Open post

Կարողությունների զարգացման դասընթաց լրագրողների համար

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն կազմակերպում է կարողությունների զարգացման 2-օրյա դասընթաց լրագրողների համար՝ ՄԱԿ-ի՝ Կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգի վերաբերյալ: Մասնակիցները մասնավորապես կուսումնասիրեն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի  1325 և 1820 բանաձևերը, որոնք ընդգծում և կարևորում են կանանց դերը հակամարտության կանխարգելման և հաղթահարման գործընթացներում, խաղաղ բանակցություններում և մարդասիրական աջակցության հարցում։ Այս բանաձևերը խրախուսում են նաև հետպատերազմական իրավիճակում խաղաղության և անվտանգության պահպանման աշխատանքներում կանանց հավասար ներգրավվածությունը։

Մասնակիցները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ վերը նշված բանաձևերի և դրանց կիրառման հարցում պետական պարտավորությունների, ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության կողմից այդ պարտավորությունների իրականացման ջատագովության վերաբերյալ:

Երկօրյա դասընթացը տեղի կունենա 2017 թվականի հուլիսի 22-23-ը Երևան քաղաքից դուրս: Անցկացման վայրի մասին կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները:

Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ  դիմում-հայտը։ Դիմելու վերջնաժամկետն է հուլիսի 15-ը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095-17-99-96 հեռախոսահամարով՝ Մարիամին կամ կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] :

Ծրագրի մասին մանրամասներ կարող եք իմանալ ՀԿ-ի կայքէջից ։

Open post

Բաց մրցույթ. «Պոպուլիզմն ու պրոպագանդան Հայաստանում՝ ի ցույց»

«։Բուն» գիտամշակութային հիմնադրամն իր նոր՝ «Բացահայտելով պոպուլիզմը. հզորացնելով քաղաքացիական հասարակությունը» բազմաբաղադրիչ ծրագրի շրջանակում հայտարարում է բաց մրցույթ։

Մրցույթի պահանջն է՝ «Պոպուլիզմն ու պրոպագանդան Հայաստանում՝ ի ցույց» խորագրով ընթանալիք քննարկումների շարքի համար զեկույցի պատրաստումը։
«Պոպուլիզմն ու պրոպագանդան Հայաստանում՝ ի ցույց» շարքի նպատակն է հասարակական կազմակեպությունների, լրատվամիջոցների, ակտիվիստների և հասարակության այլ ակտիվ խմբերի ներգրավմամբ քննարկումներ ծավալել Հայաստանում պոպուլիզմին ու պրոպագանդային առնչվող թեմաների շուրջ՝ անդրադառնալով դրանց տարաբնույթ դրսևորումներին։
Քննարկումների շարքը տեսագրվելու և տեղադրվելու է http://boon.am/կայքում:

Զեկույցների համար նախատեսված է հոնորար՝ 96.000 դրամ (հարկերը ներառյալ):

Ծրագրի մասին

«Պոպուլիզմն ու պրոպագանդան Հայաստանում՝ ի ցույց» քննարկումների շարքը «Բացահայտելով պոպուլիզմը. հզորացնելով քաղաքացիական հասարակությունը» ծրագրի մի մասն է:
Ծրագրի նպատակն է՝ հանրային կյանքում պոպուլիզմի և պրոպագանդայի նվազեցումը` հասարկության ակտիվ շերտերի տեղեկացվածության բարձրացման, պոպուլիզմի և պրոպագանդայի հանդեպ քննադատական հայացքի ձևավորման, ինչպես նաև, դրա դեմ պայքարի գործիքների ստեղծման միջոցով:

«Բացահայտելով պոպուլիզմը. հզորացնելով քաղաքացիական հասարակությունը» ծրագիրն իրականացվում է «։Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից` Black Sea Trust ծրագրի ֆինանսական աջակցությամբ։

Ովքե՞ր կարող են դիմել

«Պոպուլիզմն և պրոպագանդան Հայաստանում՝ ի ցույց» քննարկումներին զեկույց ներկայացնելու համար կարող են դիմել հետազոտողներ, քաղաքական և հանրային տարբեր ոլորտների մասնագետներ ու փորձագետներ, որոնք հետաքրքրված են ներկայացնել իրենց հետազոտական դիտարկումները՝ հայաստանյան քաղաքական և հանրային կյանքում առկա պոպուլիզմի դրսևորումների վերաբերյալ:

Առաջարկվող թեմաներ

Ներկայացվելիք զեկույցների համար առաջարկում ենք հետևյալ թեմաները՝ որևէ կերպ չսահմանափակելով մասնակիցների կողմից այլ թեմաների ընտրությունը.

