղբյուրներին՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ խորհրդապահական եղանակով արժեքավոր տեղեկություններ տրամադրելու հարցում։ Ի վերջո, եթե նույնիսկ լրատվամիջոցում հրապարակվում են հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություններ, ապա այդ խնդիրը լիովին կարող է լուծվել քաղաքացիաիրավական կարգավորմամբ՝ զրպարտության համար պատասխանատվությամբ, այլ ոչ թե գործը հասցնելով քրեական հետապնդման ՝ ներառյալ ազատազրկման։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք նախագծի հեղինակներից չտեղափոխել սուտ մատնության խնդիրը ԶԼՄ-ների դաշտ և 443-րդ հոդվածից հանել «․․․կամ զանգվածային լրատվության միջոցներում նույնաբովանդակ տեղեկատվության հրապարակումը» հատվածը։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Posts navigation

1 2 3 5 6 7 8 9 10 11 12
Scroll to top