  • Ռուսաստանի՝ որպես Հայաստանի հավերժական ու անփոխարինելի բարեկամի ներկայացում
  • Թուրքիայի՝ որպես Հայաստանի հավերժական ու անփոխարինելի թշնամու ներկայացում
  • Ղարաբաղյան հակամարտության շուրջ մանիպուլյացիա, այդ հանգամանքով պայմանավորված՝ ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության կարևոր հիմնահարցերի երկրորդայնացում
  • Խաղաղության հաստատում և պատերազմի արհավիրքի վերացում
  • Մշտապես ու բոլոր հարցերում միասնականության գերկարևորումը
  • Աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման, չքավորության վերացման, ծերերի, հաշմանդամների և այլ խոցելի խմբերի սոցիալական աջակցության շուրջ մանիպուլյացիա
  • Պետական երամուտների կտրուկ ավելացման շուրջ (ՀՆԱ-ի, բյուջեի մուտքերի կտրուկ աճ) մանիպուլյացիա
  • Արտագաղթի կանխման շուրջ մանիպուլյացիա

Ինչպե՞ս դիմել

Դիմումները կարող եք ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով մինչև 2017թ. օգոստոսի 20-ը: Դիմումի փաթեթում պետք է ներկայացնել զեկուցման վերնագիր, համառոտագիր, որը կպարունակի նաև ուսումնասիրության/վերլուծության մեթոդաբանությունը (մինչև 500 բառ) և ինքնակենսագրական (CV):

Կարևոր ամսաթվեր

 

  • Դիմումների ներկայացման վերջնաժամկետ` 20 օգոստոսի 2017
  • Դիմումների ընտրության արդյունքները` 15 սեպտեմբեր 2017
  • «Պոպուլիզմն ու պրոպագանդան Հայաստանում՝ ի ցույց» քննարումների մեկնարկ՝ 20 սեպտեմբեր 2017:
Open post

Կրթաթոշակի հնարավորություն Ամերիկայում

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հաղորդակցության մասնագետները կարող են իրենց հայտերն ուղարկել ամերիկյան ֆինանսավորմամբ «Թվային հաղորդակցության ցանցին»:

Անցած տարվա ընթացքում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 18 երկրների մոտ 50 մասնագետներ մասնակցել են այս ծրագրին, ուսումնասիրել թվային տեղեկատվական տեխնոլոգիաների՝ էլեկտրոնային կառավարման, մասնավոր հատվածի, ՀԿ-ների, հասարակական շարժումների և ԶԼՄ-ների վրա ազդեցության ուղիները:

Ծրագրի շրջանավարտները միավորվել են թվային հաղորդակցության միջազգային ցանցում, որպեսզի ստեղծեն գաղափարներ, գործիքներ և ապրանքներ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և այլ կազմակերպությունների համար:

Մրցակցության արդյունքում 2017թ-ին ընտրվելու են 16 մասնակիցներ, որոնք այս մասնագիտական ծրագրի շրջանակներում հոկտեմբերին 18 օր են անցկացնելու Միացյալ Նահանգներում: Ընտրությունը կատարվելու է մասնագիտական որակների հիման վրա, ինչպես նաև ծրագրում իրենց ներդրումն ունենալու պատրաստակամության:

Ծրագրին կարող են մասնակցել ինչպես լրագրողական, այնպես էլ ձեռնարկատիրական փորձառությամբ հաղորդակցութան մասնագետները: Նրանք պետք է աշխատեն մեդիա և հաղորդակցության կազմակերպություններում, ՀԿ-ներում, սոցիալական շարժումներում կամ էլեկտրոնային կառավարման այլ ոլորտներում: Առաջնայնությունը տրվելու է այն մասնակիցներին, որոնք հետաքրքրված են զարգացնել իրենց արտադրանքն՝ օգտագործելով թվային հաղորդակցության նորագույն գործիքները:

Ծրագրի կայունությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մասնակիցները կստեղծեն և կիրականացնեն անհատական ծրագրեր իրենց երկրներում:

Մասնակցության բոլոր ծախսերը հոգալու է կազմակերպությունը (ճանապարհորդություն, հյուրանոց, տրանսպորտ, մշակութային ակտիվություն, սնունդ):

Անհրաժեշտ պայմաններն են.

  • Անգլերենի իմացություն
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Լայն և բազմազան լսարանին տեղեկատվության տարածման ունակություն

Դիմումները պետք է լրացնել անգլերենով, վերջնաժամկետը սույն թվականի հուլիսի 29-ն է:

Ծրագրի մասին այլ մանրամասներին և օնլայն հայտին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Open post

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Մալաթիայի բաժնում որոշում է կայացվել մերժել Երեւանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, 7/46 ընտրատեղամասում «Aravot.am»-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին սպառնալիքներ եւ վիրավորանք հնչեցնելու դեպքով քրեական գործ հարուցելը։

Հիշեցնենք, որ վերոհիշյալ ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանն ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչո՞ւ են ընտրողները քվեաթերթիկներն իրեն ցույց տալիս՝ մինչ քվեատուփի մեջ գցելը, գոռալով նրա վրա ասել է. «Տղա ըլնեիր, կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր, թուլին նայի…»։ Այս ամենը տեսագրվել ու հրապարակվել է ե՛ւ «Aravot.am»-ում, ե՛ւ այլ ԶԼՄ-ներում։

Միջադեպի վերաբերյալ ոստիկանների աչառու մոտեցման մասին վկայում է առնվազն այն, որ եզրակացության հիմք է ծառայել նաեւ Գեւորգյանի բացատրությունը, թե «ինքը ոչ ոքի չի սպառնացել, միայն բարձր տոնով վիճել է եւ նշված հայտարարությունը արել է՝ հարգելով, որ իր դիմաց կին է կանգնած»: Բացի այդ, տարակուսանք է հարուցում, որ ոստիկանները, անտեսելով ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածը («Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»), վկայակոչել են միայն 154-ը, որը պատասխանատվություն է նախատեսում քվեարկության գործընթացի խախտումների համար։ Վերջինը ավելի քիչ է առնչվում տվյալ միջադեպին եւ, ամենայն հավանականությամբ, հարմար է խնդիրը կոծկելու համար։

Լուրջ մտահոգություն է առաջացնում եւս մեկ փաստ. թեեւ որոշումն ընդունվել էր դեռ մայիսի 20-ին, սակայն այն չէր տրամադրվում լրագրողին, եւ միայն նրա համառության ու հետեւողականության շնորհիվ, ՀՀ գլխավոր դատախազին դիմելուց հետո՝ հունիսի 30-ին փաստաթուղթը հասավ Հռիփսիմե Ջեբեջյանին։

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք.

ՀՀ ոստիկանապետից՝ պատասխանատվության ենթարկել ս. թ. մայիսի 14-ին 7/46 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի քննությունն իրականացրած պաշտոնատար անձանց՝ ակնհայտ փաստերը անտեսելու, կողմնակալություն ցուցաբերելու եւ անհիմն որոշում կայացնելու համար,
ՀՀ դատախազությունից՝ քրեական գործ հարուցել տվյալ միջադեպի առնչությամբ, պատշաճ վերահսկողություն իրականացնել դրա նկատմամբ՝ ապահովելով անաչառ քննություն։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenia -- Photojournalist Karo Sahakian dragged by police, Yerevan, 23Jun2015

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երեւան» քաղաքացիական շարժումը ուժի կիրառմամբ ճնշելու երկրորդ տարին։

Երեւանի Բաղրամյան պողոտայում 2015 թվականի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանները աննախադեպ դաժանություն ցուցաբերեցին նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ։ Ֆիզիկական բռնության ենթարկվեցին տարբեր լրատվամիջոցների 13 լրագրողներ ու օպերատորներ, եւս 11-ի մասնագիտական աշխատանքն ապօրինաբար խոչընդոտվեց ֆոտո եւ տեսախցիկները միտումնավոր ջարդելու կամ վնասելու, դրանց հիշողության սարքերն առգրավելու, նկարահանված կադրերը ոչնչացնելու եւ այլ միջոցներով։

Համաձայն Հատուկ քննչական ծառայության տեղեկատվության՝ այդ դեպքերով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել ԶԼՄ-ների 22 ներկայացուցիչներ։ Սակայն առայսօր մեղադրանք է առաջադրվել եւ դատական վճիռ է կայացվել ընդամենը 4 ոստիկանի նկատմամբ։ Եվ դա այն դեպքում, երբ համացանցը ողողված է տեսանյութերով, որտեղ բացահայտ երեւում են վայրագություններ իրականացնող մի քանի տասնյակ իրավապահներ։

Հատկանշական է, որ վերոհիշյալ չորս անձանց մեղադրանք առաջադրվեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ մեկ այլ՝ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը մայրաքաղաքի Խորենացի փողոցում ու Սարի թաղում կիրառված լայնածավալ բռնություններից հետո, երբ ՀՀ նախագահը հրապարակավ ներողություն խնդրեց լրագրողներից։ Մինչդեռ, եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր։

Մենք՝ ներքոստորագրյալներս, եւս մեկ անգամ արտահայտելով մեր վրդովմունքը 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում, ինչպես նաև 2016-ի հուլիսի 17-ից 30-ը Խորենացի փողոցում ու Սարի թաղում իրավապահ մարմինների գործողությունների առնչությամբ եւ արձանագրելով, որ այդ իրադարձությունների քննության համար ձեռնարկած միջոցներն ու դրանց արդյունքները չեն համապատասխանում բռնությունների ծավալներին, վերահաստատում ենք իշխանություններին ուղղված մեր պահանջները՝ անաչառ վերաբերմունք ցուցաբերել հարուցված քրեական գործերի նկատմամբ, ապահովել դրանց արդյունավետությունը եւ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ զբաղեցրած պաշտոններից։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post

«Թվապատում 2017. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում» լրագրողական 3-րդ մրցույթը՝ շարունակելով խթանել Հայաստանում իրականացվող փոփոխությունների լուսաբանումը: Նպատակն է խրախուսել որակյալ լրագրողական պատմությունների ստեղծումն ու տարածումը, հասարակության իրազեկման բարձրացումը երեք ոլորտային ռեֆորմների (թափանցիկություն և հաշվետվողականություն, տեղական ինքնակառավարում, սոցիալական ոլորտ), ինչպես նաև՝ մարդու իրավունքների մասին:

«Թվապատում 2017. պատմություններ փոփոխությունների մասին» մրցույթին ներկայացված հայտերը պետք է համապատասխանեն հետևյալ թեմաներից որևէ մեկին`

  • հանրային սեկտորի թափանցիկության ու հաշվետվողականության խնդիրներ ու ձեռքբերումներ
  • տեղական ինքնակառավարմանը, համայնքների խոշորացմանն առնչվող խնդիրներ
  • սոցիալական ոլորտում առկա խնդիրներ, բացթողումներ և բարեփոխումների
  • մարդու իրավունքներին առնչվող հարցեր

«Թվապատում 2017» մրցույթի անվանակարգերն են՝

Homo Agendi (Գործող անձ)

Նյութի առանցքում հերոսն է՝ իր անձնական նվաճումներով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, միջավայրը, իրավիճակը բարելավելուն և մարդկանց օգնելուն ուղղված քայլերով։

Այս անվանակարգում կպարգևատրվեն թե՛ հաղթող նյութի հեղինակը, թե՛ հերոսը՝ յուրաքանչյուրը 300 000-ական դրամով:

Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում

Նյութերը պետք է պատմեն վերոնշյալ ոլորտներում իրականացվող փոփոխությունների էության, ընթացքի, խնդիրների և խոչընդոտների, հաջողությունների ու անհաջողությունների, այս գործընթացում ներգրավված կառավարության, հանրության, տարբեր կառույցների դերի, նրանց միջև համագործակցության հաջողված փորձերի, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների թեմաներին առնչվող խնդիրների ու հարցերի մասին:

Այս անվանակարգում հաղթող նյութի հեղինակը կստանա 250 000 դրամ:

Դիտակ. հետաքննական լրագրություն

Նյութերը պետք է լինեն լրագրողական հետաքննության ժանրում կամ պարունակեն լրագրողական հետաքննության տարրեր: Աշխատանքները գնահատելիս հաշվի կառնվեն քողարկված կամ անորոշ տեղեկատվության բացահայտումը, փաստերի ստուգումն ու ճշգրտումը, տվյալների լրագրության գործիքների օգտագործումը:

Այս անվանակարգում հաղթողի համար նախատեսված է 250 000 դրամ:

Մեդիա 3.0․ տեխնոլոգիաների լավագույն կիրառում

Նյութերում պետք է օգտագործված լինեն վիզուալացման տարբեր գործիքներ ու տեխնոլոգիաներ, ինչպիսիք են ինֆոգրաֆիկան, քարտեզն ու գծապատկերը, խաղային տարրերը, քրաուդսորսինգը, ինտերակտիվությունը, լոնգրիդի կամ այլ մուլտիմեդիա ձևաչափեր, և այլն:

Այս անվանակարգի հաղթողը կստանա 200 000 դրամ:

Ես քվեարկում եմ

Թվապատում 2017 մրցույթի այս անվանակարգի հաղթողին կորոշեն հենց մրցույթին մասնակցած լրագրողները: Մրցանակաբաշխությունից առաջ ավանդական քննարկումների ժամանակ ժյուրիի կողմից ընտրված նյութերը կդրվեն փակ քվեարկության:

Ամենաշատ քվե ստացած նյութի հեղինակը կստանա 100 000 դրամ:

Կազմակերպիչներն ակնկալում են, որ մրցույթին ներկայացված աշխատանքները վերոնշյալ թեմաներին համապատասխանելուց բացի աչքի կընկնեն համակողմանի լուսաբանմամբ, քննադատական և ստեղծագործական մոտեցումներով, կլինեն տեղեկատվական, բացատրական, բացահայտող, նորարարական։ Կգնահատվի նաև նյութի տեխնիկական որակը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, հետաքրքիր լուծումներն ու մոտեցումները։

Մրցույթին ներկայացվող նյութերը պետք է հրապարակված լինեն 2016 թ․ օգոստոսի 1-ից մինչև 2017 թ․ հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից (հեռուստաընկերություն, ռադիո, տպագիր, օնլայն) և ժանրից (լրատվական նյութ, հատուկ ռեպորտաժ, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, հեղինակային սյունակ, վավերագրական ֆիլմ, ֆոտոռեպորտաժ, ժամանակակից մուլտիմեդիա ժանրեր և այլն): Հայաստանյան ենք համարում Հայաստանում գրանցված և Հայաստանի բնակչությանն ուղղված լրատվամիջոցները: Լրագրողական պատմությունները կարող են լինել ինչպես հայերենով, այնպես էլ օտար լեզուներով:

Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ՝ միևնույն կամ տարբեր անվանակարգերում:

Լրագրողն իր պատմությունը ներկայացնում է առավել համապատասխան անվանակարգում՝ լրացնելով առցանց հայտը մինչև 2017 թ. հուլիսի 23-ը ներառյալ: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերին:

Մրցույթի մասին մանրամասներ կարող եք գտնել մրցույթի կայքում: Հարցերի դեպքում կարող եք դիմել

Արեն Մանուկյանին, էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010 583620 (ներքին՝ 112)
Սոնա Քոչարյանին, էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010 583620 (ներքին՝ 126)

«Թվապատում» մրցույթը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուսի հետ համատեղ:

Posts navigation

1 2 3 9 10 11 12
Scroll to top